Փետրվար 16, 2023

Amnesty International-ը  Արցախում խորացող մարդասիրական աղետի մասին

 Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհն արդեն ավելի քան երկու ամիս փակ է։ Շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների, մարդասիրական աղետի մասին բարձրաձայնել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր հայտարարության մեջ՝ կոչ անելով Ադրբեջանին ու ռուս խաղաղապահ զորակազմին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը և վերջ դնել օրեցօր խորացող մարդասիրական ճգնաժամին։ 

«Վերջ դնել խորացող մարդասիրական ճգնաժամին» 

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերի համար սահմանափակված է բուժօգնության հասանելիությունը, մարդիկ մնացել են առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցների և առողջապահական օգնության, խախտված է երեխաների կրթության իրավունքը, քանի որ ադրբեջանցիների կողմից գազամատակարարման խափանումների, սննդի պակասի հետևանքով չեն գործում մանկապարտեզները, դպրոցները մասամբ են գործում։  

Բժշկական պարագաների պակասի հետևանքով հետաձգվում են պլանային վիրահատությունները, դեղորայքի բացակայությունից տուժում են հատկապես քրոնիկ հիվանդություն, հաշմանդամություն ունեցող մարդիկ։  

Երկու ամիս շարունակ ճանապարհը փակ լինելու հետևանքով Արցախում խանութներից անհետացել են թարմ միրգն ու բանջարեղենը, կաթն ու ձուն, երբ դրանք հայտնվում են, խանութի առաջ անմիջապես հերթ է առաջանում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառում են կտրոններով։  

«Յուրաքանչյուրն ամիս մեկ անգամ կարող ես գնել կես կիլոգրամ բրինձ, մակարոնեղեն, շաքարավազ ու մեկ լիտր ձեթ»,- կազմակերպության ներկայացուցիչներին պատմել են արցախցիները։  

Վկայակոչելով տեղի բուժաշխատողների և բնակիչների հետ հարցազրույցները՝ կազմակերպությունը փաստել է, որ շրջափակման հետևանքով հատկապես տուժում են ռիսկային խմբերը, այդ թվում՝ կանայք, տարեցները և հաշմանդամություն ունեցող մարդիկ։  

Բնակիչների հետ հարցազրույցների արդյունքում Amnesty International-ը պարզել է, որ կանայք հիմնականում ձգտում են ավելի շատ սնունդ տալ ընտանիքի մյուս անդամներին՝ ի վնաս իրենց: Amnesty International-ի կողմից հարցված բուժաշխատողները նշել են, որ կանանց և երեխաների շրջանում իմունային անբավարարության, անեմիայի, վահանաձև գեղձի հիվանդության և շաքարախտի վատթարացման դեպքերի զգալի աճ է արձանագրվել, ինչը սննդի պակասի ուղղակի հետևանք է:  

Նաիրա Կարապետյանը երկու երեխայի մայր է։ Amnesty International-ին պատմել է. «Ավելի քան մեկ ամիս ոչ միրգ կա, ոչ բանջարեղեն։ Ինչ ուտելիք էլ գտնեմ, առաջինը երեխաներիս եմ կերակրում, ես բավարարվում եմ ավելացածով»։ 

 «Լուրջ վտանգի տակ է դրվել մայրական առողջությունը»

 Արցախցի բուժաշխատողներն Amnesty International-ին հայտնել են հղի կանանց մոտ բարդությունների աճի մասին։ Բացի այդ, ավելացել են վիժումները և վաղաժամ ծնունդները, քանի որ ապագա մայրերը չեն կարողացել ստանալ հղիության ընթացքում իրենց անհրաժեշտ կենսական դեղամիջոցներն ու սննդանյութերը: 

Սննդի, բժշկական պարագաների ու դեղորայքի պակասի հետևանքով լուրջ վտանգի տակ է դրվել մայրական առողջությունը։  

Մելինե Պետրոսյանը Մարտակերտից է, նա հղիության ութերորդ ամսում է։  

«Ծննդատունը լեփ-լեցուն է, իսկ դեղորայք ու հիգիենայի, առաջին անհրաժեշտության պարագաներ չկան, տակդիրները, կաթնախառնուրդները չեն բավականացնում։ Հիվանդասենյակում հաճախ ցուրտ է էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով։ Վաղ ծնված երեխաների համար միայն մեկ ինկուբատոր է գործում, ստիպված են երեք անհաս երեխաներին հերթով պահել այնտեղ։ Երբ մտածում եմ, թե ինչ անկանխատեսելի բաներ կարող են լինել նման պայմաններում ծննդաբերելու դեպքում, սարսափում եմ»,- պատմել է կինը։  

Այս հաղորդումը պատրաստելու համար Amnesty International-ի ներկայացուցիչներն ունեցել են 16 հեռախոսազրույց Արցախի իշխանությունների ներկայացուցիչների, բուժաշխատողների, Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, այդ թվում՝ տարեց ու հաշմանդամություն ունեցողների։  

Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ստեփանակերտի ծննդատան նորածնային ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանը փաստել է. «Դեկտեմբերի 12-ից մինչև հիմա հանրապետության մասշտաբով ծնվել է 215 երեխա, 18-ը եղել են անհաս նորածիններ: Եթե մենք համեմատում ենք 2022 թ.-ի հետ, ապա կենդանածինների 9 տոկոսը եղել է անհաս, իսկ էս շրջանում եղել է մի փոքր աճ»։  

Բժշկուհու խոսքով՝ անհաս նորածինների թվի աճը հիմնականում կապված է հղիության բարդությունների, վաղաժամ ծննդաբերությունների հետ: Հիմնական պատճառը սթրեսն է։ Անհաս երեխաներին պահելու հատուկ պայմաններ են պետք, օրինակ՝ կայուն ջերմաստիճան։  

«Հովհարային անջատումների, գազի ընդհատումներով մատակարարման պատճառով հաճախ ունենում ենք հիպոթերմիայի խնդիր: Սա ինտենսիվ թերապիայի բաժանմունք է, այստեղ գտնվում են խնդիրներով ծնված երեխաներ, ցանկալի չէ, որ ինչ-որ հատվածում ջերմաստիճանը իջնի, քանի որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ»,- ասել է բաժանմունքի վարիչը։  

Պատրաստեց Հ. Կարապետյանը