Սեպտեմբեր 02, 2025

Պեկին +30․  Իրավունքներ, Հավասարություն, Զորացում․ մոնիթորինգի արդյունքներ

ՄԱԿ-ի Զարգաման ծրագիրը և WomenNet.am-ը ազդարարում են   «Պեկին +30․  Իրավունքներ, Հավասարություն, Զորացում» քարոզարշավի մեկնարկը, որը հիմնված է Հայաստանում Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման վերլուծական զեկույցի (մոնիթորինգի) տվյալների վրա և և նպատակ ունի  իրազեկել  հանրությանն այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացի և խոչընդոտների մասին։

«Հայաստանում Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացն ու մարտահրավերները» մոնիթորինգն անցկացվել է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի փորձագիտական թիմի կողմից «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Մոնիթորինգի արդյունքներն ամփոփվել  են  վերլուծական զեկույցում, որը անկախ փորձագիտական գնահատական է ներկայացնում «Կանայք իշխանությունում և որոշումների կայացման մակարդակում», «Կանայք և տնտեսությունը», «Կանայք և շրջակա միջավայրը», «Կանայք և զանգվածային լրատվության միջոցները» ոլորտներում արձանագրված առաջընթացի ու ձեռքբերումների, ի հայտ եկած մարտահրավերների ու խոչընդոտների մասին։ Այն կարող է դիտարկվել ոչ միայն որպես Պեկինի գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման վերաբերյալ ընթացիկ իրավիճակն անկախ գնահատելու, առաջընթացը չափելու, մարտահրավերները բացահայտելու լրացուցիչ միջոց, այլ նաև որպես Պեկին + 30 միջազգային գործընթացում Հայաստանի քաղաքացիական հասարակության կարծիքը ներկայացնող ներդրում։

Պեկինի գործողությունների ծրագրի ընտրված ոլորտներում առաջընթացի և բացահայտված խնդիրների վերլուծության արդյունքում մշակվել են առաջարկություններ, որոնք հիմնված են պեկինյան բոլոր գործընթացները բնութագրող ՀՀ Կառավարության և ոչ կառավարական կազմակերպությունների ջանքերի մեկտեղման գաղափարի վրա և հասցեագրված են պետական կառույցներ-քաղաքացիական հասարակություն ձևաչափով համագործակցության հարթակներին։ Գնահատման արդյունքում արված առաջարկությունները կարող են օգտագործվել որպես շահերի պաշտպանության գործիք Հայաստանում գենդերային հավասարության օրակարգն առաջ մղելու հարցում:

Սույն հրապարակման շրջանակում ներկայացվում են  «Կանայք իշխանությունում և որոշումների կայացման մակարդակում» ոլորտում իրականացված վերլուծության արդյունքները և առաջարկությունները։  Պեկինի գործողությունների ծրագրի մյուս ոլորտների վերլուծության արդյունքները կհրապարակվեն հաջորդիվ։  

«Պեկին +30․  Իրավունքներ, Հավասարություն, Զորացում» քարոզարշավի բոլոր նյութերը հասանելի են WomenNet.am կայքի  և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Gender Equality Portfolio ֆեյսբուքյան էջերում։

Կանայք իշխանության մեջ եվ որոշումների կայացման  մակարդակում. ձեռքբերումներ և մարտահրավերներ

Պեկինի գործողությունների ծրագրով «Կանայք իշխանության մեջ և որոշումների կայացման մակարդակում» ոլորտում երկու ռազմավարական նպատակներ են նախանշված, որոնք առանցքային նշանակություն ունեն պետական քաղաքականության վրա ներազդելու և իշխանական լծակներին տիրապետելու կանանց հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից․

1. Իշխանության կառույցներին և որոշումների կայացմանը կանանց հավասար հասանելիություն և լիարժեք մասնակցություն ապահովելու միջոցների ձեռնարկում։

2. Որոշումների կայացման մակարդակում կանանց մասնակցության և առաջնորդության կարողությունների ընդլայնում:

Հայաստանում «Կանայք իշխանության մեջ և որոշումների կայացման մակարդակում» ոլորտում Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը նկատելի է հետևյալ ուղղություններով․

  • 2021 թվականից խորհրդարանում կանանց ներկայացվածության կտրուկ աճ՝ պայմանավորված Ընտրական օրենսգրքում ամրագրված 30% գենդերային քվոտայի ուժի մեջ մտնելով և պարզ համամասնական ընտրակարգին անցնելով.
  • 2021 թվականից տեղական իշխանության մեջ կանանց ներկայացվածության կրկնակի աճ՝ պայմանավորված 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգին անցնելով.
  • 2024 թվականի դեկտեմբերից Հայաստանի նախարարների կաբինետում կանանց թվի կտրուկ աճ՝ պայմանավորված 4 կին նախարարների ներկայացվածությամբ։

Տվյալները՝

ՀՀ Կառավարության և ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքեր,

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:  

2025 թվականի դրությամբ կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում 36.4% է, ինչը գերազանցում է ընտրություններին կիրառվող գենդերային քվոտայի չափը (30%) և աշխարհի խորհրդարաններում կին պատգամավորների  ընդգրկվածության միջին ցուցանիշը (27.2%):

Գենդերային քվոտայի շնորհիվ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական կազմում կանանց ներկայացվածության բարձրացումը (36.4%) չի զուգորդվել խորհրդարանի ղեկավար կազմում նրանց ընդգրկմամբ՝ ԱԺ խորհրդի 15 անդամից միայն երկուսն են կին (13.3%)։ Մինչդեռ աշխարհում նկատվող միտումների համաձայն՝ խորհրդարաններում կանանց ներկայացվածության բարձրացման հետ մեկտեղ (27.2%) աճում է նաև կանանց թիվը խոսնակների  պաշտոններում (23.8%):

Տվյալները՝

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք,

Միջխորհրդարանական միություն։

2021 թվականից Հայաստանի ավագանիների կազմում կանանց ներկայացվածության զգալի առաջընթաց է արձանագրվել (28.8%)` պայմանավորված 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ՏԻՄ ընտրություններում համամասնական ընտրակարգի անցմամբ և ըստ այդմ գենդերային քվոտայի կիրառմամբ։ Դրա հետ մեկտեղ դեռևս ցածր է մնում կանանց թիվը համայնքների ղեկավարների պաշտոններում (5.6%)։

Տվյալները՝

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Առաջընթացի հետ մեկտեղ, ի տարբերություն Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին գենդերային քվոտայի կիրառման առաջանցիկ արդյունքների, մարզերում ՏԻՄ ընտրություններին մի շարք խնդիրներ են բացահայտվել, որոնք ազդել են գենդերային քվոտայի արդյունավետության վրա։

  • Ավագանիներում կանանց ներկայացվածության ընդհանուր ցուցանիշը՝ 28.8%, զգալիորեն ցածր է, քան Երևանի ավագանիում արձանագրված 38.5%-ը։
  • Հայաստանի ավագանիներում կանանց ներկայացվածությունը տարբերվում է ըստ մարզերի՝ հասնելով առավելագույնի՝ 34%-ի Շիրակի մարզում և նվազագույնի՝ 13.1%-ի Արագածոտնի մարզում։
  • Հանրապետության 71 համայնքի ավագանիներից մոտ մեկ երրորդում կանանց ներկայացվածության ցուցանիշը զգալիորեն ցածր է սահմանված քվոտայից։
  • 2024 թվականի դրությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգում ներկայացված 52 քաղաքական ուժերից՝
  • 28-ն ապահովել են իրենց խմբակցություններում 30%-ից բարձր ներկայացվածություն.
  • 11-ն իրենց խմբակցություններում ընդգրկել են 25-30% կին.
  • 13-ը ձևավորել են խմբակցություններ կանանց 25%-ից ցածր ներկայացվածությամբ կամ ընդհանրապես առանց կանանց.
  • Կանանց ինքնաբացարկների ու մանդատից հրաժարվելու արդյունքում առնվազն 30 դեպք է արձանագրվել, երբ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանիների կամ առանձին խմբակցությունների կազմում բացակայում են կանայք։

Փորձագետների գնահատմամբ, ՏԻՄ ընտրություններին արձանագրված կանանց ինքնաբացարկներն ու մանդատից հրաժարումները կուսակցությունների դաշտում են և պայմանավորված են մի քանի հանգամանքով․

  • կուսակցությունների մեծ մասում տեղական կառույցների կայացվածության խնդիրների, ՏԻՄ ընտրություններից անմիջապես առաջ ստեղծված կուսակցությունների կադրային խնդիրները, դիտորդների բնորոշմամբ, հանգեցրել են ընտրացուցակներում կանանց «ձևական ներգրավման» երևույթին.
  • ընտրացուցակներում համայնքապետարաններում աշխատող կանանց ներգրավման տարածված գործելակերպը հանգեցրել է նրան, որ այդ կանայք ընտրություններից հետո հրաժարվել են մանդատներից՝ գերադասելով շարունակել իրենց վարձատրվող աշխատանքը համայնքապետարանում.
  • կանայք կարող էին դիմել ինքնաբացարկի քաղաքական բնույթի ճնշումների հետևանքով կամ կուսակցության որոշման արդյունքում և այլն։

Առաջարկություններ

Հիմք ընդունելով Պեկինի գործողությունների ծրագրի «Կանայք իշխանության մեջ և որոշումների կայացման մակարդակում» ոլորտի հանձնարարականների իրականացման վերլուծության արդյունքները և նպատակ ունենալով նպաստելու բացահայտված խնդիրների հաղթահարմանը,

առաջնորդվելով Պեկինի գործողությունների ծրագրի հանձնարարականներով, որոնք պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ջանքերի մեկտեղում են ենթադրում նախանշված նպատակներին հասնելու համար,

Առաջարկվում է

 կատարելագործել համագործակցության տարբեր ձևաչափերը

պետական կառավարման մարմինների, ՀՀ Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ՝

ներառելով դրանց համագործակցության օրակարգերում հետևյալ գործողությունները.

  • Աջակցել  Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացմանը՝ կառավարման բոլոր ոլորտներում և որոշումների կայացման մակարդակում գենդերային խտրականության հաղթահարման, կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործման շուրջ շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցության համար պաշտոնապես հաստատված հիմքեր ապահովելու նպատակով:
  • Ցուցաբերել հետևողականություն գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բոլոր մակարդակներում, ՏԻՄ համակարգում կանանց քաղաքական առաջընթացի մշտադիտարկումներ իրականացնելու և հավաքագրվող վիճակագրական տվյալների և ցուցանիշների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ։
  • Ապահովել կանանց քաղաքական առաջընթացի տվյալների, ձեռքբերումների և խնդիրների շուրջ տեղեկատվության լայն տարածումը։
  • Մշտադիտարկել կուսակցություններում կանանց քաղաքական առաջընթացի ապահովմանն ուղղված օրենսդրական մեխանիզմների արդյունավետությունը, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտայի և «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նպատակային ֆինանսավորում ստանալու նախապայմանների տեսքով ամրագրված մեխանիզմի կիրառման արդյունավետությունը:
  • Հետևողականություն ցուցաբերել բոլոր մակարդակների ընտրություններին կանանց մասնակցության վերաբերյալ տվյալների հավաքագրման և հրապարակման գործելակերպի շարունակականության հարցում։
  •  Աջակցել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին իր գործառույթների շրջանակում ընտրական գործընթացների գենդերային համընդգրկման գործում:
  • Աջակցել  ՄԻՊ-ի գրասենյակում ներդրված Գենդերային հավասարության պարգևադրոշմի նորարարական նախաձեռնության շարունակականությանը և պետական այլ հաստատություններում ներդրմանը։
  • Աջակցել կուսակցություններում գենդերային իրավիճակը գնահատելու նպատակով  գենդերային աուդիտի գործիքի ներդրմանը։
  • Աջակցություն ցուցաբերել կուսակցություններին գենդերային համընդգրկման ճանապարհային քարտեզն իրագործելու հարցերում։
  • Շարունակել կանանց քաղաքական մասնակցության խնդիրների շուրջ հանրային ընկալումների պարբերական հարցումների և հետազոտությունների իրականացումը։
  • Ընդլայնել կին քաղաքական գործիչների մասին հաջողված պատմությունների պատրաստման և տարածման նախաձեռնությունները՝ կարևորելով հաջողակ կանանց դերային մոդելների ձևավորումը որպես հանրային կարծրատիպերը հաղթահարելու միջոց։
  • Ակտիվացնել և կատարելագործել ԱԺ-ՔՀԿ հարթակի աշխատանքները, ընդլայնել քննարկվող հիմնախնդիրների շրջանակը։
  • Աջակցել  քաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, նախևառաջ՝ կուսակցությունների պատասխանատու մասնակցությանը կանանց քաղաքական առաջնորդության ձևավորման նախաձեռնություններին և ծրագրերին:
  • Ընդլայնել կանանց քաղաքական զորացմանը միտված մենթորական ծրագրերը իշխանության մեջ ներկայացված կանանց, կուսակցություններից և ՔՀԿ-ներից ակտիվ կանանց ներգրավմամբ։
  • Աջակցել ՏԻՄ համակարգին վերաբերող օրենսդրության համապատասխանեցմանը համայնքների միավորման գործընթացների և համամասնական ընտրակարգի անցնելու առանձնահատկություններին, հետևողականություն ցուցաբերել «Տեղական ինքնակառավարման մասին» փոփոխվող օրենքում գենդերազգայուն դրույթների ներառման հարցում։
  • Աջակցել  հանրային կառավարմանը վերաբերող բոլոր փաստաթղթերի և օրենքների գենդերային համընդգրկման ապահովմանը։

***

«Հայաստանում Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացն ու մարտահրավերները» վերլուծական զեկույցը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կամ այլ գործընկերների տեսակետները: