Սեպտեմբերի 17-ին երևանցիները կընտրեն նոր ավագանի ու նոր քաղաքապետ։ Մայրաքաղաքի կառավարման ղեկը ստանձնելու համար պայքարի մեջ են մտել 14 քաղաքական ուժեր։
Ընտրական 14 ցուցակներից միայն երկուսն են կանայք գլխավորում՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին, իսկ Նատալյա Ռոտենբերգի հիմնադրած «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ Նելլի Հարությունյանին։ Նա անկուսակցական է, աշխատում է «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում Նատալյա Արզաքանցյանն է (Ռոտենբերգը), որը ներկայացված է որպես ՀՀ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։
Հիշեցնենք, որ հինգ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններին մասնակցում էր 12 քաղաքական ուժ, որից 3-ի ընտրական ցուցակը գլխավորում էին կանայք՝ Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Անահիտ Թարխանյան(Երևանի Հանրություն դաշինք), Զարուհի Փոստանջյան (Երկիր Ծիրանի)։
Ինչ վերաբերում է կանանց մասնակցությանը կուսակցությունների ցուցակներում, ապա Երևանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ այդ ցուցանիշը մի փոքր մեծացել է։
2018-ի ընտրություններին առաջադրված թեկնածուների 36.2 %-ն էին կանայք, 2023-ին՝ 37.5%-ը։ Բացարձակ թվերով 2018-ին՝ 982 թեկնածուներից 356-ն էին կանայք, 2023-ին՝ ընտրական ցուցակներում ընդգրկված 804 թեկնածուներից 302-ն են կին։
Նշենք, որ կին թեկնածուների ներկայացվածությունն ընտրական ցուցակներում կարգավորվում է Ընտրական օրենսգրքով սահմանված քվոտայով և չի կարող պակաս լինել քան 30%-ը: 2018-ի ընտրություններին պակաս ներկայացված սեռի համար գործել է 25%-անոց քվոտան։
ԿԸՀ կողմից գրանցված 14 ընտրական ցուցակներից միայն երկուսում են կանայք և տղամարդիկ հավասար չափով ներկայացված։ «Ուժը հայրենյաց» և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունների առաջադրած թեկնածուներից 50 %-ը կանայք են։
Ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից ևս երեքի ցուցակներում կանանց ներկայացվածությունը 40%-ից ավելի է՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակում կանայք՝ 44% են կազմում, Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակում՝ 42%, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում ՝ 40%։
Միայն մեկ կուսակցության՝ «Ուժը հայրենյաց»-ի ցուցակում է առաջին տասնյակում հինգ կին ներկայացված։ Առաջին տասնյակում չորսական կին թեկնածուներ են ընդգրկված «Հանուն սոցիալական արդարության», «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակներում։ Մյուս բոլոր ընտրացուցակների առաջին տասնյակում ներառված է երեքական կին թեկնածու։
Պատրաստեց Հ. Կարապետյանը