Տեսանելի դարձնել կանանց ընտանեկան և խնամքի աշխատանքը

Հայաստանի Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ առաջիկայում  իրականացնելու է ժամանակի օգտագործման ազգային լայնամասշտաբ հետազոտություն։ Վերջին անգամ նման հետազոտություն իրականացվել է Հայաստանում  15 տարի առաջ՝ 2008 թվականին ուսումասիրությունը կատարվել է 512 տնային տնտեսությունների 15-80 տարեկան բնակչության շրջանում։ Հետազոտությունն իրականացվել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Այս անգամ  հարցումներ կանցկացվեն 3200 տնային տնտեսություններում:

ժամանակի օգտագործման հետազոտությունները նպատակ ունեն պարզելու  ինչպե՞ս են մարդիկ «ծախսում» կամ բաշխում իրենց ժամանակը որոշակի ժամանահատվածում , սովորաբար օրվա կամ շաբաթվա ընթացքում , որքա՞ն ժամանակ են հատկացնում կանայք ու տղամարդիկ վճարվող և չվճարվող աշխատանքի (  տնային և   ընտանիքի խնամքը ապահովող աշխատանք), ինչպես նաև հանգստի վրա։ Ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտելու կանանց ու տղամարդկանց ժամանակի օգտագործման տարբերությունները  և կարևոր է կանանց տնտեսական առաջընթացն ապահովելու տեսակետից։

Համաշխարհային մասշտաբով ժամանակի օգտագործման հետազոտությունների միջոցով վեր են հանվում գենդերային անհավասարությունները՝ չափելով կանանց և տղամարդկանց կողմից վճարովի և չվճարվող աշխատանքի վրա ծախսված ժամանակը։ Հեռանկարում հետազոտության արդյունքները կծառայեն ոլորտի քաղաքականության արդյունավետ միջոցառումների իրականացմանը և կխթանեն խնամքի տնտեսության մեջ լայնամասշտաբ ներդրումները՝ ճանաչելու, նվազեցնելու և վերաբաշխելու կանանց անհամաչափ աշխատանքային բեռը։

Հետազոտությունը կապահովի կանանց և տղամարդկանց կողմից ժամանակի օգտագործման օրինաչափությունները բնութագրող ցուցանիշների շրջանակ՝ ներառելով նաև ազգային հաշվետվողականության համար անհրաժեշտ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) թիրախ 5.4-ի ելակետային ցուցանիշը՝ ճանաչելու և արժեվորելու տնային և խնամքի չվճարվող աշխատանքները։

Ընտանեկան կենցաղավարությունը հիմնականում իրականացվում է համեստ, բայց անփոխարինելի աշխատուժի՝ կանանց կողմից, ովքեր լռելյայն և առանց ճանաչման զբաղվում են տնային և խնամքի չվճարվող աշխատանքներով։ Յուրաքանչյուր անցնող օր ականատեսն ենք տնային խնամքի կարևոր այս աշխատանքին հատկացված 16,4 միլիարդ ժամաքանակի՝ համարժեք 2 միլիարդ մարդու կողմից օրական ութ ժամ առանց վարձատրության աշխատանքի։ Ըստ այդմ՝ տնային խնամքի չվճարվող աշխատանքի իրական արժեքը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 9%-ը կամ 11 տրիլիոն ԱՄՆ դոլար։

Գնահատումները ցույց են տալիս, որ Ս՜ԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի երկրների միայն 20%-ն ունեն տվյալներ տնային և խնամքի չվճարվող աշխատանքների վրա ծախսված ժամանակի վերաբերյալ։ Հայաստանի ժամանակի օգտագործման հետազոտությունը ևս մեկ կարևոր ձեռքբերում է՝ տարածաշրջանում այս թեմայի վերաբերյալ տվյալների հասանելիությունն ընդլայնելու առումով։

ժամանակի օգտագործման հետազոտությունն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Ավստրիական զարգացման գործակալության և Ս՜ԱԿ Կանանց «Յուրաքանչյուր կնոջ և աղջկա ներուժի իրացում» առաջատար ծրագրի կողմից։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի մամուլի հաղորդագրության

Պատկերազարդումը՝ ՄԱԿ-Կանայք