Շիրակի մարզի Արևիկ համայնքում Ժաննա Ավետիսյանի մշակած էկոլոգիապես մաքուր ելակի մասին բոլորը գիտեն, այն շատերի ամենօրյա ու հատկապես տոնական օրերի սեղանի զարդն է: Թեև ելակի պահանջարկը մեծ է, ջերմոցում աշխատանքը՝ շատ, այդուհանդերձ, Ժաննան կարողանում է հաջողությամբ համատեղել տնային տնտեսության, ջերմոցի և բոստանային մշակաբույսերի աճեցման աշխատանքներն ու երկու երեխաների խնամքը:
Պատմում է՝ ելակի մշակմամբ լրջորեն զբաղվելու ձգտումը սկսվեց այն պահից, երբ Ժաննայի ամուսինը՝ Գրիգոր Ավետիսյանը, տեղեկացավ գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի մասին, որը կանանց հնարավորություն էր տալիս զբաղվելու մշակաբույսերի առավել գրագետ մշակմամբ՝ անվճար խորհրդատվություն տրամադրելով:
«Թեև շատ ծանրաբեռնված էի կենցաղային գործերով, այդուհանդերձ, որոշեցի միանալ ծրագրին ու չեմ զղջում: Գյուղում ծնված ու մեծացած աղջիկ եմ ու մինչ այդ ավանդական եղանակով մշակել և այսօր էլ մշակում եմ կարտոֆիլ, լոբի, վարունգ ու լոլիկ, սակայն մասնակցելով դասընթացների, փորձի փոխանակման նպատակով կազմակերպված հանդիպումներին՝ սովորեցի ոչ միայն գրագետ մշակել, այլև ստացա վաճառքի պլանավորման և մարքեթինգի մասին գիտելիքներ»,- պատմում է Ժաննան:
Գյուղատնտեսության բնագավառում փոքրիկ քայլերի հաջողությունը ոգևորող էր, ու երբ ամուսինները տեղեկացան Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի մասին, որոշեցին դիմել և ներկայացնել ելակի մշակման բիզնես ծրագիր։
Իրենց ունեցած 140 քմ տարածքը փոքր էր ձեռնարկվող բիզնեսի համար, ուստի ամուսինները որոշեցին ավելի մեծ հողատարածք գնել ապագա ջերմոցի համար, մաքրեցին այն աղբից ու քարերից և EU-GAIA ծրագրի աջակցությամբ հիմնեցին ջերմոցը, ինչպես նաև տեղադրեցին հովացման համակարգը: Հոսանքագծերի, ջրի հավաքման համար անհրաժեշտ բաքերի ու կաթիլային համակարգի անցկացման համար կատարվող ծախսերն էլ երիտասարդ ամուսինների ներդրումն էր: Հետագայում «Կանաչ արահետ» ՀԿ-ի ծրագրին մասնակցելով՝ ձեռք բերեցին նաև սառնարաններ:
«Երբ ես ու ամուսինս նոր գնած հողամասը մաքրում էինք քարերից ու մացառներից, անցնող-դարձող համագյուղացիներից ոմանք մի տեսակ ափսոսանքով էին նայում մեր աշխատանքին, ասելով, թե այս հողից ոչինչ դուրս չի գա, ու մեր ջանքերն իզուր են: Սակայն մենք չէինք հուսահատվում ու համառորեն շարունակում էինք մեր գործը՝ հասցնելով այն ավարտին:Ու հիմա որ նայում ենք, թե չեղած տեղից ինչ ենք ստեղծել, հպարտությամբ ենք լցվում: Այսօր, երբ համագյուղացիները հետաքրքրվում են այս կամ այն մշակաբույսի աճեցմամբ, սիրով կիսվում եմ իմ գիտելիքներով»,- ասում է Ժաննան:
Ժաննայի խոսքով՝ ելակի առաջին բերքը՝ 2 կիլոգրամը, ստացան անցյալ տարվա հունիս ամսին: «Թասով դրել էինք սեղանին ու հիանում էինք առաջին բերքով: Ամբողջը գնեց ծանոթներից մեկը, չհասցրինք անգամ համտեսել»,- հիշում է Ժաննան: Այս տարվա մայիս ամսից ստացել են 204 կիլոգրամ ելակ: Հիմնական գնորդները համագյուղացիներն են և Գյումրիի երեք սուպերմարկետները: Պատահել է, որ կեսգիշերին սուպերմարկետից զանգել և խնդրել են շտապ մի քանի կիլոգրամ ելակ հասցնել հատուկ հյուրերի համար, բացառության կարգով նրանց խնդրանքը չեն մերժել: Ելակի բերքն արագ է սպառվում, իսկ եթե ինչ-որ մաս մնում է, սկեսուրը պատրաստում է ելակի չիր, որը, ի դեպ, չափազանց համեղ է:
Ժաննայի համոզմամբ՝ ելակի որակի համար շատ կարևոր են ստացած գիտելիքների ճիշտ կիրառումը, խնամքը, պարարտանյութի օգտագործումը: Այս հարցում Ժաննան կարևորում է հողախառնուրդի օգտագործումը, թեև գտնում է, որ իրենց հողն առանց դրա էլ բերրի է:
Ջերմոցին կից հողատարածքը, որտեղ առօրյա օգտագործման համար բոստանային մշակաբույսեր են աճեցնում, Ժաննան հետագայում որոշել է վերածել ելակի ջերմոցի:
«Ելակն ավելի եկամտաբեր է, և մեզ արդեն ճանաչում են ելակով: Բոստանի բերքը զուտ ընտանիքի համար է: Մեր նպատակն է ընդլայնել ելակի ջերմոցը և ամբողջովին զբաղվել ելակի մշակմամբ: Ուզում ենք զարգացնել էկոտուրիզմը, տեսնենք՝ ինչպես կստացվի: Ծրագրել եմ ջերմոցի մոտ մի փոքր տարածք տրամադրել ելակի հյութի և ելակի չրի հյուրասիրության համար, կարծում եմ՝ դա ևս մեծ պահանջարկ կունենա»,- ասում է Ժաննան:
Իսկ էկոտուրիզմի զարգացման համար Ժաննան ամուսնու հետ որոշել է կառուցել հյուրատուն, որի համար 100 քմ մակերեսով առանձին տարածք կա: Նրա խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջիկները հետաքրքրված են գյուղական կյանքով, կենցաղով, խոհանոցով ու տեսարժան վայրերով: Ուրեմն փորձել կարելի է:
Այն, որ Ժաննայի աճեցրած ելակն իրոք էկոլոգիապես մաքուր է, վկայում են նաև ջերմոցի «անկոչ բնակիչները»՝ գորտերը:
«Շատ պատահաբար հայտնաբերեցի, որ ջերմոցում գորտեր են բնակվում, հատկապես գիշերները դրանց ձայնը ավելի լսելի էր: Մտածում էի, որ կարող են վնասել թփերը, կրծել տերևներն ու բերքը: Բայց երբ հերթական սեմինարի ժամանակ բարձրաձայնեցի այդ մասին, ինձ պատասխանեցին, որ գորտերը բերքը չեն վնասի, իսկ նրանց ներկայությունը վկայում է, որ բերքը էկոլոգիապես մաքուր է, քանի որ գորտերը թունաքիմիկատներով լի հողում չեն ապրում»,- պատմում է Ժաննան:
Ժաննա Ավետիսյանը մշտապես մասնակցում է գյուղմթերքների փառատոների, որտեղ նրա «Արևաբույր» ապրանքանիշի ելակն ամբողջությամբ սպառվում է: Ժաննան գոհ է արդյունքից, քանի որ նման փառատոները նպաստում են փորձի փոխանակմանն ու ճանաչելիությանը:
«Ծրագրեր շատ ունեմ, կփորձեմ աստիճանաբար իրագործել: Կարևորն այն է, որ խաղաղություն լինի, ու աշխատող մարդը հասնի իր նպատակին, վայելի իր աշխատանքի արդյունքը»,- ասում է Ժաննան:
Անուշ Ներսիսյան
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:
© 2023 Ավստրիական զարգացման գործակալություն:
Բոլոր իրավունքները պաշտպանված են.
Արտոնագիր՝ Եվրոպական միություն
EU-GAIA ծրագրի մասին
«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: