Օգոստոս 01, 2026

Շուտով՝ առցանց․ Կանանց քաղաքական մասնակցության գրադարան

Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանցն  ազդարարում է, որ  շուտով իր աշխատանքը կսկսի Կանանց քաղաքական մասնակցության էլեկտրոնային գրադարանը: Այն մասնագիտացված էլեկտրոնային շտեմարան է, որի նպատակն է հավաքագրել, համակարգել և հանրայնացնել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությանը  վերաբերող իրավական, ակադեմիական, վիճակագրական և քարոզչական նյութերը:

Կանանց քաղաքական մասնակցության գրադարանը պարզապես նյութերի պահոց չէ, այլ գործիք է բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են գենդերային հավասարությունը, կանանց առաջնորդությունն ու մասնակցային ժողովրդավարությունը:

Մեկ հարթակում hամախմբված են  լինելու ոլորտին առնչվող կարևորագույն ռեսուրսները, որոնք բաժանված են հետևյալ հիմնական բաժինների․

  • Իրավական հիմքեր և փաստաթղթեր (միջազգային և տեղական) — Ներառում է կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ  հիմնարար միջազգային պայմանագրերը, կոնվենցիաները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունն  ու ռազմավարությունները:
  • Հետազոտություններ — Ներկայացնում է ոլորտային վերլուծություններ, փորձագիտական զեկույցներ և ուսումնասիրություններ, որոնք վեր են հանում կանանց քաղաքական մասնակցության խոչընդոտներն ու հնարավորությունները:
  • Վիճակագրական տվյալներ — Թվային ու համեմատական տվյալներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության, ղեկավար պաշտոններում նրանց ներգրավվածության և դինամիկայի վերաբերյալ:
  • Քարոզչական նյութեր — Սոցիալական հոլովակներ, տեղեկատվական թերթիկներ, ուղեցույցներ և տեսանյութեր, որոնք միտված են հանրային իրազեկման բարձրացմանը և կանանց քաղաքական առաջընթացի խրախուսմանը:

Ո՞րն է նպատակը․

Նոր ռեսուրսը միտված է  Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության հիմնախնդրի շուրջ առկա գիտելիքի համակարգմանը, հանրային և մասնագիտական երկխոսության զարգացմանը։

Մեր նպատակն է տեղեկատվության և գիտելիքի միջոցով ուժեղացնել կանանց ձայնը քաղաքականության մեջ և նպաստել իրական գենդերային հավասարության կայացմանը:

 Ու՞մ համար է նախատեսված․

Հետազոտողների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, քաղաքականություն մշակողների և յուրաքանչյուրի համար, ով ձգտում է դեպի հավասար ու ներառական հասարակություն:

Մեր կարգախոսն է ․

ԳԻՏԵԼԻՔԻՑ՝ ԴԵՊԻ ՀԱՎԱՍԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ։

Շուտով՝ առցանց

Կանանց քաղաքական մասնակցության  էլեկտրոնային գրադարան՝ թվային հարթակ, որն ամփոփում է Հայաստանում կանանց քաղաքական առաջընթացի ուղին: