Արցախցի Նարինե Հակոբյանի կողմից 2022 թ.-ին հիմնադրված «Լուսե» կրթական շոկոլադները մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների շրջանում:
Նորարարական բիզնես-նախագծի գաղափարը երիտասարդ մայրիկին տվել են հենց իր փոքրիկները:
«Բալիկս մեկ տարեկան էր, շատ-շատ էր շոկոլադ սիրում: Ամեն անգամ խանութ գնալիս շոկոլադ էր ուզում, անընդհատ մտածում էի՝ ի՞նչ առաջարկեմ բալիկիս, որ վնասակար չլինի իր առողջության համար: Մի օր էլ որոշեցի բարձրորակ շոկոլադի հումք գնել, այն համեմել ընդեղենով ու չրերով»,- հիշում է Նարինեն:
Նախագիծը գործող բիզնեսի վերածել Նարինեն կարողացել է «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ, արցախցի կանանց համար անցացվող «Խթան» սոցիալական ձեռնարկատիրության ծրագրին մասնակցելու ու դրամաշնորհի արժանանալու շնորհիվ: Պատմության մասնագետի որակավորումն էլ երիտասարդ կնոջն օգնել է շոկոլադե սալիկների կրթական ու խաղային բաղադրիչի ստեղծման հարցում:
«Շատ էի ուզում, որ մեր շոկոլադե սալիկները համեղ լինելուց զատ նպաստեն երեխաների զարգացմանը։ Շոկոլադի սալիկների փաթեթավորման միջոցով առաջարկվող խաղերի ու պատկերների շնորհիվ երեխաներն այսօր հնարավորություն ունեն ծանոթանալ Արցախի պատմական վայրերին, ճանաչել գույները, հուշարձանները, համադրել դրանք իրար հետ...», - պատմում է նա:
Նարինեի ընտանիքը Հայաստանի Կոտայքի մարզի Գառնի համայնքից Արցախի Քաշաթաղի շրջան էր տեղափոխվել 22 տարի առաջ, երբ Նարիրնեն ընդամենը 4 տարեկան էր: Սովորել է Ստեփանակերտի մանկավարժական համալսարանում, ապա՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով գործուղվել Աղավնո համայնք:
2020թ.-ի 44-օրյա պատերազմի օրերին մեկամսյա դստեր հետ տեղափոխվել է Երևան՝ Արցախում թողնելով զինվորական ամուսնուն ու այն ամենն, ինչ ստեղծել էին ծնողները՝ ողջ կյանքի ընթացքում:
«Չէինք մտածում, որ այդքան կլրջանա իրավիճակը: Ամուսինս ասում էր՝ կխաղաղվի, հետ կգաք, բայց դեպքերն այլ կերպ զարգացան:Ոչ մի վայրկյան չենք մտածել, որ մեր տարածքները կարող են հանձնել ու մենք այլևս չենք կարողանա հետ վերադառնալ»,- հիշում է Նարինեն:
Ողջ պատերազմի ընթացքում ամեն օր ամուսնու զանգերին սպասող կինը հիշում է՝ կյանքը վեր էր ածվել զանգից զանգ սպասումի. «Երբ այդ օրը զանգում էր, այդ պահից սկսած սկսում էինք ապրել հաջորդ օրվա զանգի սպասումով»:
Եղել է շրջան, երբ ամուսինն օրեր շարունակ չի զանգել: Ընտանիքն սկսել է մտածել ամենավատի մասին, բայց ամուսնու ուշացած զանգը վիրավորված լինելու մասին էր:
«Այնքան էինք մտածմունքների մեջ ընկել ու վատի մասին մտածել, որ նույնիսկ ուրախացանք, երբ իմացանք, որ ընդամենը վիրավորվել է», -պատմում է Նարինեն:
Ամիսներ անց արդեն երկրորդ բալիկին սպասող Նարինեն հասկացել է՝ ֆիքսված աշխատաժամանակով աշխատանքը գոնե մոտ ապագայում անհնարին է: Ու երիտասարդ կինն սկսել է պրպտել նոր գաղափարներ՝ ակտիվ կենսակերպը պահպանելու ու վաստակելու համար:
«Սկզբից ոչ ոք չէր մտածում, որ իմ՝ կրթական շոկոլադների բիզնես գաղափարը կարող է իրականություն դառնալ: Չէին հավատում, լուրջ չէին վերաբերվում, բայց որքան շատ էին ինձ ասում՝ չի ստացվի, այնքան շատ էի ձգտում ապացուցել, որ հաջողելու եմ,-հիշում է Նարինեն ու ժպտում,- հիմա հաստատ գիտեմ, եթե մի բանի շատ ես հավատում, ու վստահաբար ասում ես՝ կանեմ, ապա անպայման ստացվում է: Իմ փորձով եմ համոզվել»:
Գաղափարն իրականություն դարձնելու ճանապարհին Նարինեն մասնակցել է «Խթան» ծրագրի կողմից իրականացվող բիզնես դասընթացին, որի արդյունքում մշակված բիզնես նախագիծն արժանացել է փոքր դրամաշնորհի՝ հիմնադրամի կողմից:
«Դժվար էր, բայց ամեն ինչ պետք է կարողանաս համատեղել: Պատահել է՝ գիշերները չեմ քնել, որ հասցնեմ ծրագրով տրված բոլոր առաջադրանքներն անեմ և իմ նպատակին հասնեմ: Տևական ժամանակ շոկոլադի պատրաստման փորձերս ձախողվել են:Եղել են նաև հիասթափության պահեր, բայց այդ պահերին մտածել եմ՝ իսկ ո՞վ է հեշտութամբ ինչ-որ բանի հասել: Ինքս ինձ համոզում էի կրկին փորձել, այնքան փորձել, մինչև ստացվի: Եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, պետք է աշխատես, պայքարես, դժվարությունների միջով անցնես»,- ասում է նա:
Այսօր արդեն ընտանիքի անդամներն ու մտերիմները ոչ միայն հավատում են Նարինեի բիզնես հաջողությանը, այլև՝ պատրաստ են աջակցել ինչով կարող են:
« Հիմա ամեն ինչ ավելի իրական ու հեռանկարային է դարձել: Ընտանիքում այժմ բոլորն են պատրաստակամ, որ ներդրումներ կատարենք, նպաստենք մեր փոքրիկ բիզնեսի զարգացմանը»,- ասում է Նարինեն:
Այժմ երիտասարդ գործարարը անհատական պատվերներ ունի Հայաստանի ամենատարբեր մարզերից: Այս տարի մասնակցել է ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված Կին ձեռներեցներ ծրագրին ու օրեր առաջ արժանացել դրամաշնորհի, որն ուղղելու է բիզնեսի զարգացմանը: Բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը զուգահեռ Նարինեն մտադիր է ներգրավել արտադրության մեջ նաև այլ կանանց:
Տեղահանված լինելու սեփական պատմությունը Նարինեին ստիպում է առավել հոգատար լինել բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր նույն ճակատագրի կրողն են:
«Կորցրած տարածքների հետ մենք ասես մեր ապրած բոլոր տարիների հիշողությոններն ենք կորցրել:Կարծես մեզնից խլել են ոչ միայն մեր հողերը, այլև մեր հիշողությունները, մեր մանկությունը, մեր ապրած հույզերն ու ապրումները»,-անկեղծանում է նա:
Նարինեի ապրելու, արարելու ու հաղթելու բանաձևը մեկն է. մասնակցել տարբեր ծրագրերի, ինքնակրթվել, կատարելագործվել... Ասում է. «Ժամանակը շատ արագ է փոխվում, պետք է փորձենք գործել ժամանակի մարտահրավերներին համընթաց»:
Գայանե Սարգսյան