2000 թ.-ից ի վեր ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը նշում է որպես Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։ Այդ օրը ողջ աշխարհում մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավը, որն ամփոփվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։
Այս տարի քարոզարշավն անցկացվելու է «Միավորվենք և ներդրումներ կատարենք՝ կանխելու կանանց նկատմամբ բռնությունը» կարգախոսի ներքո։ Այն ընդգծում է կանխարգելման տարբեր ռազմավարությունների ֆինանսավորման անհրաժեշտությունը բռնությունը կանխելու նպատակով։ Սակայն խոսքը ոչ միայն ֆինանսական ներդրումների , այլ քաղաքացիական հասարակության ջանքերի և գործողությունների միավորման մասին է՝ կանանց նկատմամբ բռնությունից զերծ աշխարհ ստեղծելու համար: Իսկ կառավարություններին կոչ է արվում պարտավորություններ ստանձնել, քաղաքական կամք դրսևորել և գործողություններ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի չորս հիմնական ուղղություններով․ ֆինանսավորում, կանխարգելում, արձագանքում և տվյալների հավաքագրում։
ՄԱԿ—Կանայք կառույցի կողմից հրապարակված զեկույցի տվյալներով, 2021 թվականին աշխարհում շուրջ 45000 կին և աղջիկ սպանվել է ընտանիքում կամ իրենց ինտիմ զուգընկերների կողմից։
Սա, ըստ զեկույցի, նշանակում է, որ միջին հաշվով 5 կին է սպանվում յուրաքանչյուր ժամ սեփական ընտանիքի որևէ մեկի կողմից:
Զեկույցի հեղինակները փաստում են, որ թեև ողջ աշխարհում սպանությունների ճնշող մեծամասնությունը՝ 81%-ը կատարվում է տղամարդկանց և տղաների նկատմամբ, այդ սպանությունների միայն 11%-ն է իրականացվում մասնավոր կյանքի ոլորտում։ Մինչդեռ կանանց ու աղջիկների բոլոր սպանությունների մոտ 56%-ն է կատարվում մասնավոր ոլորտում՝ ընտանիքի այլ անդամների կամ մտերիմների կողմից։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ընտանեկան բռնության և դրա հետևանքով կանանց սպանությունների հարցերը շարունակում են օրակարգային մնալ։ 2022-ի ընթացքում Հայաստանում, ըստ ոստիկանության ամփոփագրերի, սպանվել է 16 կին, սա տարեկան արձանագրված ամենամեծ թիվն է։
Հայաստանում ընտանեկան բռնության մասին հետազոտության տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ