Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ընտանեկան որոշումների կայացման նուրբ արվեստը»…

«Ընտանեկան որոշումների կայացման նուրբ արվեստը»… –այսպիսի ուշագրավ ենթավերնագրով են վերջերս  ներկայացվել հանրությանը World Vision –Հայաստան կազմակերպության կողմից անցկացված  «Առօրյայի անտեսանելի կողմը. Գենդերային կարծրատիպերը կենցաղում» հետազոտության արդյունքները: Դա է, որ  առիթ հանդիսացավ մտորելու թեմայի շուրջ՝ համադրելով ինձ ծանոթ ընտանիքների մասին  դիտարկումները մասնագետների  եզրակացությունների հետ:

 

 

…Հյուր գնալիս բնազդաբար ուշադրություն եմ դարձնում տանը տրյումոյի (հարդասեղան) առկայությանը, դրա տեղին, վիճակին, մաքրությանը, վրան շարած արդուզարդին, կոսմետիկային։ Տրյումոն տանտիրուհու դեմքն է ինձ համար այն իմաստով, որ կնոջ անձնական տարածքն է և լավագույնս է արտացոլում կնոջ դիրքն ու դերը տվյալ ընտանիքում։ Համենայն դեպս, իմ «ուսումնասիրությունների» արդյունքում որոշակի  օրինաչափություններ նկատեցի՝ «լավ» տրյումո ունեցող կանայք սովորաբար կայացած են, ինքնուրույն որոշումներ կայացնող, շատ հարցերում իրենց կարծիքը պնդող ու առաջ տանող։ Չգիտեմ, ձեր մտաբերած դեպքերը կհամընկնեն այս օրինաչափությանը, թե ոչ, բայց իմ վարկածը հաստատող մի քանի օրինակներ ունեմ…

 

 

«Բոլոր որոշումները ամուսնու կողմից «հաստատման» ենթակա են» 

 

 

Հորաքրոջս տան միակ տրյումոն միջանցքում է, հնամաշ, 40 տարվա կլինի։ Ամեն անգամ ներս մտնելուց առաջ մտածում եմ՝ երանի փոխած լինեն՝ համարելով, որ էդ տրյումոյի փոփոխությունից հետո հորաքույրս էլ ուժեղ, կարծիքն առաջ տանող տանտիկին կդառնա։ Տրյումոն չի փոխվում, տարեցտարի ավելի է մաշվում։ Հորաքույրս էլ գնալով ավելի զիջող, համակերպվող ու մի տեսակ խեղճացած է դառնում։ «Հորքուր, գնա՞նք թատրոն»,-առաջարկում եմ՝ հստակ իմանալով պատասխանը։ «Չէ, գործ չունեմ, կխոսա»,-ասում է նա՝ նկատի ունենալով ամուսնուն։

 

Նազիկ հորքուրի օրը սկսվում է վաղ առավոտյան տունը մաքրելուց, շուկա գնալուց, հետո ուտելիքը սարքելուց, հետո շարունակվում է տան մաքրությամբ, ափսեները լվանալով, դասավորելով։ Ամեն օր նույն բանը կրկնվում է արդեն մի քանի տասնամյակ։ Տանը ողջ օրը միայնակ է, ամուսինն ու որդին աշխատանքի են գնում, ինքը մնում է գործերի, մտքերի հետ։ Հյուր կամ ժամանցի վայր գնալը, գեղեցկության սրահ այցելելը նրա համար ճոխություն են, գումարը կա, թույլտվությունը՝ ոչ։ Նույնիսկ ատամնաբուժարանում երկար մնալը տանը խոսակցության ու վեճի պատճառ է դառնում։ Նազիկ հորքուրը միայն տան մաքրության հետ կապված ու ընտանիքի ամենօրյա սննդին վերաբերող որոշումներն է միայնակ կայացնում, մնացած բոլոր հարցերն, անգամ իր անձնական հագուստի հետ կապված, ամուսնու կողմից «հաստատման» ենթակա են:  

 

Հենվելով «Առօրյայի անտեսանելի կողմը. Գենդերային կարծրատիպերը կենցաղում» հետազոտության եզրակացությունների վրա, կարող ենք փաստել, որ տնային տնտեսություններում  հստակ տարանջատված են կանանց և տղամարդկանց կողմից իրականացվող որոշումները: Կանայք կայացնում են որոշումներ տան մաքրություն, սննդի պատրաստման, տան կահույքի տեղափոխման,  տան  վերանորոգնան ու նմանատիպ այլ հարցերում, այսինքն՝ այն ամենը, ինչ վերաբերում է տան «ներսի» գործերին:  Դատելով  Նազիկ հորքուրիս առօրյայից  նույնիսկ վերընշված ցուցակը խիստ սահմանափակ է նրա համար: Տան հետ կապված «մեծ» գործերին, վերանորոգմանը, կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը նա չի խառնվում: Նրա մտքով անգամ չի անցնում, որևէ նախաձեռնողականություն ցուցաբերել իր սեփական անձի հետ կապված որևէ հարցում:

 

  «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիամ Հերգնյանը՝ մեկնաբանելով իմ նկարագրված դեպքը, նշում է, որ շատ ժամանակ  նման խնդիրների հիմքում փոքր հասակում ոչ ճիշտ դաստիարակությունն է։ «Փոքրուց սեռադերային խնդիրները միշտ առկա են լինում։ Ինչքան էլ հայրերը սիրում են դուստերերին, նույնիսկ նրանց ընդունում են ավելի լավ, բայց այդ «ճնշումը» միշտ կա։ Դու աղջիկ ես, ինքը՝ տղա, դու այդպես վարվել չես կարող, բա ո՞նց ես մթին տուն գալու։ Կարծես թե միայն  ծնողական հոգատարությամբ թելադրված հարցերի նման շարանն ու դրանցից բխող  սահամափակումները հետագայում արմատանում են աղջկա վարքագծում՝ տպավորություն ստեղծելով, որ ինքը «թույլ է» ու միշտ որևէ մեկի հսկողության, օգնության կարիքն ունի»,- ասում է հոգեբանը, նաև նկատելով, որ այն ընտանիքներում, որտեղ հայրը լինում է բացարձակ ղեկավարող, աղջկա համար նույն մոդելի վերարտադրումն իր սեփական ընտանիքում սովորական է թվում։

 

 

«Միայն մայր դառնալուց հետո կինը  սկսում է մասնակցել որոշումներ կայացմանը»

 

 

Մի հարևանուհի ունեինք։ Սոցիալապես այնքան էլ ապահոված չէին ապրում, բայց  Արուս տոտայի տրյումոյի վրա միշտ կարգ ու կանոն էր տիրում՝ նռնաքարով, մարգաիրտով ուլունքներն էին, ականջօղեր, «յանտարով» մատանին… Ապակուց այն կողմ կոսմետիկան էր՝ մատիտներ, շրթներկեր, դիմահարդարման փոշին ու կրեմները։ Թանկ չէին, բայց ամեն հոգսից զատ, Արուս տոտան փողոց միշտ դուրս էր գալիս դիմահարդարված, սանրված, կոկիկ, մի խոսքով, «ֆորմի մեջ»։

 

Խանութ չէր գնում, ցուցակը կազմում էր,  երեխաների կամ ամուսնու ձեռքը տալիս։  Բազմանդամ ընտանիքի տանը միշտ կարգ ու կանոն էր տիրում։ Փողոցում ասում էին՝ Արուսն ամեն ինչ հասցնում է, երեխաների հետ դաս անել, ժողովներին գնալ, հյուր գնալ-հյուր ընդունել, տան մաքրությունն ապահովել, համեղ պատրաստել,  համ էլ Ժենիկի մոտ շորեր կարելու համար լավ կտոր գտնելն ու գնելը։ Նրա երեխաների լավ դաստիարակության, բարձր առաջադիմության մասին խոսում էին մանկապարտեզում, հետո դպրոցում ու բուհում։

 

 

Թե տան մեջ ինչ ու երբ պետք է փոխել, կրկին Արուս տոտան էր որոշում։ Հաշվարկ էր անում՝ երեխեքի ուսման վարձը, փայտի ծախսերը, վարկի մուծումները անում, հետո ամուսնուն ներկայացնում՝ սեպտեմբերին բերքի առատ սեզոնին կարող ենք սառնարանը փոխել, իսկ գազօջախը թող մնա հաջորդ տարի, հնով յոլա կգնանք։ Շատ հարցերում խորհրդակցում էր իր տան մեծի՝ սկեսուրի հետ։ Վերջինն էլ միշտ գլխի շարժումով հավանություն էր տալիս հարսի նախաձեռնություններին։

 

 

Ի դեպ, «Առօրյայի անտեսանելի կողմը»   հետազոտությունն էլ  ցույց է տվել, որ շատ ընտանիքներում երիտասարդ հարսները, ինչպես տիկին Արուսը,  հաճախ են խորհուրդ հարցնում սկեսուրից, ու հիմնականում չեն նեղվում, որ որոշումները գերազանցապես կայացվում են իրենց սկեսուրների կողմից։

 

 

 

Հոգեբան Մարիամ Հերգնյանի դիտարկմամբ,  հայ կինը, հատկապես նոր ամուսնացած, ավանդաբար եղել է հարմարվողի, զիջողի, հասկացողի ու ընդունողի դերում։ «Եթե պատմության մեջ ենք նայում, տեսնում ենք, որ բազմասերունդ  ընտանիքներում «Մեծ Մայր» գաղափարը միշտ եղել է։ Բայց եթե նայենք բուն կնոջ տեսանկյունից, ապա կինն ավելի ցածր տեղ է զբաղեցրել, քան մոր կերպարը։ Հիմա էլ այդ խնդիրն ունենք, նոր ընտանիք մտնելիս կինը նախ պետք է յուրացնի ընտանիքին բնորոշ սովորույթները, հարմարվի ընտանիքի նիստուկացին։ Եվ միայն երեխա ունենալուց՝ այսինքն մայր դառնալուց հետո որոշակի չափով սկսում է մասնակցել որոշումներ կայացմանը և փորձել փոփոխություններ մտցնել»,- բացատրում է հոգեբանը, նկատելով, որ բոլոր դեպքերում, ուժեղ ու նախաձեռնող կինը ձևավորվում է դեռ փոքր հասակից, ու այն աղջիկը, որ եղել է շատ ակտիվ օրինակ դպրոցում, որոշումներ կայացնող, «դասարանի ավագ» տեսակը, նա դժվար թե ամուսնանալիս լինի հեշտ ղեկավարվող։

 

 

«Սակայն ընտանիքում էլ, ինչպես հասարակական կյանքում, գոյություն ունի այսպես կոչված «անտեսանելի առաստաղ» հասկացությունը, երբ կինը բարձրանում է, կպնում այդ առաստաղին ու դրանից այն կողմ որոշումներ կայացնել չի կարող, դրանից բարձր արդեն տղամարդիկ են որոշում կայացնում», – նշում է հոգեբանը: Հատկապես ցածր է այդ «առաստաղը» այն ընտանիքներում, որտեղ կինը միայն տնային տնտեսությամբ է զբաղվում: 

 

 

 

 

«Դրախտ է ընկել, պիտի խելոք մնա ու վայելի»…

 

 

 

Սկսեսուրն ու ամսուսինը ոնց ասեն, Վարդուհին այնպես էլ կանի։ Ապահովված է ամեն ինչով, պետք եղածը, նույնիսկ չեղածը առնում են իր համար, նվիրում։ Նրա տրյումոն լի է զարդերով, թանկարժեք օծանելիքներով, խնամքի պարագաներով: Եվ նա բոլորովին դեմ չէ, որ իր փոխարեն ամուսնու քույրերն են որոշում՝ որ միջոցառմանը  ինչ է հագնելու, մազերն ոնց է հարդարելու: Հակառակն իրեն դուր է գալիս, երբ երեքով՝ հարսն ու տալերը միանման  շորով, կոշիկով, կլատչով, մազերի գույնով ու սանրվածքով, մատնահարդարումով, ամենակարևորը՝ ոսկեղենով ողողված, դուրս են գալիս տնից։

 

 

Վարդուհին չի աշխատում, ամուսինը դեմ է, բայց նա դրանից չի նեղվում։ Վարդուհու մայրն էլ ամեն տեղ պատմում է աղջկա բախտից՝  տիկնիկի պես են պահում, մնում է՝  դնեն սերվանդի վրա, ոչ հոգս ունի, ոչ մտածելու բան, «դրախտ է ընկել, պիտի խելոք մնա ու վայելի»։

 

 

Այս պարագայում էլ, ըստ հոգաբանի, պետք է կրկին հայացքն ուղղել աղջկա ընտանիքին ու նրա դաստիարակությանը։ Ակնհայտ է, որ աղջկա մոտ «հաջող ամուսնանալու» ու «կյանքը վայելելու» գաղափարը մայրն է սերմանել, և հնարավոր է իր սեփական օրինակով:  «Աղջիկը փոքրուց սովոր է, որ իր փոխարեն պետք է որոշումներ կայացվեն, որ իր առաքելությունը կյանքում « խելոք մնալն  ու վայելելն» է: Եվ ամուսնու ընտանիքում նմանատիպ իրավիճակը ձեռք է տալիս նրան, այսինքն, թող բոլորը որոշեն, ես «վայելեմ»  կամ էլ «խեղճի կերպարի» մեջ է մտնում»,-նշում է հոգեբանը։

 

 

 

«Եթե աշխատի, դեմն առնել չի լինի»

 

 

«Առօրյայի անտեսանելի կողմը»  հետազոտությունը փաստում է, որ կարևոր գործոն է հանդիսանում տնտեսական կողմը: «Տնային աշխատանքներ իրականացնող կինը  ավելի քիչ հեղինակություն (ստատուս) ունի, քան տղամարդը, ով գումար է վաստակում և համարվում է ընտանիք պահող», – եզրակացնում են  հետազոտության հեղինակները: Նրանց դիտարկմամբ,  կնոջ՝ հաճախ որոշումների կայացման աստիճանը չի մեծանում և չի հավասարվում տղամարդուն անգամ այն դեպքերում, երբ նա գումար է վաստակում: Եթե անգամ կինն աշխատում է և տղամարդու հետ հավասար հոգում է ընտանիքի ապրուստի հարցը, այնուամենայնիվ, որոշումներ կայացնողի գործառույթը պատկանում է գլխավորապես տղամարդուն:

 

 

Հոգեբան Մարիամ Հերգնյանի դիտարկմամբ, իր հաճախորդների հետ շփումները ցույց են տվել, ով տանը կոպիտ ասած «փող է աշխատում», նա էլ հաճախ որոշումներ է կայացնում, ու շատ ժամանակ տղամարդիկ թույլ չեն տալիս, որ կանայք աշխատեն, որպեսզի , ինչպես իրենք են նշում,  «կնոջ լեզուն չերկարի»։  «Երբ տղամարդկանց հարցնում ես՝ ինչու՞ թույլ չեք տալիս, որ ձեր կինը աշխատի, պատասխանում են՝ եթե աշխատի, դեմն առնել չի լինի։ Տղամարդկանց ձեռք է տալիս կանանց ֆինանասական կախվածության մեջ պահելը։  Իդեալական է այն ընտանիքը, որտեղ կա միասնական բյուջե»,-նշում է հոգեբանը:

 

 

Վերջին տարիներին իր դիտարկումներն ամփոփելով, մասնագետը կարծում է, որ Հայաստանի կանայք գնալով ավելի անկախ են դառնում, առավել ակտիվորեն են սկսել մասնակցել ընտանիքին վերաբերող որոշումների կայացմանը։ Մի խոսքով, սկսում են ավելի հստակ տիրապետել «ընտանեկան որոշումների նուրբ արվեստին»…

 

 

Լ. Ղազարյան

Դիտումների քանակը` 410

Վերադառնալ վերև