Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի միջնակարգ դպրոցին կից ինտենսիվ այգին այն վայրն է, որը միավորում է կրթօջախի ողջ աշակերտական և ուսուցչական կազմը գյուղատնտեսություն վարելու նորարար գաղափարների շուրջ։ Տնօրեն Լիլիթ Միսակյանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ ստեղծված այգին հնարավորություն է ընձեռում աշակերտներին ոչ միայն անմիջականորեն մասնակցել գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ, ծանոթանալ արտադրական ողջ ընթացքին, այլ նաև սեփական աչքերով տեսնել կանաչ գյուղատնտեսության բոլոր առավելությունները։
2018 թվականին, ստանձնելով ազատամարտիկ Իսահակ Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը, Լիլիթ Միսակյանը սկսեց իր գործունեությունը դպրոցի զարգացման տեսլականը սահմանելուց։ «Իմ դպրոցը ազատ դպրոց է» ծրագրի հիմնական գաղափարը քաղաքացիական և էկոլոգիական կրթության մեկտեղումն է:
«Ցանկանում էի կրթական գործընթացն այնպես տանել, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ հասկանա, որ ինքը քաղաքացի է մեծանում, որ սերը դեպի հայրենիք նաև շրջակա միջավայրից է սկսվում, և բոլորս պատասխանատու ենք բնության պահպանման համար։ Այդ միտումով էլ կոչել եմ իմ ծրագիրը, քանի որ, իմ կարծիքով, միայն այդ միասնության ոգով դաստիարակված սերունդը կարող է իրապես ազատ լինել»,- ասում է Լիլիթ Միսակյանը:
Թեև ծրագիրը թերահավատների կողմից համարվեց բարձրագոչ, այդուհանդերձ նա չընկրկեց: Նախ ձեռնարկեց դպրոցի տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց համատեղ մասնակցեցին դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Ներկայանալի և արդյունավետ կրթական հաստատություն ունենալու նպատակով նախագծվեց դպրոցի արտաքին միջավայրի բարեփոխման պատկերը՝ տարածքը շրջապատող ցանկապատով, գեղեցիկ ու բարեկարգ բակով: Եվ քանի որ հանրապետության մարզերի շատ դպրոցներ ընդգրկված էին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում ինտենսիվ այգիների ստեղծման նախագծում, Բալահովիտի դպրոցը նույնպես ներգրավվեց այդ ծրագրում:
Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների ստեղծման գաղափարը միանշանակ չընկալվեց տարիներ շարունակ ավանդական եղանակով այգեգործությամբ զբաղվող բնակչության կողմից, սակայն ծրագրի իրագործումն ապացուցեց, որ փոքր տարածքում հնարավոր է ստեղծել այնպիսի ինտենսիվ այգի, որը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի ընդարձակ տարածք զբաղեցնող ավանդական այգիները:
Ինտենսիվ այգու համար հատկացվեցին շուրջ 1000 քմ և 300 քմ դպրոցամերձ տարածք, ՄԱԿ-ի Պարենի ծրագիրը տրամադրեց անհրաժեշտ սարքավորումները, անցկացվեց ոռոգման համար նախատեսված կաթիլային համակարգ, տեղադրվեց հակակարկտային ցանցը։ Իսկ երբ ստացան «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանի տրամադրած տնկիները, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը ոգևորված գործի անցավ: Այսօր արդեն հասակ են առնում երկու տարի առաջ տնկած խնձորենու, տանձենու, բալենու, կեռասենու ու նաև նշի տնկիները:
Այգեգործական աշխատանքներին աջակցում էին նաև ծնողական կոմիտեներում ընդգրկված մայրիկները: Տնօրենի խոսքով՝ համայնքում ասում էին. «Մեր հարսները, որոնք հողի վրա երբեք չեն աշխատել, հիմա հաճույքով են աշխատում դպրոցի այգում, գիտակցելով, որ դա իրենց երեխաների համար է»: Իսկ այն, որ համատեղ աշխատանքը հիրավի դաստիարակչական նշանակություն ունի, միանշանակ է, դրանում համոզված են թե՛ աշակերտները և թե՛ ծնողները:
«Ես էլ ամեն օր աշխատանքի գալուց և իմ աշխատասենյակ մտնելուց առաջ գնում էի տնկիներս տեսնելու, ու երբ տեսնում էի մի շիվ կամ մի ծլած տերև, ուրախությամբ զանգում էի տիկին Նունեին ու հայտնում ուրախությունս: Այդ ժամանակ ՄԱԿ-ի Պարենի ծրագիրը մեզ նվիրեց հող փխրեցնող ապարատ: Ծրագիրն ինքն էր ինձ սովորեցնում, թե ինչպես ճիշտ կառավարեմ այգու աշխատանքները: Ծրագրի ղեկավարության կողմից երբեմն անցկացվող մոնիթորինգը մոտիվացնող ազդեցություն ուներ, քանի որ երբ նրանց դուր էր գալիս մեր աշխատանքի արդյունքը, էլ ավելի էինք ոգևորվում»,- պատմում է դպրոցի տնօրենը:
ՊՀԾ-ի աջակցությամբ կահավորված դպրոցի ճաշարանին տրամադրվեց նաև սառնարան, որտեղ պահվում են աճեցված հատապտուղները՝ անփուշ մոշը, մորին, որոնք ձմռանն ավելացնում են խնձորի կոմպոտին և հյուրասիրում աշակերտներին:
Տնօրենի ներկայացմամբ՝ ինտենսիվ այգու առաջին բերքը՝ բանջարեղենը (վարունգ, լոլիկ, բրոկոլի, բամիա, բազուկ) ստացվեց 2021 թվականին, իսկ այս տարի հիմնականում մշակում են մորի և մոշ, որոնք, ինչպես և բանջարեղենը, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքներ են: Աշակերտները սովորում են օրգանական մթերք ստանալու համար հողի և մթերքի ճիշտ և գրագետ մշակման եղանակներ: Նախկինում օգտագործվող թունաքիմիկատների ու պարարտանյութերի փոխարեն կիրառվում է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից դպրոցին տրամադրված կենսահումուսը՝ ստացված կալիֆոռնիական կարմիր որդերից։
Մշակման և ստացված բերքի արդյունքներից գոհ են բոլորը, իսկ առաջին բերքի վաճառքից ստացված եկամուտը՝ 70 հազար դրամը, օգտագործվեց դպրոցի գրադարանը նոր գրականությամբ համալրելու նպատակով՝ ավարտին հասցնելով մինչ այդ Լիլիթ Միսակյանի հնգամյա ծրագրով արդեն իսկ իրականացված գրադարանի հիմնանորոգումն ու արդիականացումը։
Դպրոցի բազմազբաղ առօրյայի մաս է կազմում նաև «Պատանի բնագետի ակումբը», որտեղ աշակերտները բնագիտության, կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները կիրառում են ոչ միայն այգու մշակման ժամանակ, այլև համայնքում մշակույթ են փոխում։ Երեխաները շատ լավ հասկանում են էկոլոգիապես մաքուր սննդամթերքի առավելությունները, տարբերում են այն առևտրի կետերում վաճառվող բնամթերքից ու, բնականաբար, նախընտրում են իրենց ձեռքով աճեցրածը՝ այդ ձգտումը տեղափոխելով ընտանիք։
Դպրոցի այգիներում կիրառվող նորարարական մոտեցումներն և տեխնոլոգիաները ունեն ոչ միայն ուսուցողական նշանակություն, այլև ոգևորիչ և մոտիվացնող են հետագա մասնագիտություն ընտրելու հարցում։ Լիլիթ Միսակյանը լիահույս է, որ այգեգործական հարուստ գիտելիքներով զինված իր սաներից շատերը հետագայում կարող են համալրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների շարքերը և իրենց հետագա կյանքը կապել գյուղատնտեսության հետ։
- Ինտենսիվ այգու ստեղծման գործընթացը ոչ միայն սովորեցրեց հասկանալ հողի լեզուն, այլև միաժամանակ երեխաներին, նրանց ծնողներին և համայնքին կրթեց ժամանակակից տեխնոլոգիաների մասին գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են Հայաստանում մաքուր, կանաչ և ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Գիտե՞ք ինչն էր ոգեշնչող, որ գյուղի տարեցները դպրոցի ցանկապատից այն կողմ մշտապես հետևում էին մեր աշխատանքին ու հիանում, թե ինչպես մեր ջանքերով անմշակ ու անջրդի հողատարածքը վերածվեց կանաչ այգու և ծաղկանոցի,- ասում է Լիլիթ Միսակյանը:
Անուշ Ներսեսյան
Հոդվածը պատրաստվել է EU-GAIA ծրագրի աջակցությամբ՝ «Կանայք կանաչ գյուղատնտեսության մեջ» քարոզարշավի շրջանակներում, որի նպատակն է ներկայացնել հանրությանը Հայաստանի կանանց հաջողված փորձը կանաչ գյուղատնտեսությունում և նպաստել կանանց մասնակցության ընդլայնմանը կանաչ տեխնոլոգիաների և գիտության վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման գործում:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:
© 2023 Ավստրիական զարգացման գործակալություն:
Բոլոր իրավունքները պաշտպանված են. Արտոնագիր՝ Եվրոպական միություն
EU-GAIA ծրագրի մասին
«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: