Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ընտանիքում  միշտ հարգել են իմ որոշումները, և դա ահռելի ուժ է տալիս»

Գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ակտիվ մասնակից էին նաև հազարավոր կանայք ու աղջիկներ: Նրանց քաղաքացիական ակտիվությունը, փողոցներում բարիկադներ պահելը, հացադուլ ու գործադուլ անելու պատրաստակամությունը, շատ տեղերում առաջնագծի մարտիկի դիրքերից հանդես գալը տպավորություն ստեղծեց, թե հայ հասարակությունը հաղթահարել է կարծրատիպային մտածելակերպը: Հեղափոխության օրերին կանայք տղամարդկանց հետ հավասար որոշումներ էին կայացնում, փողոցներ փակում, կռիվ տալիս իրավապահների հետ, նաև տուժում, բայց արդյոք մեզանում ամրապնդվել է այն գաղափարը, որ կինը ոչ միայն կարող է, այլև պետք է լինի ընտանիքից դուրս ու տղամարդկանց հետ հավասար երկիր ու տնտեսություն զարգացնի: Կամ գուցե սա հենց այդ ճանապարհի սկի՞զբն էր…

 

WomenNet.am-ի զրուցակիցներն են այդ օրերին քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ աչքի ընկած կանայք և աղջիկները, որոնք կարողացել են հաղթահարել հասարակության արգելքներն ու ընտանիքի դժգոհությունը, անտեսել դատապարտող հայացքներն ու նույնիսկ  ֆիզիկական ցավն ու վնասվածքները, և այդ ամենն  հանուն բոլորին միավորող  «մենք ենք տերը մեր երկրի»  գաղափարի: Այսօր, հեղափոխությունից ամիսներ անց, նրանց բոլորն էլ համոզված են՝  իրենք ճիշտ էին և հեղափոխությանն իրենց մասնակցությունն, անկախ մնացյալ հանգամանքներից, արդարացված էր…

 

 

Շուշան Հարությունյան.

 «Ընտանիքս միշտ աջակցել է ինձ»

 

20-ամյա Շուշան Հարությունյանը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Դեռ 14-15 տարեկանից մասնակցել է տարբեր բողոքի ակցիաների, ցույցերի, երթերի,  որոնիցից հատկապես առանձնացնում է «Էլեկտրիկ Երևանը»  և «Տարկետում լինելու Ա» շարժումը: Շուշանի խոսքով, հենց դրանցից հետո ստեղծվեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը, որի հիմնադիր անդամ է հանդիսանում նաև ինքը և որը ստեղծվելուց ի վեր պայքարել է շատ խնդիրների դեմ՝ համալսարանում տիրող կենցաղային վատ պայմաններից մինջև անարդարության դրսևորումները:

 

«Այս ամենը արդեն հուշում է, որ երբ սկսվեց պայքարը գործող իշխանությունների դեմ, մենք չէինք էլ մտածում՝ դուրս գանք փողոց, թե ոչ: Պատասխանը ու որոշումը մեկն էր՝միանալ որպես քաղաքացիական ակտիվիստ և պայքարել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ»,- ասում է նա:

 

Շուշանն, ի դեպ, ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում իրավապահների կողմից ձայնային նռնակների  կիրառումից տուժածներից է, ով առաջիններից մեկն է վիրավորվել ու տեղափոխվել հիվանդանոց՝  աջ ոտքը երկու տեղից վնասվել էր: Բայց դա ամենևին էլ չի նվազեցրել պայքարելու ձգտումը, այլ հակառակը: Նրա խոսքով,  կարծրատիպերի միշտ էլ հանդիպել է՝ թե՛ նախկինում, թե՛ թավշյա հեղափոխության օրերին, ասում էին, աղջկան վայել չի նման պահվածքը:

 

«Կարծրատիպերի միշտ եմ հանդիպել. «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ էլ, երբ դեռ դպրոցական էի, դասարանցիների և ուսուցիչների կողմից, իսկ այս շարժման ժամանակ՝ կուրսեցիներիս ու դասախոսներիս կողմից: Մի քանի անգամ դեկանատից են զանգել ու հորդորել չմասնակցել ցույցերի: Բայց ահա ընտանիքիս կողմից երբեք այդպիսի բան չի եղել, ընտանիքս միշտ աջակցել է ինձ և հարգել իմ որոշումները: Եվ դա ահռելի ուժ է տալիս….Միայն մայրիկս էր մի փոքր վախեցել իմ վնասվածքից հետո, ինչը բնական է, բայց ես 5-6 օր հետո նորից վերադարձել եմ իմ տեղը լրացնելու փողոցում, չնայած նրան, որ նորմալ չէի կարողանում քայլել»,- պատմեց Շուշանը:

 

Մեր զրուցակիցը կարծում է, որ այդուհանդերձ մեր հանրության կարծիքը գնալով փոփոխվում է ակտիվ կանանց և աղջիկների հանդեպ և այդ փոփոխությունը դրական է. «Իհարկե, մարդկանց մտածելակերպի և կարծրատիպերի մեջ որոշ փոփոխություններ կան,  բայց շատ բաներ դեռ պետք է փոխվեն: Իսկ քանի որ մենք հասկանում ենք, որ ամեն ինչ միանգամից չի լինում, դրա համար էլ դեռ շատ անելիք ունենք ամենուր՝ թե՛ համալսարաններում, թե՛ այլ բնագավառներում»,- հավելեց նա:

 

 

Անի Վարդանյան.

«Ասում էին՝ ինչիդ էր պետք, աղջիկ ես, մնայիր տանը»

 

Երևանի պետական համալսարանի երրորդ կուրսի ուսանող, 19-ամյա Անի Վարդանյանը այդ նույն բեկումնային օրերին է վիրավորում  ստացել Բաղրամյան պողոտայում և մի քանի օր անցկացրել հիվանդանոցային պալատում:

 

Ի տարբերություն Շուշանի՝ Անին ապրիլի 15-ի երեկոյան է որոշում կայացրել դուրս գալ փողոց և մասնակցել ցույցերի. «Ապրիլի 16-ին եմ միացել ցուցարարներին, այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ պայքարը պետք է ապակենտրոնացված բնույթ կրի: Մինչ այդ առաջին օրն եմ միայն գնացել, երբ ցուցարարները Ազատության հրապարակում էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի Երևան հասնելուց հետո: Հետո ինքս ինձ որոշեցի, որ չեմ մասնակցի, քանի որ, ըստ իս, կենտրոնացված պայքարները արդյունք չեն տալիս: Բայց ապրիլի 16-ին, երբ որոշում կայացվեց գնալ դեպի Ազգային ժողով, միացա ցուցարարներին ու վիրավորում ստացա Բաղրամյանում»,-նշեց նա:

 

Ընտանիքի անդամները իր վիրավորվելու մասին տեղեկացել են լուրերից՝ տեսանյութով են տեսել, մինչդեռ Անին իրենց ասել է, որ ընկերուհին է վիրավորվել: Արդյունքում ինքն ու ընկերուհին նույն պալատում են անցկացրել մի քանի օր, իսկ երբ հիվանդանոցից դուրս է գրվել, հայրը Անիին նստացրել է, այսպես ասած, տնային կալանքի տակ. «Ոչ մի հեռախոս, ոչ մի համակարգիչ, տանից դուրս գալու իրավունք չունեի, թեպետ ոտքս շարժել էլ չէի կարողանում»,- այսօր արդեն ժպիտով է  հիշում է մեր զրուցակիցը:

 

Բայց ապաքինվելուց հետո Անին նորից դուրս է եկել փողոց և հեղափոխության կուլմինացիային ակտիվ մասնակցություն ունեցել: Ի դեպ, անմիջապես դրանից հետո նա ամուսնացել է. ասում է, որ ընտրյալը՝ այդ օրերին դեռ ընկերը, միշտ իր կողքին է եղել, սատարել իր որոշումներին ու դեմ չի եղել իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշմանը.

 

«Նա երբեք ինձ չի ասել՝ պետք չի, ուր ես գնում, հանկարծ քեզ չտեսնեմ: Իհարկե, եղել են մարդիկ, որ ինձ ասում էին՝ ինչիդ էր պետք, աղջիկ ես, մնայիր տանը, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո բոլորը միաբերան պնդում էին, որ ճիշտ եմ արել և  ապրեմ ես»,- ավելացրեց նա:

 

Նինել Հովհաննիսյան.

«Ճիշտ եմ արել, որ իմ մասնակցությունն  եմ ունեցել պայքարին»  

 

Երևի թե ամենից շատ կարծրատիպային հարձակումների թիրախ էր դարձել Նինել Հովհաննիսյանը, ով հայտնի է որպես մանկասայլակներով երթի կազմակերպիչ: Նրա հորդորով է, որ մայրիկներն  իրենց մանկահասակ երեխաների հետ միասին  միացան ցուցարարներին:

 

Մասնագիտությամբ լրագրող Նինել Հովհաննիսյանը ներկայումս չի աշխատում, երկու երեխաների խնամքով է զբաղված, բայց շուտով ծրագրում է վերադառնալ աշխատանքի:  Թավշյա հեղափոխությանը սկզբից չի հավատացել, ասում է, որ թերահավատորեն էր մոտենում դրա հաջողությանը, բայց ընթացքը հույս է ներշնչել և երբ հասկացել է, որ ամեն ինչ լրջանում է և յուրաքանչյուրի մասնակցությունը կարևոր է՝ իր մասնակցությունն է որոշել ցուցաբերել: Առավել ևս, որ ընտանիքի տղամարդ անդամները մասնակցում էին ցույցերին: Դե իսկ երեխաների հետ մասնակցելու գաղափարը լրիվ պատահական է ծնվել, համացանցում քննարկումների ժամանակ.

 

«Մարտի 1-ի դասերը բոլորս հիշում էինք ու գիտեինք, որ հնարավոր է իրավապահները ուժ կիրառեն: Բայց մենք հասկանում էինք նաև, որ մեր իրավապահները չեն կարող այդքան ստոր գտնվել ու ուժ կիրառել երեխաների նկատմամբ, հետևապես որոշեցինք մասնակցել այդ ձևաչափով: Ես չեմ կարծում, թե ոստիկանը կարող էր վնասել երեխաներին»,- նշեց նա:

 

Նինելի խոսքով, իր այդ քայլը լուրջ քննադատության ալիք բարձրացրեց, շատ կողմերից էր լսում, թե ինչպես կարելի է երեխաներին ներքաշել նման գործընթացների մեջ, դա վտանգավոր է և առհասարակ՝ «կին ես, նստի տունը»: Բայց, ասում է, շատ հանգիստ է եղել ու ապահովության զագցում ունեցել, մի կողմից էլ վստահ եղել, որ ավելի շուտ երեխան իրեն կպաշտպանի, քան ինքը իր բալիկին.

 

«Շատ էին ասում՝ երեխաներին թողեք տունը, դուք ուր ուզում ես գնացեք կամ  դուք էլ մի գնացեք, թույնավոր գազեր կարող են կիրառել, ձայնային նռանկներ և այլն: Բայց երբ երեխաների հետ դուրս եկանք փողոց ու հայտնվեցինք ուշադրության կենտրոնում, ոստիկանների կողմից էլ շատ լավ ու հարգալից վերաբերմունքի՝ բոլորը ժպտում էին, օգնում սայլակը տեղափոխելու հարցում և այլն, հասկացանք, որ ճիշտ ենք որոշել: Մենք առաջնագծում էինք, բայց ոչ մի վտանգի զգացում չեմ  ունեցել ոչ մի պահի»:

Մեր զրուցակիցը նշում է, որ առաջին օրը, երբ երեխայի հետ դուրս է եկել ցույցի, ամուսինը տեղյակ չի եղել՝ դա Մաշտոցի պողոտան փակելու օրն էր, ամուսինը այդ եռուզեռի մեջ, կապ էլ չի եղել: Ավագ որդուն թողել է ծնողների մոտ, փոքրի հետ գնացել «մարտի դաշտ»: Հետո ավելի  թեթև էին նայում, մինչ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանին իրավապահները Արցախի պողոտայից հեռացրեցին. այդ օրը, հիշում է Նինելը, թե՛ ամուսինը, թե՛ եղբայրը խուճապահար իրենց են փնտրել, իսկ ինքը երեխայի հետ հասել գրեթե ոստիկանների պատին, որտեղ այլ մայրիկներ էլ կային մանկահասակ երեխաների հետ.

 

«Ես մեծ պատասխանատվության զգացում ունեի, քանի որ ես էի այդ ամենի կազմակերպիչը և եթե, Աստված չարասցե, ինչ-որ բան ինչ-որ մեկի հետ  լիներ, դրա պատասխանատուն ես էի: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ էր և որևէ խնդիր ոչ մայրիկները, ոչ էլ մեր երեխաները չունեցան, և այսօր էլ, ամիսներ անց, ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել, որ իմ մասնակցությունն  եմ ունեցել պայքարին: Ռիսկային էր, բայց անհրաժեշտ և շնորհակալ եմ մեր ոստիկաններին, քանի որ այդ օրերին մենք էինք ավելի ագրեսիվ, քան իրենք»,- հավելեց նա:

 

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 775

Վերադառնալ վերև