«Էդգարի տունը» սահման է պահում

Երևանից հեռավոր Բնունիս տեղափոխվելու որոշումը նյութականացավ, երբ միակ որդու՝ Էդգարի զոհվելուց հետո ապրելու, առաջ նայելու ուժն ու ցանկությունը վերագտնել էր պետք։ 44-ամյա Արսինե Սահակյանը որոշել է՝ իր օրինակով պիտի ապրեցնի Նախիջևանի սահմանին թիկնած, օր օրի դատարկվող այս և շրջակա չորս գյուղերը։

Բնունիսը գտնվում է Սիսիան քաղաքից 13 կմ հեռու, ծովի մակերևույթից 1830 մ բարձրության վրա։ Փետրվարյան սառնությունից կծկված գյուղն ասես ձուլվել է ձյունից ծանրացած լեռներին։ Երեկոյացող օրվա հետ խտացող ամպերը թեթև շառագունում են արևի վերջին ժպիտից՝ աստիճանաբար վերածվելով կապտամոխրագույն ստվերների։ Գյուղում վերջին ոտնաձայներն են՝ միախառնված անասունների ցրվող մայուն-բառաչին։

Քամուց ծածանվող եռագույնը, քիչ անց դրոշին ալիքվող զինվորի ժպիտը հուշում են՝ «Էդգարի տունն» է, իսկ ծխնելույզից քուլա-քուլա բարձրացող ծուխը պատմում է ներսի ջերմության ու հյուրընկալության մասին։ Շան եռանդուն հաչոցից դռների մեջ երևում է տանտիրուհին՝ ակտիվ ու հյուրընկալ պահվածքով։

Ընդամենը տասը ամիս է՝ ինչ այստեղ է, բայց արդեն հարազատորեն կապվել է թե՛ տեղանքին, թե՛ տանը։ Հիշում է՝ երբ տեղափոխվեց, ապրելու տարրական պայմաններ չկային։ Հիմա «Էդգարի տունը» քայլ-քայլ դառնում է իր պատկերացրած հյուրատունը։

Դեռ առաջին հարկն է կարողացել քիչ թե շատ կարգի բերել, բայց այդ ընթացքում հյուրերի պակաս չի ունեցել։ Եկել են աշխարհի տարբեր անկյուններից, իր հետ հավասար հող մշակել, հաց պատրաստել, վայելել լեռնային մաքուր օդը։ Սոցիալական ցանցերից են տեղեկացել իր պատմությանը, ցանկություն հայտնել գալ, իրենց լուման ունենալ «Էդգարի տան» կայացման գործում։ Տիկին Արսինեն էլ չի զլանում ամեն անգամ նույն հարթակներում ցույց տալ, պատմել, թե ինչպես են նվիրատվությունները քիչ-քիչ կենդանություն տալիս իր և Էդգարի երազանքին․․․

Հյուրասրահում ամբողջությամբ էդգարի շունչն է։ Այստեղ որդու լուսանկարներն են, մասունքները, այն ամենը, ինչը կարող է պատմել նրա մասին։ «Սիրում էր լուսանկարչությունը, թեև որոշել էր ծառայությունից հետո սովորել մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնում, նույնիսկ սցենարներ ուներ գրած»,- պատմում է մայրը։ Պատերին նաև բնապատկերներ են, որոնք ֆիքսել է Էդգարի ֆոտոխցիկը։

«Հադրութում էր ծառայում։ Արդեն 1 տարի 8 ամիս․․․ Հունվարին պիտի զորացրվեր։ Սեպտեմբերի 27-ին իր ծննդյան 20-ամյակով պատերազմը սկսվեց։ Հոկտեմբերի 3-ին լուրը ստացանք․ ամսի 1-ին էր զոհվել՝ առաջին օրերի ամենաթեժ մարտերի ընթացքում»,- պատերազմի ծանր օրերն է հիշում Արսինեն։

Այդ ժամանակ ինքն էլ Արցախում էր․ կամավոր մեկնել էր Ստեփանակերտ՝ զինվորների համար հաց թխելու․․․

Մաքրում է կոպին ծանրացած արցունքն ու քայլերն ուղղում կից սենյակ, որը և՛ ննջասենյակ է, և՛ կարի արհեստանոց։ Շուտով դազգահներ էլ կավելանան․ գյուղի կանանց ու երեխաներին կարպետագործություն պիտի սովորեցնի։ Ու թեև այստեղ-այնտեղ զանազան կտորներ, կարի պարագաներ, ձեռքի տարաբնույթ աշխատանքներ են դարսված, ու թվում է, թե որևէ բան ավելացնելու պայմաններ չկան, ասում է՝ կտեղավորվենք։

Ինչ իրեն հիշում է, կարով ու ձեռքի աշխատանքներով է զբաղվում, դրանցով նաև ապրուստի միջոց ստեղծում։ Հիմա էլ փառատոների է մասնակցում, վաճառում նաև համացանցով։

Ամուսնանալուց հետո կիսատ էր թողել կրթությունը (ֆրանսերենի մասնագետ պիտի դառնար), զբաղվել երեխաների խնամքով ու դաստիարակությամբ․ 1997-ին դուստրը՝ Սյուզին էր լույս աշխարհ եկել, 2000-ին՝ որդին՝ Էդգարը։ 2011-ից՝ ամուսնալուծվելուց հետո, ստիպված էր ամբողջ հոգսն իր ուսերին վերցնել։

«20 տարի կամավորությամբ եմ զբաղվել տարբեր հասարակական կազմակերպություններում։ Փորձել եմ ինձ տարբեր ոլորտներում, բազմաթիվ դասընթացների եմ մասնակցել, ինքս եմ դասընթացներ վարել։ 7 տարի միջազգային ընկերությունում եղել եմ մենեջեր-մարկետոլոգ, ստացել եմ որակավորում։ Ակտիվությունս մանկուց է․ ազգագրական երգը, պարը 5 տարեկանից ուղեկցել են ինձ»,- պատմում է Արսինեն։

20 տարի վարձով բնակարանում են ապրել՝ երազելով սեփականն ունենալու մասին։ «Ընդ որում, տունը հենց սեփական պիտի լիներ՝ փոքրիկ հողակտորով, Էդգարը շատ էր սիրում այգի, հողագործություն, բնությունը նրա տարերքն էր․ իր լուսանկարներն էլ կփաստեն։ Իսկ ծառայության մեկնելուց հետո ասում էր՝ մեր տունը պիտի սահմանին մոտ լինի։ Քննարկել էինք նաև Արցախի տարբերակը»։

Խոսքը գործի վերածվեց, երբ Ֆեյսբուքում ուղիղ հեռարձակմամբ տեսավ, թե ինչ անմխիթար վիճակում է Սիսիանի Նժդեհ գյուղի դպրոցը։ Միանգամից որոշեց՝ հենց Նժդեհ պիտի տեղափոխվի։ «Տպավորություն էր, որ ես գնում եմ Նժդեհը փրկելու։ Մեկ շաբաթ հետո կոլաժ էի պատրաստել, թե ոնց պիտի զարգացնեմ գյուղը, ինչ պիտի անեմ։ Սոցիալական ձեռներեցների դպրոց կա, դարձա երրորդ սերնդի շրջանավարտ։ Որոշեցի, որ եթե ուզում եմ գյուղ տեղափոխվել, ուրեմն ավելի լավ պետք է պատկերացնեմ անելիքս։ Իսկ որպես սոցիալական ձեռներեց ես պիտի նպաստեի համայնքի զարգացմանը, խնդիրները վերհանեի»,- ասում է։

Խնդիրներին սկսեց մանրամասն ծանոթանալ, երբ արդեն տան փնտրտուքով Նժդեհում էր: Իր ապագա հյուրատունը ոչ թե Նժդեհում, այլ Բնունիսում գտավ։ Բայց դա չխանգարեց, որ մինչև առուվաճառքի իրականացումը սկսի իր ծրագրերի իրականացումը նաև Նժդեհում։

«Ֆեյսբուքով իվենթ-տուր կազմակերպեցինք, եկանք լրիվ անծանոթ մարդկանցով դարպասներ ներկելու,- պատմում է։ - Հետո էլի այցելություններ եղան։ Նժդեհի դպրոցում գրադարան բացվեց։ Լեհաստանի հայ համայնքի «Նաիրի» գիտակրթական կենտրոնի տնօրենն արձագանքեց, ինչի շնորհիվ 1500 եվրոյի շրջանակում երկու դասարան նորոգեցինք։ «Մասունք» ազգագրական համույթին հրավիրեցինք և 4 գյուղի երեխաների համար Ամանորի ուրախ միջոցառում կազմակերպեցինք»։

Ֆեյսբուքյան ակտիվ հրապարակումների միջոցով փորձում էին հիշեցնել, որ այս տարածքում էլ կյանք կա, ու առիթներ էին ստեղծում այցելություններ կազմակերպելու։ Այդպիսիք էին թոնիր վառելը, հարիսա եփելը և այլ արարողություններ։ Իսկ դրանք նաև միջոց էին տեղացիներին հուշելու, որ հենց իրենց տանը կարելի է հյուրեր ընդունել ու դրանով գումար աշխատել․ «Ես իմ օրինակով եմ փորձում փոխել մարդկանց մտածելակերպը, մարդիկ չեն հավատում, որ իրենց կյանքում կարող է դրական տեղաշարժ լինել։ Հատկապես կանայք են պասիվ, իրենք՝ իրենց առօրյա հոգսերով․․․»

Ասում է՝ երեխաներն են գյուղի ապագան, նրանց պետք է ամուր կապել իրենց ծննդավայրին։ Նրանք մեղավոր չեն, որ հեռավոր այս գյուղերում են ապրում, գոնե խմբակներ հաճախելու հնարավորություն պիտի ունենան․

«Կարողացել եմ մարդ գտնել, ով պատրաստ է օգնել, որ գյուղի դպրոցի հին շենքը նորոգենք ու դարձնենք արվեստի դպրոց, գուցե նաև կանանց համար մարզվելու հնարավորություն ստեղծենք»։

Տիկին Արսինեն պատրաստ է անվերջ խոսել իր ծրագրերից։ Դրանք բազմաթիվ են, Բնունիսն ու «Էդգարի տունը» լցրել են նրա կյանքն ու առօրյան։

Աղջիկն ամուսնացել, Եգիպտոսում է ապրում, ծնողները մայրաքաղաքում են։ Ինքն այստեղ միայնակ է, բայց մենակ գրեթե չի մնում։ Հայրն է հաճախ այցելում, օգնում շինարարական աշխատանքների հարցում։ Հարևանուհին՝ Աստղիկն էլ միշտ կողքին է՝ պատրաստակամ աջակցելու։

Հաճախակի դիրքեր էլ է բարձրանում, որդու կարոտն առնում դիրքապահ զինվորներից։ Ասում է՝ սահմանն ամուր է ոչ միայն նրանցով, այլև սահմանապահ գյուղերով։ Սահմանապահի այդ առաքելությունն ունի նաև իր «Էդգարի տունը»։

Աննա Ավետիսյան

Սիսիան