Արփինե Երիցյան․”Հրաժարվում եմ խաղալ ուրիշների խաղի կանոններով” / մուլտիմեդիա

«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք կանանց, ովքեր հաջողությունների են հասել իրենց հասարակական, պետական կամ քաղաքական գործունեության ընթացքում՝ դրսևորելով առաջնորդական հատկանիշներ։

Իջևանի «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ հիմնադիր նախագահ Արփինե Երիցյանը մուտք գործեց հասարակական ոլորտ գիտակցված որոշման արդյունքում, երբ հասկացավ, որ այն, ինչ անում էր մինչ այդ, այլևս չի բավարարում իրեն, և ՀԿ սեկտորն է այն ոլորտը, որտեղ ուզում է ինքնադրսևորվել․

«Հիմա արդեն, տարիներ անց, ես հասկանում եմ, որ ինձ համար շատ արժեքավոր է նաև նույն գաղափարները, նույն արժեքները կրող մարդկանց հետ համախմբված լինելու գիտակցումը, զգացումը, որ դու քո երամի մեջ ես։ Այժմ, երբ զուգահեռներ եմ տանում ինքս ինձ հետ՝ մինչև ՀԿ ոլորտում հայտնվելը, մտածում եմ, որ կյանքիս մի մեծ շրջան ապրել եմ որպես սպառող, իներտ եմ եղել, կյանքին շատ նեղ դիտանկյունից եմ նայել», - ասում է Արփինեն։