Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Զարուհի Փոստանջյան. «Ուզում եմ, մարդիկ հիշեն, որ ունեն հնարավորություն՝ իրական ընտրություն կատարելու»

WomenNet.am –ի  զրուցակիցը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող  Զարուհի Փոստանջյանն է: Նա վստահ է, որ այս անգամ ՀՀ քաղաքացիներն ընտրության են գնալու հույսով, որ դեպի լավը փոփոխությունները հնարավոր են:

 

 

– Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին: Եթե ամփոփելու լինեք այս կարճ, բայց լարված ընթացքը, ինչպե՞ս կբնութագրեք այն:

 

–  Պետք է ասեմ, որ այս անգամ նախընտրական քարոզարշավը տարբերվում էր՝ դրականորեն: Ընդհանուր մթնոլորտը դրական էր, մարդիկ վերջապես հավատում են, որ դրական փոփոխությունները հնարավոր են, և հենց իրենք կարող են այդ փոփոխությունների մասը դառնալ: Ուզում եմ արձանագրել, որ կա հույս, հավատի վերականգնում՝ դեպի լավը: Սա ինձ համար շատ կարևոր հանգամանք է: Եթե հիշենք նախորդ ընտրությունները, պետք է նշենք, որ այն ժամանակ մարդիկ ուղղակի բացառում էին փոփոխությունների հնարավորությունը, և սա սարսափելի իրողություն է: Այսօր մարդիկ այլևս այդպես չեն մտածում:

 

 

Գաղտնիք չէ, որ հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նաև «Իմ քայլը» դաշինքը վայելում են ընտրողների համակրանքը: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մտավախություն չունեի՞ք քաղաքապետի թեկնածու առաջադրվելիս:

 

– Ես չեմ կարծում, որ միայն բնակչության դրական տրամադրվածությունից է կախված ընտրությունների ընթացքը կամ արդյունքները: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ծրագրեր ես ներկայացնում, ինչ քայլերի հաջորդականություն, ինչ ռազմավարություն: Բացի այդ, համոզված եմ, որ երևանցիները հաշվի են առնելու նաև թեկնածուների կարողությունները, անցած քաղաքական ուղին, գործերը: Վերջին երկու տարիներին ներկայացված լինելով Երևանի ավագանու կազմում՝ բազմաթիվ խնդիրներ ենք բարձաձայնել, լուծել, տեսանելի դարձրել: Չեմ ասում նախորդ 10 տարիների մասին, երբ ԱԺ պատգամավոր եմ եղել: Իմ՝ այսքան տարիների փորձը ինձ թույլ է տալիս ասել, որ ես ծանոթ եմ երևանցիներին հուզող բոլոր խնդիրներին և պատկերացնում եմ դրանց լուծումները:

 

 

– Ընտրությունների մեկնարկին զուգահեռ՝ Ձեր երբեմնի գործընկեր Րաֆֆի Հովհաննիսյանը մյուս բոլոր թեկնածուներին հանդիպման և ընդհանուր քննարկման առաջարկով հանդես եկավ, որը, սակայն, որևէ արձագանք չգտավ: Ինչո՞ւ չարձագանքեցիք այդ կոչին՝ հաշվի առնելով նաև ձեր համատեղ քաղաքական անցյալը:

 

– Ես համարում եմ, որ հանուն Երևանի, հանուն դրա բարօրության արվող բոլոր նախաձեռնություններն էլ ողջունելի են: Ինձ համար ընդունելի էր պարոն Հովհաննիսյանի առաջարկը, սակայն ես խնդիր էի տեսնում դրա կազմակերպման ձևաչափի հետ կապված: Միայն դա:

 

 

– Այսինքն՝ Դուք, քաղաքապետ չընտրվելու դեպքում, խնդիր չե՞ք տեսնում քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության իմաստով:

 

– Ոչ, չեմ տեսնում: Ես համարում եմ, որ հանուն Երևանի բոլոր տեսակի համատեղ նախաձեռնությունները, համագործակցության փորձերը ողջունելի են: Երևանը միայն դրա ապագա քաղաքապետինը չէ: Երևանը բոլորինս է, և եթե կա գեթ փոքր հնարավորություն որևէ կերպ նպաստել քաղաքի խնդիրների լուծմանը, մեզանից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի դրան:

 

 

– Խոսեցիք ծրագրային մոտեցումների կարևորության մասին: Ձեր ծրագրով ի՞նչ առաջնային խնդիրներ եք առանձնացրել:

 

– Մենք խնդիրները բաժանել ենք կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ պահանջող խնդիրների, սակայն անլուծելի խնդիրներ չենք տեսնում: Մենք այլընտրանքային լուծում ենք առաջարկում, օրինակ, մետրոյի ցանցն ընդարձակելու համար: Առաջարկում ենք ոչ թե նոր թունելներ փորել, այլ՝ նոր մուտքեր կառուցել արդեն իսկ փորված, գոյություն ունեցող թունելների համար: Սա էականորեն կթեթևացնի Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Բացի այդ՝ Երևանի լանդշաֆտը թույլ է տալիս տրանսպորտի մեկ այլ ձևի գործարկման համար՝ ճոպանուղու: Դա ևս մեր ծրագրում ներկայացված է: Ինչ վերաբերում է հանրային տրանսպորտի խնդրին, ապա պետք է ասել, որ դա, իրոք, բարդ խնդիր է, մի քիչ ավելի երկար աշխատանք պահանջող, բայց նաև լուծելի, քանի որ դրա հիմքում ոչ թե օբյեկտիվ խնդիրներ են, այլ՝ քաղաքային նախորդ իշխանոթյունների սուբյեկտիվ շահերը, կամայականությունը: Մեզ համար օր առաջ լուծելի խնդիր է նաև աղբահանությունը:  Իսկ, օրինակ, գործարանների կառուցումը երկարաժամկետ ծրագրերի մեջ է:

 

 

– Նախընտրական քարոզարշավի նախօրեին «Երկիր ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտարարեցին կուսակցության շարքերը լքելու մասին: Նրանցից ոմանք նաև առանցքային կերպարներ էին ավագանու կազմում: Ինչպե՞ս վերաբերվեցիք այդ հայտարարությանը:

 

– Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ աջակցել կամ անդամակցել են «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Ես որևէ մեկի որոշումները քննարկել չեմ ուզում, հաջողություն եմ մաղթում նրանց, սակայն ուզում եմ նաև նշել, որ այդ հայտարարությանը միացած մարդիկ երբևէ չեն եղել «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներ: Նրանք ուղղակի համագործակցել են կուսակցության հետ:

 

 

– Սեպտեմբերի 23-ին ընտրության գնացող քաղաքացիներին ի՞նչ կցանկանայիք ասել:

 

–  Ուզում եմ,  մարդիկ հիշեն, որ ունեն հնարավորություն՝ իրական ընտրություն կատարելու: Նրանք պետք է հասկանան, որ գնում են՝ աշխատանքի ընդունելու, վարձելու, ծառայության վերցնելու  այնպիսի մասնագետի, ով պետք է լուծումներ առաջարկի Երևանում առկա խնդիրների համար: Ես ուզում եմ, որ հենց այս գիտակցությամբ մարդիկ գնան ընտրատեղամասեր: Հասկանան, որ յուրաքանչյուր պաշտոնյայի իրենք վերցնում են սովորական աշխատանքի, ինչպես, օրինակ, որևէ տեխնիկայի անսարքության դեպքում են վարձում վերանորոգող վարպետի: Այսօր մարդիկ ունեն 12 ուժերի միջև ընտրություն կատարելու հնարավորություն, և պետք է ընտրեն մեկին, ում կարողությունները, հմտությունները, գիտելիքներն ու կամքը բավարար են խնդիրների լուծման համար:

 

Սոնա Մարտիրոսյան

 

 

Կարդացեք Զարուհու Փոստանջյանի մասին մեր կայքում.

 

Զարուհի Փոստանջյան. «Մենք ասում ենք՝ ոչինչ, եթե նույնիսկ տղամարդիկ վախենում են, թող կանգնեն մեր թիկունքում»

 

WomenNet.am –ը ներկայացնում է  կին նորարարների թոփ տասնյակը

 

Դիտումների քանակը` 308

Վերադառնալ վերև