ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ կանանց առաջին զորակոչը նախատեսվում է՝ 2024 թ. ձմռանը, բայց հիմնական ակնկալիքները կապված են ամառային զորակոչի հետ։
Կառավարության նիստում պաշտպանության նախարարը ներկայացրել է նախագիծ, որով հստակեցվում է իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության մասով սպասվող զորակոչի գործընթացը:
«Հիշեցնեմ, որ իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինծառայության անցնելու մասին օրենքը ԱԺ-ի կողմից հավանության էր արժանացել, որը ենթադրում է 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների կամավոր, բայց պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգ, և հիմա այս նախագիծն այդ մասին է, որ մենք կարողանանք իրականացնել հաշվառման և կարգավորման հարցեր»,- նշել է Սուրեն Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանել է՝ ինչ է նշանակում կամավոր և պարտադիր զինվորական ծառայություն․
«Իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով վեց ամսվա որոշում կայացնել և համապատասխան որոշումը փաստաթղթավորել, բայց զորակոչվելուց հետո վեց ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր», - ասել է նա։
Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ պարգևատրում, ինչը կարևոր հանգամանք է։
«Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել։ Վեց ամսվա ծառայությունից հետո կանայք կարող են պայմանագիր կնքել և անցնել պայմանագրային ծառայության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով։ 5 տարվա պայմանագիր կնքելու, նաև կամավոր ատեստավորում անցնելու պարագայում, նրանց աշխատավարձերը արդեն կլինեն կրկնապատկված դրույքով՝ կախված իրենց ատեստավորման արդյունքներից»,- նշել է Փաշինյանը։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ ՊՆ-ն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման աշխատանքները։
«Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր ինստիտուտ է ՀՀ–ի համար, և մենք ամեն ինչ անում ենք, որ բոլոր առումներով փորձենք այս ծառայությունը զրոյից ստեղծել մեր ցանկացած հնարավոր ամենապատշաճ մակարդակով»,– ասել է Փաշինյանը։
«Սկզբից շատ կասկածներ կլինեն, քմծիծաղներ, բայց կարևոր է լրջությամբ վերաբերվել խնդրին։ Բանակում չկա կին, բանակում կա՛մ զինվոր է, կա՛մ զինվորական», - նշել է նա՝ հիշեցնելով, որ պարեկային ծառայությունում կանանց ներգրավելու հարցում ևս խնդիրներ կային, դրա համար որոշում կայացրին, որ առաջիկա թափուր հաստիքները լրացնելու են հիմնականում կանանցով։ ՆԳՆ–ն նաև աշխատանքներ անցկացրեց դպրոցների ավարտական դասարաններում` մասնագիտական կողմնորոշման շրջանակներում։
Հիշեցնենք` զինվորական ծառայություն անցնելու դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան կանայք: Ծառայության ժամկետը կկազմի 6 ամիս, ծառայության մեկնարկից առաջ ցանկացած պահի (բայց ոչ մեկնարկից հետո) հնարավոր կլինի հրաժարվել դրանից: Կանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ 6 ամիս անց զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար։ Իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու դեպքում 1 մլն դրամը կբաժանվի 6 ամիսների վրա և պատվո վճարը կհաշվարկվի ծառայության ամիսների հանրագումարի չափով։ Այն կանայք, որոնք 6 ամիս անց կցանկանան շարունակել ծառայությունը ԶՈւ–ում, կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայության։