Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ստրասբուրգի նոր քաղաքապետ է ընտրվել պատգամավոր Պերճուհի Բարսեղյանի ծոռնուհին

 

Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ՝ հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը: Ձայների 42,5%-ով, Ֆրանսիայի Կանաչների կուսակցության թեկնածուն առաջատարն է:

 

 

Ժաննա Բարսեղյանը 40 տարեկան է։  Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

 

 

Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։

 

Ժաննան Բարսեղյանը 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության օրոք ՀՀ խորհրդարան ընտրված առաջին երեք կանանցից մեկի՝ Պերճուհի Պարտիզպանյան- Բարսեղյանի ծոռնուհին է:

 

 

Ժաննա Բարսեղյանի պապը՝ դաշնակցական ռազմական–քաղաքական գործիչ Սարգիս Բարսեղյանի և Հայաստանի Առաջին հանրապետության դաշնակցական պատգամավորներից Պերճուհի Պարտիզպանյանի  որդին՝  իրավաբան Արմեն Բարսեղյանը ապրելով Ֆրանսիայում իր զավակներին և թոռներին դաստիարակել է հայկական ոգով։ Ժաննա Բարսեղյանը, ով ծնվել է Փարիզի շրջանում, 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ սովորել է ֆրանս-գերմանական իրավունք ու պապի օրինակով դարձել իրավաբան։ Ժաննա Բարսեղյանը, սակայն, առավել ճանաչված է, որպես բնապահպան–ակտիվիստ։

 

 

 

 

 

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան (1886-1940)

 

Առաջին Հանրապետության խորհրդարանի (1919-1920) պատգամավոր, հասարակական գործիչ, մանկավարժ, գրող:

 

 

Պերճուհի Պարտիզպանյանը ծնվել է 1886 թվականին Էդիրնեում: Միջնակարգ դպրոցն ավարտել է Ֆիլպեում (այժմ՝ Պլովդիվ): 16 տարեկան հասակում հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին, ում խորհրդով օրիորդների խմբակ է ստեղծել, որի նպատակն էր լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելը: Մեկնել է Ժնև, ուսանել գրականություն և մանկավարժություն: Ստեղծագործել է «Էտնա» կեղծանունով: Պարտիզպանյանի պատմվածքները ամփոփված են «Փոթորիկեն վերջ» ժողովածուում:

 

 

Ուսումն ավարտելուց հետո դասավանդել է Կերասունում և Վանում: 1909 թվականին ամուսնացել է Սարգիս Բարսեղյանի հետ, իսկ 1915-ին Սարգիսը, ով վարում էր Պոլսի ՀՅ Դաշնակցության բյուրոյի գործերը, հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվեց և նահատակվեց:

 

 

Իր հետագա կյանքը Պերճուհին նվիրել է զավակին ու մարդկանց ծառայելուն: Նա տեղափոխվել է Բուլղարիա, անուհետև՝ Թիֆլիս, իսկ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո  միակ որդու՝ Արմենի հետ վերադարձել է Երևան և ընտրվել Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Ընդգրկվել է Ամերիկյան խնամատարության կոմիտեում:

 

 

Առաջին հանրապետության անկումից հետո մեկնել է Բուլղարիա, հետո տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ղեկավարել է Նանսենյան գրասենյակը և շարունակել գրական գործունեությունը: Պերճուհի Պարտիզպանյանը մահացել է 1940-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:

 

 

Գրականագետների կողմից հատկապես բարձր է գնահատվել նրա 1938-39 թթ. Բոստոնի «Հայրենիք» ամսագրում հրատարակված «Խանձված օրերը» գիրքը, որում նա ամբողջացրել է Պոլսո կյանքի, Եղեռնի մասին հիշողությունները: Գիրքը հետագայում վերահրատարակվել է 2004 թ.-ին ֆրանսերեն՝ հեղինակի որդու թարգմանությամբ և թոռների օժանդակությամբ, և այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին դրվել հայ ընթերցողի սեղանին ազգային գործիչ, գրող Հակոբ Պալյանի ջանքերով. «Սա մի մեծ հանրագիտարան է, որով կարող ես ապրել այն օրերի և՛ սարսափը, և՛ հայ կանանց քաջությունը: Նա կարողացել է ստեղծել իրականի և անիրականի աշխարհը` գեղարվեստի սուրբ օրենքներով հյուսելով այդ ամենը իրար»…

 

 

Առավել մանրամասն  այստեղ

 

 

 

Դիտումների քանակը` 405

Վերադառնալ վերև