«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ
2020 թ. հունիս
«Հավասարության սերունդ» գլոբալ համաժողովը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականին Մեխիկոյում և Փարիզում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն տեղափոխվել է հաջորդ տարի և անցկացվելու է 2021
թվականի առաջին կեսին:

«Հավասարության սերունդ» համաժողովը քաղաքացիական հասարակության գլոբալ միջոցառում է, որը կազմակերպում է ՄԱԿ-Կանայք կառույցը՝ Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների հետ համագործակցությամբ: Համաժողովի նպատակն է նոր լիցք հաղորդել ողջ աշխարհի ֆեմինիստական և կանանց շարժումներին, համախմբել երիտասարդ առաջնորդներին, այդ թվում՝ տղամարդկանց, «Գործողությունների կոալիցիաների» շուրջ:
2020 թ. հուլիս
Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:

Կոալիցիաների առաջնորդների կազմում ընդգրկված են թվով 20 երկրներ, ՄԱԿ համակարգի մաս կազմող և միջազգային այլ կառույցներ, ինչպես նաև ոլորտում հայտնի հասարակական կազմակերպություններ։ Առաջնորդների ընտրությունը կայացվել է համապատասխան թեկնածուի թեմատիկ կոալիցիայի ոլորտում արձանագրած առաջընթացի և այլ չափանիշների հիման վրա։

«Տեխնոլոգիաների և նորարարության» թեմատիկ կոալիցիայի համար առաջնորդության իր թեկնածությունն առաջադրելիս՝ Հայաստանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթություններն` ուղղված կանանց իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտներում կանանց դերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում ՀՀ արձանագրած առաջընթացն ու հանձնառությունները։

«Տեխնոլոգիաների և նորարարության» թեմատիկ կոալիցիայի աշխատանքներն ուղղորդվելու են առաջնորդ ընտրված 3 երկրների՝ Հայաստանի, Ֆինլանդիայի և Թունիսի կողմից, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ և Հեռահաղորդակցության միջազգային միության /ITU/ հետ համագործակցությամբ։
Made on
Tilda