Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մայրաքաղաքի  ղեկին.  որտե՞ղ են կանայք

Ինչպես հայտնի է,  Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում քաղաքապետի առաջին տեղակալ և երեք տեղակալներ ընտրեց: Նրանց թվում կանայք չկան, և դրա  կապակցությամբ իրենց մտահոգությունը հայտնեցին «Իմ Քայլը» խմբակցության երկու անդամներ՝ Արմեն Գալջյանն ու Իզաբելլա Աբգարյանը:

 

 Մասնավորապես,  Արմեն Գալջյանը դեմ  քվեարկեց  Հայկ Մարությանի ներկայացրած երկու թեկնածուներին, նշելով.   «Քաղաքապետի տեղակալների չորս թեկնածուները արական սեռի էին: Ինձ համար սկզբունքային է, որ չխախտվի գենդերային հավասարության սկզբունքը: Ես լսեմ եմ դրա հակափաստարկը խմբակցությունում այդ հարցը բարձրացվել է․ քաղաքապետի պատասխանը համոզիչ էր, բայց ոչ բավարար կողմ քվեարկելու համար»: 

 

«Իմ քայլը» խմբակցության անդամ  Իզաբելա Աբգարյանը քաղաքապետի չորս տեղակալների ընտրության ժամանակ ձեռնպահ քվեարկեց։  «Իմ կողմից սա որպես բողոքի ակցիա է, համախոհության նշան այն կանանց, որոնք ստիպված են լինում ձեռնպահ մնալ պետական կառույցներում կառավարման օղակներում ներկայացված լինելուց ու հավերժ մնում են բաժնի պետի, մաքսիմում հասնում են վարչության պետի մակարդակի։ Կարծես ինչ-որ անտեսանելի ձեռքով մեկը գծել է, որ կինը դրանից առավել չի կարող բարձրանալ»,-ավագանու արտահերթ նիստում հայտարարեց նա՝ հիշեցնելով  քաղաքապետ Հայկ Մարությանին, որ  նրա առաջին պաշտոնական  այցը եղել է Փարիզ, որը  կին է ղեկավարում։

 

«Վստահեցնում եմ ձեզ, եթե Անն Իդալգոյին հնարավորություն չտային ու չցանկանային նրա մեջ տեսնել կառավարչի հմտություններ, նա այսօր չէր լինի Փարիզի քաղաքապետ։ Կարծում եմ՝ մենք լուրջ խնդիր ունենք ՏԻՄ-երում կանանց լուրջ հնարավորություններ տալու հետ կապված, հասկանում եմ՝ որ սա մեր լիազորություններից դուրս է, բայց կարելի է ԱԺ օրինագիծ մտցնել՝ առաջարկելով ՏԻՄ համակարգում  կիրառել քվոտավորում»,-ասաց ավագանու անդամը։

 

Քաղաքապետ Մարությանն արձագանքեց՝ Անն Իդալգոն ուներ 6 տեղակալ, որոնցից հինգը տղամարդիկ էին։ Նա այդպիսով պատասխանեց նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն  քննադատությանը, որ քաղաքապետի տեղակալները չորսն են, այն դեպքում, երբ երկրի վարչապետն ունի երեք տեղակալ։ Խաժակյանն առաջարկում էր փոխքաղաքապետերի թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի։

 

«Տղամարդկանց ակումբ»-ն ինչպես որ կա   

 

Իրականում Երևան քաղաքի  ղեկավար կազմը կարելի է որակել  որպես  «տղամարդկանց ակումբ»:  Բացի նրանից , որ Երևանի քաղաքապետն ու նրա չորս տեղակալները տղամարդիկ են,  մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն էլ տղամարդիկ են ղեկավարում:  Այսպես, մինչ այս պահը  Երևանի 12 վարչական շրջաններից ղեկավարների փոփոխություն է տեղի ունեցել 8-ում։ Նորանշանակ բոլոր ղեկավարները տղամարդիկ են։  Դեռևս շարունակում են  պաշտոնավարել Աջափնյակ, Ավան, Շենգավիթ, Նորք-Մարաշ վարչական շրջանների տղամարդ ղեկավարները, ովքեր  նշանակվել էին Տարոն Մարգարյանի ղեկավարման օրոք: 

 

Պատկերն ամբողջացնելու համար ավելացնենք, որ  քաղաքապետն ունի  7 խորհրդական, մեկ գլխավոր խորհրդական և գլխավոր խորհրդական-դիզայներ:  Բոլորը տղամարդ են: Քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնն ավանդույթի համաձայն նույնպես տղամարդկային  է:  Կանայք ի հայտ են գալիս միայն վարչությունների պետերի պաշտոններում, ընդ որում քաղաքապետարանի 22 վարչությունից միայն երեքն են կանայք ղեկավարում: 

 

Հասկանալի է, որ նման պատկերը  նոր չի ձևավորվել, սակայն իշխանության եկած նոր քաղաքական թիմը՝ հաշվի առնելով  իր ընտրողների ավելի բարձր ակնկալիքները նաև կանանց  մասնակցության առումով,  իրավունք չունի շարժվելու հին իներցիայով ու  անտեսելու կանանց ներուժը քաղաքի կառավարման համակարգում:  

 

«Կանանց ղեկավարի պաշտոններում տեսնելու համար  կամք է պետք»

 

Ավագանու անդամ  Իզաբելա Աբգարյանը, ով հայտնի է որպես բլոգեր, ղեկավար պաշտոններում կանանց բացակայության մասին իր մտահոգության մասին գրառում է  արել նաև  ֆեյսբուքում: «Ես ինքնանպատակ չեմ համարում կանանց նշանակումը։ Տվյալ դեպքում արժանի կին թեկնածուներ կային թե մեր թիմում, թե քաղաքապետարանի շենքից դուրս։ Նրանց տեսնելու կամք է պետք», – գրել է նա  ֆեյսբուքյան իր էջում։

 

 Գրառման ներքո բուռն քննարկում է ծավալվել,  օգտատերերը համակարծիք են մտահոգություն հայտնած գործչի հետ։

 

«Ասել եմ ու էլի եմ ասում՝ Հայաստան երկրի բարգավաճման և դիվանագիտության բարձր մակարդակներին հասու լինելու համար Հայ կնոջ անմիջական իշխանությունն է պետք»,-կարծիք է հայտնել Գիա Շախյան անունով օգտատերը։

 

«Ավագանու որոշ անդամներին ուղղակի պարտադիր էր առնվազն վարչական շրջանների ղեկավարների պաշտոններում տեսնելը։Սկզբում կարծես ամեն ինչ շատ ժողովրդավար էր դիտարկվում, կարելի էր էդպես էլ շարունակել»,-նկատել է Դիաննա Մնացականյան անունով օգտատերը։
 

«Երկիրը չի փոխվի, քանի դեռ կանայք բավարար ներգրավված չեն կառավարման գործընթացներում»,-գրել է Անահիտ Ասատրյանը։ 

 

Հիշեցնենք, որ կանանց ներկայացվածությունը Երևանի ավագանու կազմում 27.6 % է կազմում, և դա ապահոված է Ընտրական օրենսգրքում ամրագրված 25% -անոց  քվոտայի և մի փոքր  քաղաքական ուժերի կողմից դրսևորված բարի կամքի  շնորհիվ:  Ավագանիում ընդգրկված երեք խմբակցություններից որևէ մեկի ղեկավարը կին չէ։ Ավելի վաղ ընտրվել էին Երևանի ավագանու մշտական չորս հանձնաժողովների նախագահները, որոնցից երկուսը կանայք են։ Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու իրավական հարցերի հանձնաժողովը կանայք են ղեկավարում՝ Սաթենիկ Մկրտչյանն ու Արուսյակ Ջուլհակյանը։ Չորս հանձնաժողովների նախագահներից ընդամենը մեկի տեղակալն է կին։ 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1057

Վերադառնալ վերև