Վերջին մեկ տասնամյակում կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքի հարցում բարելավում չի եղել՝ չնայած հանուն կանանց իրավունքների իրականացվող գլոբալ և տեղական հզոր արշավներին, ինչպիսին MeToo-ն է, որն արագորեն տարածվել էր սոցիալական ցանցերում 2017 թվականից՝ քննադատելով սեռական բռնություններն ու ոտնձգությունները աշխատավայրում։ Նման եզրակացության են եկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հեղինակները վերջերս հրապարակած զեկույցում, որը վերնագրված է «Հաղթահարել գենդերային կողմնակալությունը՝ տեղաշարժելով սոցիալական նորմերը դեպի գենդերային հավասարություն»՝ հիմնվելով Գենդերային սոցիալական նորմերի ինդեքսի վրա։ Զեկույցում նշվում է, որ գենդերային կողմնակալության հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է ընդհանուր առմամբ մարդկային զարգացման ցուցանիշների նվազմամբ, ինչն էլ իր հերթին COVID-19 համավարակի հետևանք է։
Գենդերային կողմնակալությունը լուրջ խնդիր է ողջ աշխարհում։ Զեկույցում թարմացվել է Գենդերային սոցիալական նորմերի ինդեքսը (GSNI), որը գնահատում է կանխակալ վերաբերմունքը կանանց և նրանց դերի նկատմամբ չորս առանցքային հարթություններում՝ քաղաքական, կրթական, տնտեսական ոլորտ և ֆիզիկական անձեռնմխելիություն։ Ինդեքսի հաշվարկման համար օգտագործվում են Արժեքների համաշխարհային հետազոտության տվյալները (World Values Survey /WVS), որոնք ցույց են տալիս, թե ինչպես են փոփոխվում արժեքներն ու համոզմունքները ողջ աշխարհում:
Նույնիսկ այն երկրներում, որտեղ գենդերային կողմնակալության դրսևորումները նվազագույն չափով են առկա, մարդկանց ավելի քան մեկ քառորդը ցուցաբերում է կողմնակալության առնվազն մեկ դրսևորում կանանց նկատմամբ։ Սա ցույց է տալիս, որ կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքն առկա է տարբեր տարածաշրջաններում, տարբեր եկամուտ ու մշակույթ ունեցող երկրներում, ինչն այդ երևույթը գլոբալ նշանակության խնդիր է դարձնում։
Ըստ զեկույցում ներառված տվյալների․
Գենդերային կողմնակալության բոլոր դրսևորումներն էլ վնասակար են, բայց որևէ մեկն այդքան ուղղակի ազդեցություն չունի կանանց բարեկեցության վրա, որքան կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը։
Ուշագրավ է, որ բնակչության մեկ քառորդն արդարացի է համարում տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնությունը; Ակնհայտ է, որ կանանց նկատմամաբ բռնության նման սոցիալական ընկալումը բերում է բռնության արդարացման, ինչն էլ դժվարացնում է կանանց կողմից դրա դատապարտումը, սահմանափակում է աջակցության մեխանիզմները։
Փորձագետները կողմնակալ վերաբերմունքը համարում են Կայուն զարգացման նպատակներով (ԿԶՆ) նախանշված գենդերային հավասարության հասնելու, կանանց ու աղջիկների հզորացման հիմնական խոչընդոտը։
Կարևորելով գենդերային կողմնակալ սոցիալական նորմերին անդրադառնալու անհրաժեշտությունը զեկույցի հեղինակները ընդգծում են, որ այդ նորմերն են թերագնահատում կանանց կարողությունները, կաշկանդում կանանց ընտրությունը և հնարավորությունները՝ սահմանելով, թե ինչպիսի վարքագիծ է ակնկալվում կանանցից, ինչպիսին պետք է լինեն, ինչ պետք է անեն։
«Նախապաշարմունքները խոչընդոտներ են ստեղծում կանանց համար և աշխարհի շատ երկրներում «ապամոնտաժում» են կանանց իրավունքները», - նշում են զեկույցի հեղինակները և ընդծում , որ սոցիալական նորմերը, որոնք խաթարում են կանանց իրավունքները, լրջորեն վնասում են ողջ հասարակությանը՝ խոչընդոտելով մարդկային զարգացումը։
Զեկույցին աբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ