Հուլիս 26, 2024

«Կատարինե»-ն   մարզեր է մեկնում

Մեկնարկել են Կատարինե կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի մարզային նախագծերը. առաջինը Լոռին է։

Հունիսի 7-ին Վանաձորում տեղի ունեցավ «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի Լոռու տարածքային ցանցի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրն իր շուրջն էր համախմբել բոլոր նրանց, ովքեր կարևորում ու գնահատում են կանանց դերակատարումը՝ երկրի կառավարման ու առաջխաղացման ամենատարբեր մակարդակներում:


«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության մեկամյա ծրագիրը,  որն իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի և ֆինանսավորվում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից, մեկնարկել է 2020 թվականից: Գործունեության երեք տարիների ընթացքում ծրագիրն ունեցել է շուրջ 140 շրջանավարտ, որից 12-ը Լոռու մարզից: 2024 թվականից ծրագիրը շարունակվում է շրջանավարտների տարածքային ցանցերի տեսքով՝ Երևանում և երեք մարզերում՝ Սյունիքում, Շիրակում և Լոռիում ։


«Կատարինե» քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանակներում  Լոռու մարզային թիմի կողմից իրականացվող նախագիծն ուղղված է լոռեցի կանանց առաջնորդության ու քաղաքական ակտիվության ընդլայնմանը։ Նախագծով նախատեսվում են  հեռավար ու դեմ դիմաց հանդիպում-քննարկումներ՝ ակտիվ կանանց հետաքրքրող ամենատարբեր թեմաներով:


Մեկնարկային միջոցառման ընթացքում հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շեշտել է՝ կանանց կարողությունների, առաջնորդության հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերը ուշադրության ու սատարման են արժանի։

- Ցանկացած նախաձեռնություն դրական արդյունք է ունենում, եթե ծառայում է հանուն ընդհանուր շահի ու հանրության բարեկեցության, հանուն սեփական երկրի ու մարզի, մեր համայնքների զարգացման: Այս նախաձեռնությունը հաջող ընթացք և առավել հաջող ավարտ կունենա, քանի որ իմ խորին համոզմամբ` լոռեցի կանայք իրենց վստահված ցանկացած գործ պատվով ու ամենայն պատասխանատվությամբ են կյանքի կոչում,-ասել է մարզպետը:

Ա. Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել սատարել ու ակտիվ համագործակցել  «Կատարինե»-ի  Լոռի նախագծի թիմի հետ՝ կանանց առնչվող մարզային խնդիրներն ու խոչընդոտները վեր հանելու ու դրանց լուծմանն ուղղված համատեղ քայլեր իրականացնելու համար:


Մարզային ծրագրի պաշտոնական մեկնարկն ամփոփվել է առաջնորդող դերեր զբաղեցնող կանանց պանելային քննարկմամբ, որը տարբեր կուսակցությունների կին քաղաքական գործիչներին ու պատգամավորներին միավորել էր մեկ գաղափարի շուրջ. նպաստել կանանց քաղաքական առաջնորդության ակտիվացմանը, ստեղծել ոչ միայն իրավական, այլև՝ իրական հնարավորություններ՝ կանանց կառավարման համակարգում ներգրավման ու գործուն մասնակցության ապահովման համար: