Հայաստանում հարցված կանանց 45%-ը և տղամարդկանց 56%-ն ասել են, որ չէին ցանկանա ավելի շատ կանանց տեսնել քաղաքականության մեջ, ընդ որում, կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ նման կողմնակալ վերաբերմունք ունի նաև 18-35 տարեկան երիտասարդների 53%-ը: Դա նշանակում է, որ թեև վերջին տարիներին քվոտայի շնորհիվ բավականին մեծ թվով երիտասարդ կանայք են մուտք գործել քաղաքականություն, նրանք դեռևս դերային մոդել չեն հանդիսանում իրենց հասակակիցների համար և հանրային ընկալումներում դեռ ուժեղ են գենդերային կարծրատիպերը: Տվյալները ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համատեղ իրականացված Արևելյան գործընկերության երկրներում կարծրատիպերի ելակետային ուսումնասիրությունից են:
Քաղաքականության մեջ կանանց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մասին է փաստում նաև այն, որ հարցված տղամարդկանց 53%-ը և կանանց 44 %-ը կարծում են, որ տղամարդիկ ավելի լավ են աշխատում բարձրագույն քաղաքական պաշտոններում, ավելի լավ քաղաքական առաջնորդներ են։
Դրա հետ մեկտեղ կանանց 47%-ը կարծում է, որ կատարողականի տեսակետից կին և տղամարդ ղեկավարների միջև տարբերություն չկա, ավելին, հայաստանցի կանանց կեսից ավելին՝ 54 %-ն ասել է, որ իրենց ավելի հարմարավետ են զգում, երբ կին ղեկավար ունեն, իսկ տղամարդկանց 35 %-ն է նման կարծիք հայտնել։
Միաժամանակ պետք է փաստել, որ հետազոտությանը մասնակցած գրեթե բոլոր երկրներում հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ տարբերությունների բացակայությունն ավելի շատ վերաբերում է բիզնեսի ղեկավար պաշտոններին, քան քաղաքական առաջնորդությանը:
Ըստ էության հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Արևելյան գործընկերության երկրներում և՛ կանայք, և՛ տղամարդիկ հակված են քաղաքական իշխանությունը ասոցացնել տղամարդկանց և մասկուլինության/առնականության հետ, և որ նման հայրիշխանական գենդերային նորմերը խոչընդոտում են կանանց մասնակցութունը քաղաքականությանը, ինչպես ազգային, այնպես էլ տեղական մակարդակներում:
Հատկանշական է, որ Հայաստանում կանանց 55%-ը և տղամարդկանց 45%-ը ասել են, որ կուզենային ավելի շատ կին տեսնել համայնքային և տեղական կառավարման մեջ, սակայն փորձը ցույց է տալիս, որ ՏՒՄ-երում կանանց ներկայացվածության զգալի բարձրացումը հնարավոր դարձավ միայն տեղական ընտրություններում գենդերային քվոտան կիրառելու արդյունքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 2021 թվականին կայացած ընտրությունների արդյունքում միջինից բարձր է՝ կազմելով 35.5%։ Նման ցուցանիշ հնարավոր դարձավ ապահովել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քվոտայի շնորհիվ: Ինչպես հայտնի է՝ քվորավորումը չի տարածվում ղեկավար պաշտոնների վրա, որոնց դեպքում իրավիճակը գրեթե չի փոփոխվում։
Կանանց թիվը 8-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավար կազմում անհամաչափ ցածր է կին պատգամավորների 35.5 % ներկայացվածության համեմատ. կանայք ընդամենը 10.5 % -ով են ներկայացված ԱԺ խորհրդի կազմում՝ գլխավորելով ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից միայն երկուսը: Նշենք, որ Հայաստանի խորհրդարանն իր պատմության մեջ երբևիցե կին խոսնակ չի ունեցել։ 2007 թ.-ից սկսած՝ փոխխոսնակներից մեկը մշտապես կին է եղել, սակայն 8-րդ գումարման խորհրդարանում երեք փոխխոսնակների թվում կանայք չկան:
Աղբյուրը՝ WomenNet.am
Տեղական կառավարման մակարդակում երկար տարիներ կանանց թիվը ավագանիների կազմում չի գերազանցել 11% -ը, սակայն համամասնական ընտրակարգին անցնելուց հետո և քվոտայի կիրառման շնորհիվ այդ թիվը կրկնապատկվել է: Այս տարվա հունվարի դրությամբ, Հայաստանի 79 համայնքները, որոնցից 72-ը խոշորացված են, ունեին ավագանու 1658 անդամ, որից 359-ը կամ 21.6 %-ը կանայք են։
Աղբյուրը՝ WomenNet.am
Դրա հետ մեկտեղ համայնքների ղեկավարների թվում, որոնց ընտրութունը չի կարգավորվում քվոտավորմամբ, իրավիճակը գրեթե չի փոխվել: 2021-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանի 79 համայնքներից ընդամենը երեք համայնք են (3.8%) կանայք ղեկավարում ՝ Արմավիրի Վաղարշապատ, Շիրակի Ամասիա խոշորացված համայնքներն ու Արարատի մարզի չխոշորացված Վերին Դվին համայնքը: Մինչ խոշորացումը Հայաստանի 502 համայնքներից 9-ն էին կանայք ղեկավարում, ինչը 1.8% էր կազմում:
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 17 համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, այս պատկերը չեն փոխի։ Ըստ ԿԸՀ տվյալների, համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար դիմել են 15 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք, որոնք իրենց ցուցակներում ընդգրկել են քվոտայի չափով առնվազն 30% կին թեկնածուներ: Սակայն քաղաքական ուժերի կողմից առաջադրած ընտրական 53 ցուցակներից միայն մեկն է կին գլխավորում։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում՝ Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանն է։
Հայաստանի իշխանության բարձրագույն պաշտոնները տղամարդկանց ձեռքում են: ՀՀ նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը տղամարդիկ են։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նրա չորս տեղակալները տղամարդիկ են. հինգ տեղակալներից միայն մեկն է կին։
Քվոտավարումը չի գործում նաև գործադիրում ղեկավար պաշտոններ նշանակելու պարագայում, արդյունքում գործադիր իշխանության մեջ առկա գենդերային անհավասարությունը դեռևս չի հաջողվում հաղթահարել: ՀՀ կառավարության կազմում 12 նախարարություններից միայն մեկը՝ առողջապահության նաարարությունն է կին ղեկավարում։ Կառավարության պաշտոնական էջում հրապարակված բաց տեղեկատվության համաձայն, 47 փոխնախարարներից 9-ն են կանայք։
Արդարադատության նախարարությունը միակն է, որտեղ կին տեղակալներն ավելի մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ, չորս փոխնախարարներից 3-ն են կանայք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարների մակարդակում գենդերային հավասարություն է։ Դրա հետ մեկտեղ նախարարություններից կեսում կին փոխնախարարներ չկան (Արտաքին գործերի, Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, Ֆինանսների, Պաշտպանության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններում):
Ինչ վերաբերում է մարզային իշխանությունում կանանց ներկայացվածությանը, ապա տասը մարզերից միայն Շիրակն է կին ղեկավարում՝ Նազելի Բաղդասարյանը։ Փոխմարզպետներից միայն մեկն է կին. Նարե Ղազարյանը Սյունիքի մարզպետի տեղակալն է։
Ի՞նչ չափով են իշխանության մեջ ներկայացված սակավաթիվ կանայք օրինակ ծառայում ուրիշների համար: ՄԱԿ-Կանայք և ՄԱԲՀ-ի վերընշված հետազոտության տվյալներով, հարցված կանանց երկու երրորդը նշել է, որ իրենց պատանեկության տարիներին ունեցել են կին դերային մոդել, ում ցանկացել են նմանվել: Որպես կնոջ օրինակ նրանք հակված են նշել ընտանիքի անդամներին, դպրոցի ուսուցչուհիներին և հայտնի մարդկանց, այլ ոչ թե ղեկավար պաշտոններ զբաղեցրած կանանց, ինչպիսիք են քաղաքական գործիչները և գործարար կանայք: Դա վկայում է կանանց քաղաքական առաջնորդության հարցում առկա խնդիրների մասին և նշանակում է, որ դրանց լուծման հետ կապված մեծ սպասելիքներ կան կուսակցություններից, կրթական համակարգից և մեդիայից:
Ի՞նչ անել
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հեղինակներն արել են վեց առաջարկություն՝ Արևելյան գործընկերության հասարակություններում առաջադեմ և հավասարակշիռ նորմերը, հարաբերություններն ու պրակտիկաները խթանելու համար։ Օրինակ, նրանք կարծում են, պետք է ամրապնդել գենդերային հավասարության սկզբունքները ազգային կրթական համակարգերում, քանի որ այն առանցքային դեր է խաղում կարծրատիպերի ձևավորման, ինչպես նաև պահպանման համար:
Առաջարկվում է բոլոր մեդիա հարթակներում զարգացնել հիմնական դերակատարների կարողությունները, որպեսզի դրանց միջոցով չվերարտադրվեն կամ չխթանվեն գենդերային կարծրատիպերը, փոխարենը խրախուսվեն գենդերային հավասարությունը:
«Լրատվական հարթակներն առանցքային դեր են խաղում տեղեկատվության տարածման և, որպես այդպիսին, կարծրատիպերի ձևավորման և պահպանման գործում: Կրթելով ոլորտի մասնագետներին ճիշտ լեզվի օգտագործման կարևորության և ներկայացուցչականության և ներառականության ապահովման վերաբերյալ՝ հեռարձակվող տեղեկատվությունը, ներառյալ ժամանցային հաղորդումները, ինչպիսիք են սերիալները, կարող է նպաստել գենդերային հավասարության խթանմանը և սոցիալական փոփոխությունների շարժիչ ուժ հանդիսանալ», - ասված է զեկույցի առաջարկություններում:
Հ. Կարապետյան