Նոյեմբերի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած ՖԵՄԻՆՆՈ կազմակերպության կողմից նախաձեռնված «STEM/ԲՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի 2025 թվականի ամփոփիչ մրցույթը, որին մասնակցում էին 160 աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Ամառային եռամսյա ծրագրի ընթացքում 7-12-րդ դասարաններում սովորող աղջիկները մտահղացել, զարգացրել եւ իրագործել էին STEM/ԲՏՃՄ (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) նախագծեր, որոնք մրցում էին լավագույնը ճանաչվելու եւ պարգեւների արժանանալու համար։
Ծրագրի մասնակցության հայտը լրացրել էր 300-ից ավելի աղջիկ՝ Հայաստանի բոլոր մարզերից, որոնցից մրցույթը հաղթահարել էր 200-ը։ Ցանկանալով մասնակիցների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են անծանոթ միջավայրում աշխատելը և թիմային հարաբերություններ կառուցելը, մրցույթն անցած երեխաներից կազմվել էր 20 թիմ՝ մարզային խառը բաշխվածությամբ, յուրաքանչյուրում՝ 10 մասնակից։
«STEM/ԲՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի կարգախոսն է «Գիտությանն ավելի շատ աղջիկներ են պետք», եւ արձանագրելով ծրագրի հսկայական ազդեցությունը դպրոցահասակն աղջիկների աճի եւ հետաքրքրությունների զարգացման գործում՝ ՖԵՄԻՆՆՈ-ն այն դարձրել է ամենամյա։ Այս տարի էլ նախագծի մրցութային բնույթը թույլ էր տալիս մասնակիցների մեջ խրախուսել մրցակցությունը և դրա հիման վրա՝ առավել մեծ ջանքեր ներդնելով արդյունքի հասնելու ձգտումը։ Իսկ անցած տարվա լավագույն մասակիցների մոտ 50-ն ընտրվել էին որպես ծրագրի դսպաններ եւ մենթորի օգնականներ՝ ստանձնելու ավելի մեծ պատասխանատվություն ու թիմային առաջնորդի դեր։
«Մենք հիացած ենք տեսնել ծրագրի բացահայտ արդյունքները՝ այն աճը, որ հատկապես տեսանելի է ծրագրի մեկնարկից մինչեւ ավարտը, եւ հատկապես երբ համեմատում ենք անցած տարի մասնակցած աղջիկների անհամեմատ մեծ տարբերությունը, թե որքան ինքնավստահ են, որքան համարձակ են, եւ որքան ավելի լավ են պատկերացնում STEM ոլորտները։ Պարտադիր չէ, որ մասնակիցները բոլորը բնագիտությամբ զբաղվեն ապագայում, բայց այս մրցույթը հաստատ շատ բան է փոխել կրթության ու ուսումնառության շուրջ նրանց պատկերացումներում։ Ես չեմ կասկածում, որ մի օր իսկապես հպարտանալու ենք նաեւ այս աղջիկներից շատերի նվաճումների համար», – նշում է ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր և նախագծի հեղինակ Սեդա Պապոյանը։
Կազմակերպիչները հոգացել էին, որ մրցույթում, այդուհանդերձ, պարտվողներ չլինեն։ Մասնագիտական ժյուրիի գնահատմամբ հաղթող ճանաչվեցին 5 թիմեր, ովքեր արժանացան «ամենա-ամենա» անվանակարգին ու տեխնոլոգիական նվերների, իսկ մյուսների համար սահմանվել էին հատուկ խրախուսական անվանակարգեր՝ համապատասխան նվերներով։ Հաղթող թիմերից մեկի հետազոտությունը ականջակալների վնասի մասին էր, մյուս խումբը արհեստական բանականության կիրառությամբ փոդքասթերի շարք էր ստեղծել պատմությանը հայտնի կին գիտնականների մասնակցությամբ, մեկ այլ խումբ բացառապես բնական գունանյութերով ու բաղադրիչներով կոսմետիկ միջոցներ էր պատրաստել, մյուսը համակարգ էր ստեղծել արհեստական բանականության օգնությամբ պատանիների համար կիբերանվտանգ միջավայր ստեղծելու նպատակով, իսկ մի խումբ էլ նախագծել էր բույսերի արդյունավետ աճի համար նախատեսված ծրագիր եւ ուղեցույց, թե, օրինակ, ինչպես են ազդում երաժշտությունը, լույսը, միջավայրը եւ այլ գործոնները։
«STEM/ԲՏՃՄ խթանման մրցանակաբաշխություն» ծրագրի իրականացմանն աջակցել են ամերիկյան Հենրի Լյուս եւ Թրայվ Արմենիա հիմնադրամները։ ՖԵՄԻՆՆՈ-ի թիմը նախատեսում է պահպանել ծրագրի ամենամյա բնույթն ու ներգրավել առավել մեծ թվով աղջիկների։ «Այս բացահայտ աճն ու արդյունքները մեզ պարտավորեցնում են շարունակել ծրագիրն ու ապացուցել, որ Հայաստանում գիտության ապագան նաեւ աղջիկների ձեռքերում է», – նշեց Սեդա Պապոյանը։

Նոյեմբերի 15-ին Երևանում կայանալու է FemInno 2025 տեխնոլոգիական համաժողովը, որը կազմակերպվում է արդեն 4-րդ տարին և նպատակ ունի ներկայացնելու Հայաստանում բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված կանանց ու նպաստելու նրանց զորեղացմանը, ինչպես նաև խթանելու երիտասարդ կանանց շրջանում հետաքրքրվածությունը տեխնոլոգիաների հանդեպ ։