Անահիտ Հարությունյան. «Եթե վստահում ես քո ուժերին և ունես նպատակ․․․»

Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքում էկոլոգիապես մաքուր, առանց քիմիական հավելումների և ներկանյութերի Sunny Food ապրանքանիշի պահածոների արտադրամասի սեփականատեր Անահիտ Հարությունյանի ներկայացմամբ՝ իրենց  ընտանեկան բիզնեսը կանաչ գյուղատնտեսության սկզբունքների վրա է հիմնված՝ նոր բարիք են ստեղծում՝ օգտագործելով հողի պարգևած բերքն ու պտուղը, վնաս չհասցնելով բնությանը և խնայողաբար օգտվելով ջրային և էներգետիկ ռեսուրսներից։

Դեռևս 2000-ականների սկզբին հիմնադրված, պարբերական դադարներով գործած պահածոների արտադրամասի կառավարումը Հարությունյանների ընտանիքն Անահիտին վստահեց, երբ նա ընդամենը 19 տարեկան էր:

Նկատելով ավագ դստեր հետաքրքրվածությունը բիզնեսով՝ 2019 թվականին որոշում են ընտանեկան բիզնեսը հանձնել նրան:

«Ծնողներս միշտ վստահել են մեզ ու ներգրավել բոլոր ընտանեկան գործերում: Գիտակցելով, որ պապիս ու տատիս հիմնած բիզնեսի վերագործարկմամբ ու պահպանմամբ վաղ թե ուշ մենք՝ երեխաներս, պետք է զբաղվենք, հայրս որոշեց ինձ վստահել բիզնեսի կառավարումը»,- պատմում է Անահիտը:

Բիզնեսի սեփականատեր դարձած երիտասարդ աղջկա առաջին միտքն էր՝ ինչպե՞ս սկսել, որտեղի՞ց սկսել... Փնտրտուքների ժամանակաշրջանը համընկնում է քովիդի համավարակով պայմանավորված սահմանափակումների հետ, ու տանը մեկուսացված Անահիտը փոքր քրոջ հետ սկսում է մտածել աջակցության ծրագրերին դիմելու ու արտադրամասը գործարկելու հնարավորությունների մասին:

Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը դառնում է շրջադարձային՝ արտադրամասը վերազինելու ու վերագործարկելու համար:

«Երբ ծրագրի անվանման մեջ նկատեցինք «կանաչ գյուղատնտեսություն» արտահայտությունը, հասկացանք, որ դա հենց մեր արտադրության հիմքում ընկած գաղափարն է: Մենք օգտագործում ենք գյուղացիների արտադրած տեղական պտուղ-բանջարեղենը և դրանց վերամշակման արդյունքում առաջացած թափոնները (մրգի և բանջարեղենի կեղևը, մրգային խյուսը և այլն) վերադարձնում նրանց՝ որպես անասնակեր օգտագործելու կամ բնական պարարտանյութ ստանալու համար: Վերամշակման ընթացքում օգտագործվող ջուրն իզուր չվատնելու նպատակով այն ուղղում ենք դեպի ոռոգվող տարածքներ,- պատմում է Անահիտն ու նկատում,- Հայաստանի նման փոքր երկրների համար, կարծում եմ, շատ կարևոր է հումքի բազմակի ու բնական ռեսուրսների խնայողական օգտագործումը»:

Երիտասարդ գործարարը նպատակ ուներ արևային էներգիայի օգտագործման շնորհիվ կրճատել սահմանամերձ Ղարիբջանյան համայնքում գործող արտադրամասի էներգետիկ ծախսերը: Միաժամանակ պետք է լուծվեր նաև արտադրական ծավալների ընդլայնմանը խոչընդոտող սառնարանների բացակայության խնդիրը, ինչը թույլ չէր տալիս ապահովել մթերվող մեծածավալ պտուղ-բանջարեղենի որակական հատկանիշների երկարաժամկետ պահպանումը:

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում Sunny Food-նաջակցություն է ստանում ոչ միայն արևային համակարգ տեղադրելու, այլև սառնարաններ և մակնշման ավտոմատ սարք ձեռք բերելու համար:

Արտադրամասի վերազինման շնորհիվ այն 2022 թվականի հունիսին վերաբացվում է՝ դառնալով նշանակալի իրադարձություն ողջ համայնքի համար, որի բնակիչները հնարավորություն ստացան ոչ միայն տեղում իրացնել աճեցված գյուղմթերքը, այլև ապահովված լինել սեզոնային աշխատանքով՝ մասնակցելով կանաչ պարենի չափորոշիչներին համապատասխանող արտադրանքի ստեղծմանը։

«Մեր գյուղը սահմանամերձ է, աշխատատեղերը քիչ են, փորձում ենք օգտակար լինել համայնքին։ Արտադրամասում աշխատողների գերակշիռ մասը կանայք են, նրանց աշխատանքով ապահովելով նպաստում ենք ոչ միայն այդ կանանց, այլև իրենց ընտանիքների բարեկեցությանը»,- ասում է Անահիտը:

Պահածոյացման սեզոնին արտադրամասն աշխատանքով է ապահովում մինչև 10 անձի՝ արտադրելով էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակ՝ կոմպոտներ, մուրաբաներ, պահածոյացված բանջարեղեն...

Որպես տեխնիկական աջակցություն ստացված արևային համակարգը գրեթե ամբողջությամբ բավարարում է արտադրամասի էներգետիկ կարիքները՝ նպաստելով կանաչ գյուղատնտեսության ու նորարար մոտեցումների ներդրմանը, իսկ սառնարանների շնորհիվ հնարավոր է դարձել մթերել ու անկորուստ պահպանել պտուղ-բանջարեղենի օգտակար հատկությունները:

Անահիտի դիտարկմամբ՝ ծրագրի շնորհիվ ստացել են ավելին, քան միայն տեխնիկական աջակցությունն է:

«Ծրագիրը մեզ շատ մեծ մոտիվացիա է տվել սահմանամերձ գյուղական բնակավայրում բիզնեսը վերագործարկելու ու ընդլայնելու առումով: Այն մեզ տվել է հույս՝ ամեն ինչ նորից սկսելու, նոր թափով ու ավելի արդյունավետ ձևով մեր բիզնեսը զարգացնելու համար»:

Ընկերության վերազինումից հետո Անահիտն սկսել է մտածել ապրանքանիշի վերաբրենդավորման մասին: Ընկերությունն արդեն իսկ նորաոճ տարաների մեծ խմբաքանակ է ներկրել արտերկրից: Այժմ ակտիվ ընթացքի մեջ են նոր տարբերանշանի ու պիտակների ձևանմուշների ստեղծման աշխատանքները:

Երիտասարդ գործարարի առաջ ծառացած հերթական մարտահրավերը շուկայում ճիշտ դիրքավորվելն է:

«Փոքր բիզնեսի ամենամեծ դժվարությունը շուկայում իր տեղը գտնելն է: Մրցակցային ռիսկերը հաշվի առնելով՝ հիմա աշխատում ենք մարքեթինգային առաջխաղացման ուղղությամբ, փորձելով հաճախորդին գրավել էկոլոգիապես մաքուր արտադրանքով ու դրա ստեղծման գործում ներդրված նորարարական մոտեցումներով: Եթե ամեն ինչ ստացվի մեր նախատեսածով, այս տարի, կարծում եմ, կկարողանանք ավելացնել արտադրանքի ծավալներն ու հաճախորդին ներկայանալ նոր ոճով»,- ասում է Անահիտը, ով  ծրագրի շրջանակում մասնակցում է  Ավստրիական զարգացման գործակալության կողմից կազմակերպված սոցիալական մեդիայի կառավարման խորացված դասընթացներին՝ մարքեթինգային նոր գործիքներին  տիրապետելու նպատակով։

Նոր գաղափարներով ոգևորված երիտասարդ գործարարը համոզված է՝ եթե վստահում ես քո ուժերին և ունես նպատակ, չհաջողելն ուղղակի անհնար է:

«Իհարկե, դժվարություններ էլ են լինում, դրանք երբեմն կարող են նաև թևաթափ անել, բայց եթե մարդն ունի նպատակ, գիտի՝ ինչի՞ համար ու ո՞ւր է գնում, կարծում եմ, ամեն ինչ հաղթահարելի է»․․․

Գայանե Սարգսյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:

© 2023 Ավստրիական զարգացման գործակալություն:

Բոլոր իրավունքները պաշտպանված են.

Արտոնագիր՝ Եվրոպական միություն

EU-GAIA ծրագրի մասին

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: