Կանայք համավարակի դեմ պայքարի առաջնագծում
Կին բուժաշխատողներին նվիրված «Բուժաշխատողները՝ հանուն աշխարհի» արձանը՝ Լատվիայի ազգային արվեստի թանգարանում
«Նայե՛ք ձեր շուրջը և կտեսնեք, որ COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարում կանայք կազմում են առաջնագծում կռվողների մեծ մասը: Նրանք հոգ են տանում հիվանդների, ծերերի, ընտանիքների և երեխաների մասին: Կանայք միլիոնավոր կյանքեր են փրկում `միաժամանակ ենթարկվելով վարակվելու ավելի մեծ ռիսկի: Ամբողջ աշխարհում կանայք կազմում են բժշկական և օժանդակ անձնակազմի 70%-ը և հիվանդանոցներում բուժքույրերի 85%-ը: Բացի այդ, ամբողջ աշխարհում երկարաժամկետ խնամքի գործունեության 90%-ը և մինչև 10 անգամ ավելի շատ տնային տնտեսությունների չվճարվող աշխատանքը կատարում են կանայք: Դպրոցների և ցերեկային խնամքի կենտրոնների փակվելով՝ CՕVID-19 ճգնաժամը միայն կուժեղացնի չվճարվող խնամքի և տնային աշխատանքի ճնշումը կանանց վրա: Այդուհանդերձ, կանանց այս հիմնական ներդրումները հաճախ մնում են չճանաչված և չգնահատված, այսինքն՝ փրկելով աշխարհը` կանայք կարող են ամենաշատը տուժել»:
Ֆումզիլե Մլամբո-Նգկուկա
ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրեն
Առաջնագծի նվիրյալները
ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած օգոստոսի տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված է 5132 բուժաշխատող, որոնց թվում 1266 բժիշկ, 121 օրդինատոր, 1617 բուժքույր և 733 կրտսեր բուժաշխատող, 211 լաբորատորիաների աշխատակից, 248 կամավոր և այլն: Նրանց մեծ մասը կանայք են, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում առողջապահության ոլորտում զբաղվածների 85%-ը կանայք են:

Կորոնավիրուսը շատ ուժեղ հարված հասցրեց առաջնագծում պայքարող բժիշկներին, որոնք աշխատանքային պարտականությունների ծանրաբեռնվածությանը, գերհոգնածությանը, երկարատև սթրեսին զուգահեռ նաև ընտանիքի հանդեպ կարոտից էին նեղվում: Բացի այդ, անմիջական շփում ունենալով հիվանդների հետ՝ բժիշկներն ու բուժաշխատողները հայտնվում են առավել ռիսկային գոտում։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում կորոնավիրուսի թիրախում հիմնականում բուժքույրերն են։
Բուժաշխատողների՝ կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները
Մայիսի դրությամբ
Կորոնավիրուսային հիվանդության 2386 հաստատված դեպքից 320-ը կամ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ (բժիշկ, բուժքույր, մայրապետ)։
Հունիսի դրությամբ
14103 հաստատված դեպքերից 971-ը կամ 6.9%-ը բուժաշխատողների մոտ են արձանագրվել:
Օգոստոսի դրությամբ
40794 վարակակիրներից 2142-ը կամ 5,25%-ը բուժաշխատողներ են։
Վարակվել են 616 բժիշկ, 1119 բուժքույր ու բուժակ, 407 մայրապետ։
Ողջ աշխարհում վարակման դեպքերի մինչև 10 տոկոսը բուժաշխատողներ են: ԱՀԿ-ի գնահատականներով՝ բուժաշխատողներն առավել հաճախ վարակվում են բավարար պաշտպանական միջոցների բացակայության, երկարատև աշխատանքի և ոչ պատշաճ ախտահանման պատճառով։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրուսի առկայությունը ստուգող ՊՇՌ թեստով հաստատված COVID-19 հիվանդություն ունեցողների համամասնությունը բժշկական հաստատությունների բուժաշխատողների մոտ ամենամեծը եղել է ապրիլ ամսին, իսկ առողջության առաջնային պահպանման հաստատությունների բուժաշխատողների մոտ՝ մայիսին, այսինքն՝ երբ նրանք նոր են սկսել զբաղվել COVID-19-ով հիվանդների բուժմամբ և պաշտպանիչ հանդերձանք կրելու բավարար փորձ չեն ունեցել:

Հայաստանում վարակված բուժաշխատողների շրջանում նաև մահվան դեպքեր գրանցվեցին։
Ի դեպ
Բուժաշխատողների շրջանում վարակվածների թիվն ավելի է եղել, քան վիրուսի առկայությունը ստուգող ՊՇՌ թեստով հաստատված դեպքերը: Հայաստանում բուժաշխատողների շրջանում օգոստոսին 7-ին հրապարակված COVID-19-ի հակամարմինների առկայությունը ստուգող շճաբանական հետազոտության արդյունքների համաձայն՝

  • հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում միջինը մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում վիրուսի առկայությունը ստուգող ՊՇՌ թեստով հաստատված COVID-19-ի տարածվածությունը.
  • հիվանդանոցներում աշխատող բժիշկների շրջանում այդ տարբերությունը ավելի մեծ էր (4.0 անգամ), քան առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում (2.3 անգամ).
  • հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ էր, քան ԱԱՊ օղակի մնացած մասնագիտական խմբերում։
Աղբյուրը՝ Ampop.am
Առավել մանրամասն
Հայ բժիշկները վիրուսի հետ դեմ հանդիման

Աղբյուրը՝ Sputnik Armenia
Առաջնագծում նաև ուսուցիչներն են
Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, հանրակրթական դպրոցների ուսուցիչների գերակշիռ մասը՝ 88.8 տոկոսը, կանայք են։ Հեռավար ուսուցման ողջ ընթացքում նրանք աշխատում էին գերլարված ռեժիմով, համատեղում էին տնից աշխատանքը, ընտանիքի անդամների խնամքը, սնունդ պատրաստելը, տնային ու մաքրության կրկնապատկված հոգսերը։ Սրան էլ գումարած աշակերտների ծնողների չերևացող, բայց մշտական ներկայությունը, աշակերտների տներից լսվող խոսակցություններն ու աղմուկը, դասն ամեն պահի լքելու հնարավորությունը, հաճախ առաջացող տեխնիկական խնդիրները, որոնք պարտադրում էին ավելի զգաստ, զգոն, բարեհամբույր ու նաև լարված լինել։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով՝ հանրապետության 38 հազար ուսուցչից 32 հազարը ներգրավված են եղել հեռավար կրթության գործընթացում:

Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ուսուցիչների ծանրաբեռնվածության, սթրեսային իրավիճակում աշխատելու խնդիրն առկա է ամբողջ աշխարհում։
«Ուսուցիչներն այսօր առաջնագծում են և պատասխանատու, որ 1.5 մլրդ սովորողներ ուսումը շարունակելու հնարավորություն ունենան: Հեռավար ուսուցման անցնելու պայմաններում ուսուցիչների մեծ մասը ստիպված էր արագ և ինքնուրույն յուրացնել որակյալ ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական գործիքները, լրացուցիչ օժանդակ նյութեր ստեղծել, ինչի համար կամ չի վճարվել, կամ էլ շատ փոքր աջակցություն է ստացել։ Ուսուցիչները նաև կարևոր դեր են խաղում վիրուսի տարածումը կանխելու միջոցների մասին տեղեկությունը տարածելու հարցում՝ ապահովելով դրանով երեխաների անվտանգությունը»:
ՅՈՒՆԵՍԿՕ, Մանկավարժական կադրերի հարցերով նպատակային խմբի կոչից
«Հեռավար ուսուցումը մի յուրահատուկ զսպաշապիկ էր, մի կողմից, երեխաներին տանը պահելու, մյուս կողմից՝ ընտանիքներում ջերմ ու խաղաղ մթնոլորտ տեսնելու առումով, չէ՞ որ ամբողջ գյուղը հետևում էր մեկը մյուսին օնլայն դասերի էկրաններով: Սոցիալական հեռավորություն պահելու, հիգիենայի և ինքնամեկուսացման մասին ուսուցիչների ասածներն էլ երեխաներն անմիջապես փոխանցում էին ծնողներին»:
Տավուշի մարզի Սարիգյուղի դպրոցի տնօրեն, ավագանու անդամ
«Հեռավար դասընթացներն ընդամենը ինչ-որ մխիթարանք են, որով ստիպված են բավարարվել, և որը չի կարող փոխարինել դասապրոցեսի հետ կապված երեխաների ոգևորությանը... Բացի այդ, կան երեխաներ, որոնք կապ չունենալու պատճառով տեսադաշտից դուրս են մնում, նրանք բացարձակապես հնարավորություն չունեն մասնակցելու դասընթացներին, ես սա ճիշտ չեմ համարում»:
Կոտայքի մարզի Պտղնի գյուղի դպրոցի ուսուցչուհի, ավագանու անդամ
Առավել մանրամասն
  • Առաջնագծում նաև ուսուցիչներ են…
Հեռավար կրթության հասանելիությունը
Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի համար լուրջ մարտահրավեր էր ապահովել 1403 դպրոցներում սովորող 391 143 աշակերտների ուսումնական գործընթացը 38 167 ուսուցիչների և առկա տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ:
Հեռավար կրթությանը չեն մասնակցել՝
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ 2019-2020 ուսումնական տարվա ավարտին տեխնիկական սարքերի և համացանցի հասանելիության
բացակայության պատճառով հեռավար ուսուցմանը
չի մասնակցել սովորողների ընդհանուր թվի 15-20%-ը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ երեխաների առնվազն մեկ երրորդը զրկված է եղել հեռավար ուսուցման հնարավորությունից, երբ դպրոցները փակ էին:
Հեռավար կրթությունից դուրս մնացած երեխաներին տեխնիկական միջոցներ տրամադրեցին ինչպես պետական կառույցները, այդ թվում՝ նախարարությունը՝ Հայաստանում գործող բոլոր ՏՏ ընկերությունների համագործակցությամբ, Ազգային ժողովը, այնպես էլ միջազգային ու տեղական տարբեր կազմակերպություններ, նույնիսկ կուսակցություններ, այնուամենայնիվ խնդիրը, ըստ էության, վերջնական լուծում չի ստացել: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպել էր խորհրդատվություններ և դասեր։
Ժամանակն է վերաբացել դպրոցները
Դեռևս հուլիսին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կոչ էր արել վերաբացել դպրոցները՝ հիմնվելով մի շարք փաստարկների վրա, որոնց թվում հեռավար կրթության հասանելիության, արդյունավետության և որակի հետ ծագած հարցերն են, ուսուցիչների գերծանրաբեռնվածությունը և ծնողների աշխատանքի վերադառնալու անհրաժեշտությունը: Կազմակերպության գնահատմամբ՝ դպրոցները փակ պահելու հետ կապված ռիսկերը գերակշռում են համավարակով պայմանավորված առողջական ռիսկերին:
«Դպրոցների գործունեությունը այլևս երբեք նախկինը չի լինի: Մենք ավելի անվտանգ և բարվոք դպրոցների կարիք ունենք: Մեզ հարկավոր են ուսուցման նորարար մոտեցումներ: Անհրաժեշտ է, որ տեխնոլոգիաները ավելի հասանելի լինեն բոլոր երեխաների համար, որպեսզի վերացվի թվային անջրպետը: Սակայն նաև ժամանակն է երեխաներին վերադարձնել դեպի ուսման արահետ: Ժամանակն է վերաբացել դպրոցները»:
Հենրիետա Ֆոր
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն
Առավել մանրամասն
Ավագանիների դերը համավարակի պայմաններում
Պարետի որոշմամբ՝ ՏԻՄ համակարգը նույնպես ներառված է համավարակի դեմ պայքարում և որոշակի գործառույթներ է իրականացնում այդ ուղղությամբ:

Արտակարգ իրավիճակի կանոնների պահպանումը վերահսկելու, ախտահանման աշխատանքներ կազմակերպելու, բնակիչների շրջանում անվտանգության կանոնների մասին տեղեկություն տարածելու և բացատրական աշխատանք տանելու հարցերում նախաձեռնողական վարք և հնարամտություն են ցուցաբերում ՏԻՄ-երում ներգրավված կանայք:
«Հայաստանում հայտարարված արտակարգ դրության մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո համայնքում կազմակերպվել են վարակազերծման աշխատանքներ... Մեր համայնքում գործում է նաև օպերատիվ շտաբ, որի միջոցով պարզում ենք, թե որտեղ է առավել տարածված վարակը, և ինչ միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել... Այս ընթացքում մենք ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքներին ապահովել ենք նաև սննդով»:
Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար
«Որպես ավագանու անդամ եմ ընդգրկված օպերատիվ շտաբի կազմում, որի գործողություններն ուղղված են ստեղծված իրավիճակին համապատասխան արագ արձագանքի և գործողությունների կազմակերպմանը: Առաջին հերթին կարևորում և ապահովում ենք կապը ժողովրդի հետ, բացատրական աշխատանք և վերահսկողություն իրականացնում, որ մարդիկ առանց դիմակների դուրս չգան: Այսօր հասել ենք նրան, որ գյուղում ոչ ոք առանց ձեռնոցների և դիմակների չլինի»:
Շիրակի մարզի Առափի համայնքի ավագանու անդամ
«Սահմանված գրաֆիկի համաձայն՝ ավագանու անդամները պարբերաբար իրականացնում են շրջայցեր, հետևում համայնքի աղբահանության, փողոցների, բակերի, սպասարկման ծառայություններ իրականացնող օբյեկտների սանիտարական վիճակին, իրազեկման ակցիաները շարունակական բնույթ են կրում: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Եղեգնաձոր համայնքի փողոցներում իրականացվում են ամենօրյա ախտահանման աշխատանքներ»:



:
Եղեգնաձոր համայնքի ավագանու անդամ
«Ես միայնակ չեմ աշխատում, ոստիկանությունը նույնպես աջակցում է: Հայտարարել ենք, որ բազմամարդ միջոցառումներ չկազմակերպեն, տխրության օրերը` թաղում, քառասունք, տարի, սահմանափակ թվով մարդկանցով լինեն, սոցիալական հեռավորությունը պահպանեն... Ամեն ինչ անում ենք վարակից պաշտպանվելու համար»:
Սյունիքի մարզի Տորունիքի վարչական ղեկավար
«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունենք կամք ու հնարամտություն՝ տարբեր եղանակներով կազմակերպելու փողոցների ախտահանման աշխատանքները: Ջրցան մեքենայի հետ մեկտեղ աշխատել է նույնիսկ տրակտոր, որը շիթային ցողման եղանակով ապահովել է կենտրոնական և բանուկ փողոցների լրացուցիչ ախտահանում»:
Էջմիածնի քաղաքապետ
Առավել մանրամասն
Կանայք՝ ընտանիքի անդամների խնամքի պատասխանատուներ
Չվարձատրվող տնային աշխատանքի վրա ծախսված միջին շաբաթական ժամերը՝ ըստ սեռի և աշխատաշուկայում մասնակցության կարգավիճակի
Հետազոտությունները փաստում են
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Հայաստանի աշխատաշուկայում վարձատրության գենդերային խզվածքի և գենդերային անհավասարության վերլուծությունը» հետազոտության գնահատականներով, կանայք չվարձատրվող աշխատանքի (տնային տնտեսության և ընտանիքի խնամքի) վրա ծախսում են մինչև 3.5 անգամ ավելի շատ ժամանակ, քան տղամարդիկ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ըստ ՄԱԿ-Կանայք կառույցի հրապարակած «COVID-19-ը և խնամքի տնտեսությունը» ամփոփագրի՝ կանայք միջինը 3 անգամ ավելի շատ ընտանիքի անդամների խնամքի և տնային այլ գործերի հետ կապված չվճարվող աշխատանք են կատարում (ըստ ժամանակի), քան տղամարդիկ:
Համավարակի դեմ պայքարում կիրառված մեկուսացման միջոցները զգալիորեն ավելացրեցին կանանց ընտանիքի անդամների խնամքի, տան մաքրության և ախտահանման ապահովման, սննդի պատրաստման և տնային տնտեսության վարման հետ կապված աշխատանքների ծավալը՝ փաստում են ՄԱԿ-Կանայք կառույցի կողմից այս տարվա ապրիլ-մայիս ժամանակահատվածում Եվրոպայի և Միջին Ասիայի 10 երկրներում, այդ թվում Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Մոլդովայում, Ղազախստանում, իրականացված «Կանանց ու տղամարդկանց կյանքի և տնային տնտեսությունների վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ արագ գնահատման» արդյունքները:

Համավարակի հետևանքով ավելացած տնային չվճարվող աշխատանքների ծավալը, Աղբյուրը՝ unwoman.org
Թեև Հայաստանը գնահատմանը մասնակցած երկրների շարքում ներառված չէր, սակայն Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանների 22 երկրների փորձը ցույց է տալիս, որ համավարակի հետևանքով կանանց ծանրաբեռնվածությունը տնային գործերով ավելի շատ է աճել, քան տղամարդկանցը:



Տնից հեռավար աշխատանք կատարող կանայք համատեղում են տնային աշխատանքով ծանրաբեռնվածությունը աշխատանքային պարտականությունների հետ: Տունը դառնում է մի վայր, որտեղ պետք է համատեղել դպրոցն ու ուսումնական պրոցեսը, աշխատանքը, երեխաների խնամքը, տնային գործերը, ինչի հետևանքով էլ ավելանում է կանանց ծանրաբեռնվածությունը։


«
Նվարդ Սահակյանն անգլերեն է դասավանդում մայրաքաղաքի առաջատար կրթական հաստատություններից մեկում, որտեղ ուսումը վճարովի է, պահանջները՝ առավել խիստ։ Նա ապրում է ամուսնու և 3 տարեկան որդու հետ։ Օրական երեք դաս է անցկացնում տարբեր դասարանների հետ, ստանում երեխաների տնային աշխատանքները, ստուգում, ուղղում, յուրաքանչյուրի սխալին կամ թերացմանն առանձին արձագանքում, նոր առաջադրանքներ կազմում։ Արդյունքում օրվա ընթացքում համակարգչի դիմաց անցկացնում է 8-10 ժամ։ Ասում է՝ այս ամենին էլ գումարում է փոքր երեխայի խնամքը, սնունդ պատրաստելը, կերակրելը, տան մաքրությունը։ Լինում են օրեր, ու շատ հաճախ, որ գիշերը ժամը 3-ին, նույնիսկ 4-ին է քնում: Նրա սաների էկրանին հաճախ է հայտնվում որդին, մայրիկին խնդրում է իր հետ խաղալ կամ քնեցնել։ Նման դեպքերում ուսուցչուհին ստիպված է նախապատվությունը սաներին տալ՝ մի կողմ թողնելով սեփական երեխայի կարիքները:

»
Made on
Tilda