«ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու  համար». 16-օրյակի մեկնարկը

Ամեն տարի ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց նկատմամբ բռնությանը միակամ «Ո՛չ» ասելու համար` մասնակցելով 1991 թվականից անցկացվող Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավին:

Այն  մեկնարկում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին’ Մարդու իրավունքների միջազգային օրը:

Այս տարի ՄԱԿ-ը նշում է 16 օրյակը «ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու  համար» կարգախոսի ներքո։

Ինչպես նախորդ տարիներին, նարնջագույնը կլինի 16-օրյակի բոլոր գործողությունները միավորող առանցքային գույնը՝ հանրային ուշադրությունը սևեռելով  կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրի վրա:

Աշխարհում.

ՄԱԿ-ի տվյալներով. 

  • Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ աշխարհում մարդու իրավունքների ամենատարածված խախտումը,  որից տուժում է յուրաքանչյուր 3 կանանցից 1-ը և այդ  ցուցանիշը  գրեթե չի փոխվել վերջին տասնամյակի ընթացքում:
  • Բռնության ենթարկված կանանց միայն  40 տոկոսն է դիմում  ցանկացած տեսակի օգնություն ստանալու համար։
  •  Միջին հաշվով ամեն ժամ աշխարհում  ավելի քան 5 կին կամ աղջիկ է սպանվում իր ընտանիքի որևէ մեկի կողմից:  Սա նշանակում է՝ աշխարհում  միջին հաշվով 11 րոպեն մեկ մեկ կին կամ աղջիկ է սպանվում իր հարազատների կամ զուգընկերոջ կողմից։

Հայաստանում .

ՀՀ ոստիկանության տվյալներով.

  • 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 295 դեպք։ Նախորդ տարիներին գրանցվել են ավելի մեծ թվով  դեպքեր.  2021-ին՝ 484 դեպք, 2020-ին՝ 536 դեպք:
  • Այս տարի գրանցած 295 դեպքերի առթիվ նախաձեռնվել է 100 քրեական վարույթ, 30-ն ուղարկվել է դատարան, 70-ը՝ տարբեր հիմքերով կարճվել։
  • Ընտանեկան բռնության դեպ քեր առավել շատ գրանցվում են մայրաքաղաք Երևանում, ապա Շիրակում, Արմավիրում, Կոտայքում, Արարատում։
  • Առավել հաճախ ընտանեկան բռնության են ենթարկվում կանայք ամուսիների ու նախկին ամուսինների կողմից: Քիչ չեն դեպքերը, երբ ծնողները զավակների բռնության զոհ են դառնում և հակառակը՝ ծնողների բռնությունից տուժում են երեխաները։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալներով.

  • Այս տարվա ընթացքում Հայաստանում 10 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով.  
  • Կոալիցիայի թեժ գծին այս տարվա հունվար-օգոստոսին 4808 հեռախոսազանգ է եղել, մինչդեռ նախորդ տարիներին ողջ տարվա ընթացքում էր 4000-5000 հեռախոսազանգ լինում:
  • Եթե նախորդ տարիներին Կանանց աջակցման կենտրոնը աջակցություն էր տրամադրում միջինում 300 շահառուի, այս տարի միայն առաջին կիսամյակում արդեն օգնություն է ստացել 550 կին և երեխա:
  • Ապաստարաններում նախորդ տարիներին բնակվում էր միջինը 60-63 կին և երեխա, այս տարի առաջին կիսամյակում ապաստարանում 91 կին և երեխա է եղել:

Պատկերները ՝   «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի  ֆեյսբուքյան քարոզարշավից 

Հ.Գ.     WomenNet.am-ը միանում  է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի կողմից Ընդդեմ գենդերային բռնության #ակտիվության16օրյակի շրջանակում նախաձեռնած քարոզարշավին, որի ընթացքում «Խթանելով կանանց առաջնորդությունը՝ կանխարգելենք  կանանց նկատմամբ բռնությունը» կարգախոսի ներքո  ներկայացվելու են Հայաստանի ՏԻՄ համակարգում ներգրավված և մարզերի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ կանանց կարծիքներն ու դիրքորոշումները կանանց իրավունքների, կանանց նկատմամբ խտրականության և բռնության, կանանց #առաջնորդության և այլ հարցերի շուրջ:

 Քարոզարշավի մասին ավելին՝ https://cutt.ly/d1uTObz

Ծրագրի մասին՝ https://cutt.ly/P1umqR1