Տարբեր երկրներում քաղաքական վարքագծի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրողների վարքագծում և հատկապես նախապատվություններում արձանագրվող գենդերային տարբերությունները (gender gap in voting behavior) հաճախ կարող են ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն թողնող թվերի հասնել: Օրինակ՝ որոշ երկրների փորձը ցույց է տալիս, որ կանայք ավելի շատ են հակված համակրելու ձախ գաղափարախոսությամբ կուսակցություններին, քան տղամարդիկ: Հետազոտությունները բացահայտում են նաև, որ կանանց ուժեղ շարժման ավանդույթներ ունեցող երկրներում համախմբված դիրքորոշումներ են ձևավորվում կանանց հուզող կոնկրետ հիմնախնդիրների շուրջ (issue voting):
Հայաստանում քաղաքական ուժերի կողմից երբևիցե չեն արտահայտվել կանանց շահերի և իրավունքների շուրջ կոնսոլիդացված դիրքորոշումներ, հետևապես կին ընտրողների կողմից միասնական քաղաքական նախապատվություններ չեն ձևավորվել։ Այնուամենայնիվ, Հայաստանում որոշակի տարբերություններ կան կանանց ու տղամարդկանց միջև քաղաքական օրակարգի առաջնահերթությունների նկատմամբ վերաբերմունքում, ինչպես նաև համապետական և տեղական մակարդակի ընտրություններին մասնակցության ցուցանիշներում: Դրա մասին են փաստում «Կանանց ընտրական վարքի առանձնահատկությունները 2021 թ. Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրություններում» հետազոտության տվյալները:
Հետազոտությունն իրականացվել է «Ընտրություններ բոլորի համար 2021 - տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի շրջանակներում, որը նպատակաուղղված է Հայաստանի ժողովրդավարական գործընթացի բարելավմանը` խթանելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համակարգված վերահսկողությունը և մշտադիտարկումը 2021 թ. համապետական և տեղական մակարդակներում ներառական, գենդերային զգայուն, թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու գործում:
Հետազոտությունն անցկացվել է Հայաստանում 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նաև 2021 թ. աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ողջ ընթացքում և վերհանում է քաղաքական իրավիճակին և դիտարկված ժամանակահատվածին բնորոշ կանանց և տղամարդկանց ընտրական վարքի առանձնահատկությունները, ինչպես նաև ցույց է տալիս ընտրական վարքի դինամիկան նախորդ՝ 2018 թվականին տեղի ունեցած ընտրությունների համեմատ:
Ուսումնասիրության առարկա է հանդիսացել կանանց ընտրական վարքը, որը նրանք դրսևորում են ակտիվ ընտրական իրավունքի իրացման ընթացքում: Ընտրական վարքը դիտարկվել է ոչ միայն որպես կին ընտրողների մասնակցությունը քվեարկությանը, այլ որպես նրանց վերաբերմունքը ընտրական գործընթացներին, այդ թվում նախընտրական քարոզչությանը, նրանց ընտրական նախապատվությունները և մոտիվացիան, ինչպես նաև նրանց ակնկալիքները կին թեկնածուներից:
Հետազոտության տվյալները փաստում են, որ միջազգային պրակտիկայով հաստատվող ընտրողների մասնակցության առումով դասական գենդերային տարբերությունները տեսանելի են նաև Հայաստանում, ընդ որում՝ և՛ համապետական, և՛ տեղական մակարդակի ընտրություններում: Բացի այդ, որոշակի առանձնահատկություններ են նկատվում կին ընտրողների վարքագծում՝ մոտիվացիայի, ընտրական նախապատվությունների և ակնկալիքների առումով:
Նյութն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ