Աշխարհում COVID-19-ով վարակվածության դեպքերը՝ ըստ սեռի և տարիքի:
Աղբյուրը՝ data.unwoman.org, 20 հուլիս 2020 թ:
Ինչո՞ւ է կարևոր սեռով տարբերակված վիճակագրությունը
Համաճարակները տարբեր կերպ են ազդում կանանց և տղամարդկանց վրա: Օրինակ՝ 2002–2003 թվականների SARS-ի կորոնավիրուսային բռնկման տվյալները ցույց են տալիս, որ տղամարդիկ և կանայք ունեն վիրուսի նկատմամբ զգայունության և խոցելիության տարբեր աստիճաններ՝ ինչպես սեռի, այնպես էլ սեռի հետ կապված այլ գործոնների արդյունքում: Այդ պատճառով COVID-19-ի արձագանքման գլոբալ և ազգային ռազմավարական ծրագրերը պետք է հիմնված լինեն սեռով տարբերակված տվյալների և հետազոտությունների վրա:

ԱՀԿ-ն իր «Գենդերը և COVID-19-ը» ամփոփագրում երկրներին խորհուրդ է տալիս իրենց COVID-19-ի արձագանքներում կենտրոնանալ ոչ միայն տարիքի, այլ նաև սեռի վրա՝ դրանով իսկ բարձրացնելով հանրային առողջապահական քաղաքականության և համաճարակը կանխելու միջոցների արդյունավետությունը: Մինչդեռ ըստ սեռի և տարիքի տարբերակված տվյալների մատչելիությունը սահմանափակ է, ինչը խոչընդոտում է COVID-19-ի գենդերային հետևանքների վերլուծությունը և համապատասխան արձագանքների մշակումը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2020 թվականի մայիսի 6-ի դրությամբ, COVID-19-ի գլոբալ կերպով հաստատված դեպքերից միայն 40%-ն է զեկուցվել ԱՀԿ-ին՝ տարիքի և սեռի տարբերակմամբ:

ԱՀԿ-ի ամփոփագրում անդամ պետություններին մի շարք առանցքային պահանջներ են ներկայացվում, որոնց թվում առաջնային տեղ է զբաղեցնում սեռով և տարիքով տարբերակված վիճակագրության հավաքման ու վերլուծության անհրաժեշտությունը:
ԱՀԿ. առանցքային պահանջներ

1
Հավաքել, զեկուցել և վերլուծել հաստատված COVID-19-ի դեպքերը և մահերը՝ ըստ սեռի և տարիքի տարբերակման: Կատարել տվյալների գենդերային վերլուծություններ և ներդրումներ կանանց ու տղամարդկանց վրա համավարակի առողջական, սոցիալական ու տնտեսական ազդեցությունների մասին հետազոտություններ անցկացնելու նպատակով:
2
Ներառել կանանց նկատմամբ բռնության դեմ ուղղված պատասխան գործողությունները COVID-19-ի արձագանքման շրջանակներում իրականացվող կարևորագույն ծառայությունների թվում:
3
Ապահովել սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների մատչելիությունը և հավասար հասանելիությունը և ներառել դրանք COVID-19-ի արձագանքման առողջապահական ծառայությունների առանցքային փաթեթում:
4
Ապահովել առողջապահության և սոցիալական բոլոր աշխատողների համար վերապատրաստումների հասանելիությունը, անձնական պաշտպանության և կենսական կարևորության այլ միջոցներ, հոգեբանական աջակցությունը և սոցիալական պաշտպանությունը՝ հաշվի առնելով ոլորտի աշխատակիցների մեծ մասը կազմող կանանց առանձնահատուկ կարիքները:
5
Վերացնել COVID-19-ի թեստավորման և բուժման ծառայությունների հետ կապված ֆինանսական և այլ խոչընդոտները՝ դրանք անվճար դարձնելով:
6
Երաշխավորել COVID-19-ի արտակարգ իրավիճակների արձագանքների ներառական և ոչ խտրական լինելը և խուսափել արտակարգ իրավիճակների լիազորությունների ավելորդ օգտագործումից՝ առօրյա կյանքը կարգավորելու համար: Նման լիազորությունները երբեք չպետք է օգտագործվեն անորոշ ժամանակով, այլ բացառապես՝ նորմալ կյանքին վերադառնալու գործընթացը հեշտացնելու նպատակով:
Համավարակի վերաբերյալ սեռով տարբերակված տվյալներ կարելի է գտնել

COVID-19. սեռով տարբերակված վարակման և մահացության դեպքերը՝
ըստ երկրների
Աղբյուրը՝ data.unwoman.org, օգոստոսի 7-ի տվյալներով
Ողջ աշխարհում կորոնավիրուսից ավելի շատ տղամարդիկ են մահանում,
քան կանայք


ԱՀԿ տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի համեմատաբար գրեթե համաչափ են բաշխված կանանց և տղամարդկանց միջև (համապատասխանաբար 47 % և 51 %)՝ տարիքային խմբերի որոշ փոփոխություններով: Սակայն Կազմակերպության տվյալների բազայում տղամարդկանց մահացության դեպքերն ավելի մեծ թիվ են կազմում (58 %):

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ օգոստոսի դրությամբ, հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թվում կանայք 62% են կազմել: Մահացածների թվում շուրջ 55 %-ը տղամարդիկ են եղել, 45 %-ը՝ կանայք։

Global Health 50/50 նախաձեռնության տվյալների համաձայն՝ ընդհանուր վարակակիրների թվում կին/տղամարդ համամասնության մեջ հստակ օրինաչափություն չի նկատվում, երկրների մի մասում տղամարդիկ են ավելի շատ, մյուսներում՝ կանայք: Սակայն մահացությունների դեպքում օրինաչափությունը հստակ է. կորոնավիրուսն ամբողջ աշխարհում սպանում է առավել մեծ թվով տղամարդկանց, քան կանանց։ Որոշ երկրներում կորոնավիրուսի հետևանքով տղամարդիկ մոտ 2.4 անգամ ավելի շատ են մահանում:
Ինչո՞ւ է կորոնավիրուսից մահանալու ռիսկն ավելի բարձր տղամարդկանց շրջանում
Աղբյուրը՝ Global Health 50/50, օգոստոսի տվյալներով
Այս հարցին ի պատասխան հետազոտողները հիշատակում են կենսաբանական և սոցիալական վարքի առանձնահատկությունները, հորմոնային ֆոնի տարբերությունները, կանանց առավել բարձր դիմադրողականությունը, տղամարդկանց կողմից ծխախոտի և ոգելից խմիչքների ավելի շատ օգտագործումը և այլ գործոններ, որոնց պատճառով տղամարդիկ ավելի ռիսկային գոտում են հայտնվում։

Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ կորոնավիրուսով հիվանդանալու գենդերային առանձնահատկությունները բավարար չափով հետազոտված և ուսումնասիրված չեն, թեև այդ տվյալներն անհրաժեշտ են համավարակի դեմ պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Հայաստանում կորոնավիրուսով ավելի շատ կանայք են հիվանդանում. ինչո՞ւ

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով
Հունիսի դրությամբ

Վարակակիրների մոտ 60.5%-ն էին կանայք:

Օգոստոսի դրությամբ

Կորոնավիրուսով վարակվածների մոտ 62%-ը կանայք էին:
Հայաստանում կանանց՝ COVID-19-ով առավել հաճախ վարակվելու միտումն աճում է։ Պատճառների թվում է այն փաստը, որ կանայք ավելի մեծ թիվ են կազմում վարակվելու առումով ռիսկային խմբերում և աշխատանքի ոլորտներում: Առողջապահության համակարգի աշխատակիցների մեծ մասը՝ բժիշկները, բուժքույրերը, մայրապետները, կանայք են։ Սպասարկման ոլորտի, առևտրի կետերում աշխատողների, հավաքարարների մեծ մասը ևս կանայք են։ Սոցիալական ծառայությունների աշխատակիցների մեծ մասը կանայք են: Բացի այդ, կանայք տանն էլ են կատարում կենցաղային աշխատանքների հիմնական մասը, ներառյալ՝ ընտանիքի բոլոր անդամների խնամքը, գնումները, գնած ապրանքների ախտահանումը և մշակումը... Այդ ամենը մեծացնում է նրանց վարակվելու ռիսկը:

«
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում կրթության ոլորտի 79 %-ը կանայք են, առողջապահության և սոցիալական սպասարկման ծառայությունների ոլորտում 84 %-ը կանայք են, նախարարությունների աշխատակազմերի 59 %-ը կանայք են:

»
Օգտակար հղումներ
Համավարակի աճին զուգահեռ` կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի
COVID-19 համավարակի դեմ պայքարում կանանց և աղջիկների խոցելիությանն է անդրադառնում նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից հրապարակված ուղեցույցը, որը նվիրված է COVID-19 համավարակի պայմաններում սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների պաշտպանությանը:

«
Կանայք կարող են ենթարկվել COVID-19-ով վարակվելու ավելի մեծ ռիսկի` առողջապահության և սոցիալական ծառայության աշխատողների շրջանում նրանց անհամաչափ ներկայացվածության պատճառով: Ամբողջ աշխարհում առողջապահության և սոցիալական ծառայության աշխատողների շուրջ 70 տոկոսը կանայք են: Շատերը մանկաբարձներ, բուժքույրեր կամ համայնքի առողջապահական ոլորտի աշխատողներ են, այսինքն ունեն դերեր, որոնք նրանց դնում են ցանկացած հիվանդության բռնկման առաջնագծում: Կանանց և աղջիկների համար ռիսկերը մեծանում են նաև այն դեպքում, երբ առողջապահական համակարգերը շեղում են ռեսուրսները սեռական և վերարտադրողական առողջության պահպանությունից` համաճարակին արձագանքելու համար, և բուժծառայությունները սկսում են գերծանրաբեռնվել համաճարակի ճնշման տակ:

»
Հղի կանայք ռիսկային խմբում են
Համավարակը հատկապես անհանգստացնող գործոն է այն կանանց համար, ովքեր հղի են և ունեն մշտական առողջապահական ծառայությունների կարիք: ՄԱԲՀ-ը ուշադրություն է հրավիրում այն խնդրին, որ կորոնավիրուսի հետևանքով շատ կլինիկաների փակվելն ու կիրառվող սահմանափակումները կանանց զրկում են հղիությանը հետևելու նպատակով բժշկին պարբերաբար այցելելու հնարավորությունից, ինչը լուրջ վտանգներ է առաջացնում նրանց առողջության համար:

ԹՎԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի սկզբից Հայաստանում կորոնավիրուս ախտորոշվել է 271 հղի կանանց մոտ։ Հղիների շրջանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել։
Առայժմ շատ քիչ են տվյալները, թե հիվանդությունն ինչպես է անդրադառնում ծննդկանի ու պտղի առողջության վրա, սակայն ԱՀԿ փորձագետները՝ մատնանշելով մի շարք հետազոտությունների արդյունքները, փաստում են, որ նոր կորոնավիրուսով հղի կանանց մոտ առավել հաճախ են լուրջ բարդություններ առաջանում։ Նրանք առավել շատ են հոսպիտալացման ու արհեստական շնչառության կարիք զգում։ Կարևոր է ապահովել, որ կասկածելի, հավանական կամ հաստատված COVID-19-ով վարակված բոլոր հղի կանայք առաջնահերթորեն օգտվեն որակյալ առողջապահական ծառայություններից:

Առավել մանրամասն
Made on
Tilda