Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ինչու՞ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը չի մասնակցում արտահերթ ընտրություններին

Երկիր Ծիրանի» կուսակցությունն հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ համարելով դրանք «կեղծ նախաձեռնություն»։

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվող՝ «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը` պայքարել հանուն հայ ազգի բոլոր հատվածների ընտրական իրավունքի իրացման և հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության իրավազորության տարածքի ներքո:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններ անվան տակ կեղծիքը և հայտարարում, որ շարունակելու է պայքարը` կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը»:

 

Հիշեցնենք, որ մինչ այդ  կուսակցությունը տարածել էր ևս մեկ  հայտարություն՝ հանդես գալով սկանդալային բացահայտումներով  և համոզմունք  հայտնելով, որ գալիք  խորհրդարանական ընտրությունների անցկացումը «բազմաշերտ և բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների հետևանք է»:

 

Նոյեմբերի 15-ին  կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որում պարզաբանել է իրենց դիրքորոշումը, նշելով, որ իրենք  չեն ուզում մասնակցել դեռ նախորդ ընտրություններից առաջ քաշած  «սև ու սպիտակի» պայքարին , համարելով այն հանրային գիտակցության մանիպուլյացիա և կեղծ օրակարգ:

 

 «Այս ընտրություններին հնարավոր չէ ապահովել քաղաքական մրցակցություն ու ցանկացած մրցակցություն ապարդյուն է լինելու և նպաստելու է ավտորիտար համակարգի թարմացմանը։ Հայհոյախառն արտահայտությունների ներքո հնարավոր չէ լսելի դարձնել մեր խոսքը։ Նախորդ ընտրություններին մենք տեսանք, թե ինչպես են «սև ու սպիտակի» կեղծիքի ներքո քարոզարշավ իրականացնում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը։

 

Դիտումների քանակը` 790

Վերադառնալ վերև