Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սահմանափակումները մեղմվեցին, ո՞վ է վերահսկում անվտանգության կանոնների պահպանումը

 

Մայիսի 5-ի  դրությամբ Հայաստանում կա կորոնովիրուսով 2619 վարակակիր։ Նրանցից 687-ի մոտ հիվանդությունը հաստատվել է ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած հատվածում։ Չնայած սրան, պարետատունը գնաց սահմանափակումների մեղմացման՝  մայիսի 4-ից սահմանելով տնտեսվարողների համար համավարակի  իրավիճակում գործունեություն ծավալելու կանոնները։

 

 

Սահմանափակումների մեղմացումների հենց առաջին օրը հրապարակված լուսանկարները ցույց տվեցին, որ ոչ բոլոր տեղերում են պահպանվում պարետատան  սահմանված կանոնները, իսկ վերահսկողություն իրականացնողները հասարակությանն անհայտ են։ Պատշաճ հանրային իրազեկում չի իրականացվել քաղաքացիների համար, մինչդեռ նրանցից սոցիալական պատասխանատվություն է ակնկալվում։

 

 

Մեկ միլիոնից ավելի բնակչություն ունեցող Երևանում առավել մեծ թվով սրճարաններ, գեղեցկության սրահներ ու այլ  օբյեկտներ կան։ Քաղաքապետի էջում քաղաքացիներին ուղղված զգոնության կամ այլ կոչ, հորդոր չգտանք։  WomenNet.am -ը զրուցել է Երևանի ավագանու կին անդամների հետ՝ փորձելով հասկանալ ինչպես  է  վերահսկվում անվտանգության կանոնների պահպանումը: Կարծիքները տարբեր էին սկսած քաղաքացիների ու տնտեսվարողների սոցիալական  պատասխանատվությունից  վերջացած քաղաքային ոստիկանության անհրաժեշտությամբ…

 

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն այս օրերին մեկուսացված է Երևանի տարածքից դուրս։ WomenNet.am-ի հետ զրույցում նա ասաց, գրավոր տեղյակ է պահել քաղաքային իշխանությանը ավագանու նիստերից բացակայելու մասին, ինքը 60 տարեկանից բարձր է ու խրոնիկ հիվանդություններ ունի։ Կարծում է, որ առանց քաղաքացիների զգոնության  վերահսկողություն կատարելը դժվար կլինի:

 

 

«Այս երկու ամսվա ընթացքում առողջապահության նախարարությունը, պարետատունը քաղաքացիներին անընդհատ բացատրեցին, իրազեկեցին, թե ինչպես պետք է պաշտպանվել վիրուսից։ Հիմա մնում է միայն լավ վերահսկել, որ սրճարաններում մարդկանց միջև սոցիալական հեռավորությունը պահպանվի, պատշաճ ախտահանումը իրականացվի։ Քաղաքացիներն էլ պետք է ահազանգեն, թե որտեղ ինչ է կատարվում, որ վերահսկողությունն ավելի արդյունավետ իրականացվի»,-ասում է ավագանու ԲՀԿ-ական անդամն ու հավելում, իրազեկման առումով թերացում է եղել։ Նրա խոսքով,  պետք էր ամենուր կոնտակտային համարներ փակցնել, որպեսզի քաղաքացիներն արտահայտված խախտումների մասին համապատասխան  մարմնին տեղյակ պահեն։

 

 

«Դա բխում է մեր բոլորի շահերից, և պետք չէ դիտարկել դա որպես «ստուկաչություն»։ Բացի այդ, իրազեկման, քարոզչական, վերահսկման աշխատանքներում պետք է ներգրավված լինի նաև քաղաքային իշխանությունը։ Եթե չլինի պատշաճ, պատասխանատու աշխատանք, մենք կունենանք մի իրավիճակ, երբ հիվանդներին բուօգնություն տրամադրել հնարավոր չի լինի։ Քաղաքացուց ըմբռնում պետք է ակնկալենք, սակայն այստեղ համատեղ աշխատանք է պետք, որին ակտիվ մասնակցություն պետք է ունենա նաև Երևանի քաղաքապետարանը, -նշում է Սարգսյանը։

 

 

Ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը կարծում է, որ վիրուսի հետ մենք դեռ երկար ենք ապրելու, քայլելու, պետք է սովորենք զգույշ ապրել։ Ստեղծված իրավիճակում, նրա կարծիքով,  քաղաքապետարանը շատ անելիք չունի, հիմնական բեռը ոստիկանության ուսերին է։  Ըստ նրա, իրավիճակն այլ կլիներ, եթե ունենայինք քաղաքային ոստիկանություն։ Սահմանափակումների մեղմացման համատեքստում, կարծում է, տրանսպորտի խնդիրն էլ պետք է  դիտարկվի:

 

 

«Այս պահին տրանսպորտը չի գործում, հասկանալի է ծանրաբեռնված է, հնարավոր չի լինի սոցիալական հեռավորության պահպանումը։ Մյուս կողմից էլ, մարդկանց ասում են՝ աշխատեք,  բայց տրանսպորտ չկա։ Մարդիկ ինչքա՞ն կարող են տաքսիներով երթևեկել»,- ասում է նա։ Նրա խոսքով,  եթե հասարակական տրանսպորտը գործի,  պետք կլինի ապահովել նորմալ ախտահանում, ապա սանիտարահիգիենիկ պայմաններ։ Նա նաև բազմաբնակարան շենքերում ախտահանմանխնդրին է անդրադառնում՝ նշելով, որ  կազմակերպիչները համատիրություններն են, սակայն համատիրություններն այդպես էլ նորմալ չարեցին իրենց աշխատանքը:

 

 

 «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն այս օրերին  քաղաքացիներից դժգոհություններ, բողոքներ չի ստացել, համարում է, որ քաղաքային իշխանությունը լավ է աշխատում ինչպես խիստ սահմանփակումների, այնպես էլ  դրանց մեղմացման դեպքում։

 

 

«Ինչպես խիստ աշխատել ենք, այնպես էլ շարունակում ենք աշխատել։ Մենք գիտենք, որ վարակակիրների թվի նվազեցման հետևանքով չէ, որ մեղմացում է եղել, այնպես որ պետք է լինել շատ  զգույշ։ Մենք՝ որպես ավագանու անդամներ, երբ ստանում ենք ահազանգեր, դժգոհություններ,  հայտնում ենք գործադիրին, գնում հետքերով։ Բայց ես անձամբ այս օրերին չեմ ստացել նման զանգեր»,-մանրամասնում է նա։

 

 

Ավագանու անդամը համարում է, որ կառավարությունն ու պարետատունն այս ընթացքում պատշաճ իրազեկում են իրականացրել, և մարդիկ, եթե ցանկանան հետևել դրանց, ապա այդ ինֆորմացիան ինչ-որ տեղից հասանելի եղել է։  «Պետք է յուրաքանչյուրս հետևենք այդ կանոններին, պարետատան ցուցումներին։  Ես այս օրերին քաղաքային իշխանության աշխատանքները բավարար եմ համարում»,-նշում է նա հիշեցնելով՝ թե ինչպես էին վերահսկում պատշաճ ախտահանման կազմակերպումը, ախտահանում մետրոն ու ավտոբուսները, երբ աշխատում էր հասարակական տրանսպորտը։ Այս պահին  Հասմիկ Խաչունցն  անտեղի է համարում ախտահանման աշխատանքների կազմակերպման առաջարկների ներկայացումն իր կողմից, քանի որ դրանով զբաղվում են առողջապահության նախարարության մասնագետները։ «Մենք վերահսկող մարմին ենք, միայն այդ մասով կարող ենք աշխատանքներ իրականացնել»,-հիմնավորում է նա։ Օրինակ, մի անգամ բողոք են ստացել, որ մուտքերից մեկն ախտահանում են ոչ ճիշտ նյութով։ Գնացել են ահազանգի հետքերով, շտկել են խնդիրը։

 

 

Նույն խմբակցությունից Անահիտ Ասատրյանն էլ քաղաքապետարանի աշխատանքը բավարար է համարում:  « Հիմա, իմ տեղեկություններով, քաղաքային իշխանության ներկայացուցիչները վերահսկողություն են իրականացնում առևտրի կետերում, վերահսկում են փողոցային առևտուրը։ Որոշ տեղերում վարչական շրջանների աշխատակիցները լծվել են կամավոր աշխատանքերում, ապահովելով, որ խանութների մոտ կուտակումներ չլինեն»,-թվարկում է նա։

 

 

Ավագանու անդամի խոսքով, Երևանում այս օրերին իրականացվում է նորմալ աղբահանություն, ինչը ևս շատ կարևոր է, իսկ վերահսկողություն իրականացնող աշխատակիցներին ապահովվում են անհրաժեշտ պաշտպանիչ համագեստներով։

 

 

«Իմ քայլը» խմբակցության անդամն էլ, իր հերթին, կարևորում է քաղաքային ոստիկանության անհրաժեշտությունը, համարում, որ դրա առկայության պարագայում, վերահսկողությունն ու դրան հետևած պատասխանատվությունն ավելի արդյունավետ կլինեն։  Անահիտ Ասատրայնը նշում է, այս օրերին ինքը պատասխանատու քաղաքացու վարքագիծ է դրսևորել, տանից գրեթե դուրս չի եկել, և կարծում է, որ համաքաղաքացիներից նույնպես պատասխանատվություն է ակնկալվում:  «Մեկ մլն բնակչություն ունեցող քաղաքում բոլորին վերահսկել, հետևել հնարավոր չէ։ Շատ բան կախված է յուրաքանչյուրիս գիտակցությունից»,-նշում է նա։

 

 

 

Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանը մեղմացումներից առաջ դիմել էր քաղաքացիներին՝ ընդգծելով, որ մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է:

 

«Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել։Ընդգծեմ նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի»,-զգուշացրեց պարետ Տիգրան Ավինյանը։

 

 

Հ. Կարապետյան

 

 

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ պարենատան կողմից մայիսի 4-ից հանվեցին ազատ տեղաշարժման սահմանափակումները, թույլատրվեցին մշակող արդյունաբերության աշխատանքը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն, մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում:  

 

Գործում են  բացօթյա տարածքում գտնվող ռեստորանները, բարերը, սրճարանները, պանդոկները, տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ, բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքները, սպորտային ակումբները՝  բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար, գործում են նաև լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, մարմնի խնամքի ծառայությունները: Դրա հետ մեկտեղ  այս ընթացքում չի գործելու հասարակական տրանսպորտը։

 

 

Պարետի որոշումը յուրաքանչյուր տնտեսվարողի համար սահմանում է այս իրավիճակում գործունեություն ծավալելու կանոնները։ Օրինակ, վարսավիրանոցները ըստ այս որոշման,  պետք է սրահում յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո օդափոխություն իրականացնեն:  Յուրաքանչյուր այցելուից հետո պետք է կատարվի բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ: Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:  Սպասարկումն իրականացվում է բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:

 

 

Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները և հերթերը: Գրեթե նույն կանոններն են սահմանվել հանրային սննդի օբյեկտների համար։ Հաճախորդների սպասարկման սեղանների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն, արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը: Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:

 

 

Դիտումների քանակը` 338

Վերադառնալ վերև