Դեկտեմբերի 10-ին, ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը՝ հիմքում ունենալով 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա արժանապատվությունը` իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը, ասված է օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձում։
Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում։
WomenNet.am- ը ներկայացնում է ՀՀ Սահմանդրության մեջ ամրագրված այն սկզբունքներն ու լուծումները, որոնք վերաբերում են կանանց իրավունքների և հնարավորությունների ապահովմանը։
Նշենք, որ 2015-ի դեկտեմբերին ուժի մեջ մտած բարեփոխված Սահմանադրությունում կանանց իրավունքներին վերաբերող նոր հոդվածներ են ավելացել, որոնք ներառված են երկրորդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում.
Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Բոլորը հավասար են օրենքի առջև:
Հոդված 29. Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:
Ուշագրավ էնաև 86-րդ հոդվածում զետեղված նպատակներից մեկը.
Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները
Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են`
…
4) կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը.
Փորձագետների գնահատմամբ` Սահմանադրության փոփոխությունների հիմքում ընկած է ոչ միայն կանանց և տղամարդկանց իրավահավասարության ամրագրման, այլև հավասար իրավունքների իրականացման մեխանիզմների ստեղծման գաղափարը, ինչը հավասար հնարավորությունների ապահովման խնդիրն է առաջ բերում: Այսպես, եթե 30-րդ հոդվածով ամրագրվում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը, ապա հնարավորությունների հավասարության անհրաժեշտությունը ի հայտ է գալիս 86-րդ հոդվածով, երբ պետության քաղաքականության որպես հիմնական նպատակ է հայտարարվում «կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը»: Այս առումով կարևորվում է Սահմանսդրության մեջ ամրագրված այն դրույթը, ըստ որի կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի Ազգային ժողովին իր հաշվետվությունը ներկայացնելու շրջանակում անդրադառնալ այն մեխանիզմներին, որոնք ստեղծել է հիմնարար իրավունքների դե ֆակտո ապահովման համար: