Հոկտեմբեր 11, 2023

Արցախի աղջիկների օրը

Հոկտեմբերի 11-ը ՄԱԿ-ի օրացույցով Աղջիկ երեխաների միջազգային օրն է և անկախ նրանից ինչ թեմային է այն նվիրված այս տարի,  մենք պետք է  օգտագործենք  այս առիթը՝ ևս մեկ անգամ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը հայրենիքից բռնի տեղահանված Արցախի երեխաների ոտնահարված իրավունքների խնդրին։ Անցնելով դաժան շրջափակման , սովի և զրկանքների, պատերազմի և ռմբակոծությունների ահ ու սարսափի, հարազատների կորստի միջով և բռնելով գաղթի անդառնալի  ճամփան նրանք այսօր զրկված են իրենց նախնիների հողում խաղաղ ու ազատ ապրելու բնատուր իրավունքից․․․․

Ավելի քան 30 հազար արցախցի երեխա է  ապաստան գտել  այսօր Հայաստանում։  Ի լրումն տեղահանության, այս երեխաները շարունակաբար ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով: Հայաստանում ապաստանած երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. փաստում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցող սոցիալական աշխատողները։  

Գորիսում օրական մինչև 300 երեխա սպասարկող սոցիալական աշխատողները  հայտնում են, որ երեխաները անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը, նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
 
Եվ այս ամենը արցախցի երեխաներին բաժին ընկած տառապանքների մի մասն է միայն․․․Այսօր Արցախից բռնի տեղահանված հազարավոր երեխաներ իրենց ընտանիքների հետ միասին դեռևս բնակվում են ժամանակավոր կացարաններում, որոնցից շատերը չունեն տարրական կենցաղային պայմաններ․․․ Տեղահանավածներին բնակարաններով ապահովելու հարցն այսօր թիվ մեկ խնդիրն է,որ ծառացած է պետության առջև, և դրա շուտափույթ լուծումն արցախցի երեխաների արժանապատիվ ապրելու իրավունքն իրացնելու, նոր միջավայրում արագ ինտեգրվելու, իրենց խաթարված մանկությունը վերագտնելու հիմնական երաշխիքն է։

Լուսանկարները՝

հայաստանյան և միջազգային լրատվամիջոցներից և բաց աղբյուրներից

/Հեղինակներ՝ Անի Բալայան, Դավիթ Ղահրամանյան,

Սիրանուշ Սարգսյան, Հասմիկ Խաչատրյան, Գևորգ Հարոյան/


Իսկ ընդամենը հինգ տարի առաջ 2017-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 25 ամյակի տոնակատարությունների ժամանակ  ֆոտոլրագրողները  երջանիկ դեմքեր և պահեր էին որսում ․․․

Լուսանկարները ՝  Panorama.am

/ Թեհմինա Հարությունյան, Լիլիան Գալստյան/

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի