Հուլիս 28, 2023

Global Gender Gap report-2023. Հայաստանը 146 երկրներից 61-րդն է

Ողջ աշխարհում գենդերային հավասարության հասնելու համար կպահանջվի 131 տարի, փաստում է  Համաշխարհային տնտեսական ֆորումի օրերս  հրապարակված Գենդերային խզման գլոբալ զեկույցը (Global Gender Gap report-2023)։ Ինչպես հայտնի է, 2006 թվականից  ի վեր Համաշխարհային տնտեսական ֆորումը Գենդերային խզման գլոբալ ինդեքսի միջոցով  չափում է գենդերային հավասարության առկա վիճակը և առաջըթացը չորս հիմնական ոլորտներում՝ տնտեսություն, կրթություն, առողջապահություն և քաղաքականություն։

Այս տարվա զեկույցում ներառված գնահատականները հիմնված են 146 երկրների վերաբերյալ ուսումնսիրությունների վրա, որոնք փաստում են, որ  ոչ մի երկիր դեռ չի հասել գենդերային լիարժեք հավասարության։

Վարկանշային աղյուսակը 14-րդ տարին անընդմեջ գլխավորում է Իսլանդիան, որը  նաև շարունակում է մնալ միակ երկիրը, որը փակել է գենդերային խզումը  91 %-ով ։ Առաջին հնգյակում սկանդինավյան երկրներն են՝ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, նաև Նոր Զելանդիան, որոնք ունեն 80 %ից բարձր ցուցանիշներ։ Նրանց հաջորդում են ևս  չորս երկիր՝ Գերմանիան, Նիկարագուան, Նամիբիան և Լիտվան, որոնք փակել են գենդերային բացը առնվազն 80%-ով։ 

Նախորդ տարվա՝ 2022 թվականի համեմատ զեկույցի հեղինակները փոքր առաջընթաց են արձանագրել՝ 0.3 %։ Այս տարի տարբեր ոլորտներում գենդերային հավասարության ցուցանիշն ընդհանուր առմամբ գնահատվել է 68.4 %։

Զեկույցի հեղինակները նշում են, առաջընթացի նման դանդաղ տեմպերի պարագայում միայն  2154 թվականին, այսինքն 131 տարուց հետո  միայն կհասնենք տղամարդկանց ու կանանց գենդերային ամբողջական հավասարության։

Ընդ որում, քաղաքականության ոլորտում կպահանջվի 162 տարի գենդերային հավասարության հասնելու համար, տնտեսության ոլորտում գենդերային բացը լրացնելու համար կպահանջվի 169 տարի, առողջության ոլորտում կանխատեսումն անորոշ է։ Առավել մոտ է կրթության ոլորտում հավասարության հասնելը մոտ է՝ նման տեմպերի պահպանման դեպքում կպահանջվի 16 տարի։

«Վերջին տարիները գենդերային հավասարության հավասարության հասնելու առումով անհաջող էին, COVID-19 համավարակւ բացասաբար ազդեց  կանանց ու աղջիկների վրա՝ կրթության ոլորտում, աշխատաշուկայում։ Համավարակին հաջորդեցին տնտեսական և աշխարհաքաղաքական ճգնաժամերը»,-նշել է ֆորումի տնօրեն Սաադիա Զահիդին:

Ինչպես փաստում զեկույցի հեղինակները,  չնայած աշխարհում քաղաքական որոշումներ կայացնող պաշտոններ զբաղեցնող կանանց թվի աճ է գրանցվել, գենդերային հավասարության հասնելը մնում է հեռավոր նպատակ, իսկ տարածաշրջանային անհավասարությունները զգալի են: 2022 թվականի դրությամբ գլոբալ բնակչության մոտավորապես 27,9%-ը, որը համարժեք է 2,12 միլիարդ մարդու, ապրում էր կին ղեկավար ունեցող երկրներում։ Թեև այս ցուցանիշը լճացել էր 2013-2021 թթ․ ժամնակահտվածում, 2022 թվականը զգալի աճ էր գրանցվել: Խորհրդարաններում կանանց մասնաբաժինն աճել է  միջինում մինչև 22,9%: Նշանակալից առաջընթացներ են արվել նաև աշխարհում տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության առումով՝ 18 երկրներ, ներառյալ Բոլիվիան (50,4%), Հնդկաստանը (44,4%) և Ֆրանսիան (42,3%), հասել են տեղական կառավարման ոլորտում կանանց ավելի քան 40% ներկայացվածության։

Զեկույցը հատուկ անդրադարձ է կատարում ապագայի համար կարևոր  STEM  ոլորտում (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կանանց զբաղվածոթյանը, նշելով, որ եթե կանայք կազմում են ոչ STEM մասնագիտությունների ընդհանուր զբաղվածության գրեթե կեսը (49,3%), ապա  STEM-ի բոլոր աշխատողների ընդամենը 29,2%-ը, իսկ բարձր մակարդակի ղեկավարների թվում, ինչպիսիք են VP-ն և C-suite-ը, կանանց ներկայացվածությունը նվազում է համապատասխանաբար մինչև 17,8% և 12,4%:  Ինչ վերաբերում է արհեստական ինտելեկտին (AI), ապա կանանց ներկայացվածությունը այդ ոլորտում շատ դանդաղ է զարգանում՝ այսօր AI-ում աշխատողների թվում  կանայք մոտ 30% են կազմում, ինչը մոտավորապես 4 տոկոսային կետով ավելի, քան 2016 թվականին էր:

Հայաստանն առաջընթաց է արձանագրել

Զեկույցում Հայաստանը ներառված է Եվրասիա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, որտեղ գենդերային խզումը  փակված է 69%-ով։ 2006-ից ի վեր այստեղ առաջընթացը գնահատվում է 3.2 %։ Առաջընթացի նման տեմպերի պարագայում  167 տարի կպահանջվի այս տարածաշրջանում գենդերային հավասարության հասնելու համար։

Զեկույցի հեղինակների գնահատմամաբ, Հայաստանն ու Մոլդովան առավել մեծ առաջընթաց են ապահովում։ Նշենք, որ 2020 թվականի զեկույցում Հայաստանը 153 երկրների շարքում 98-րդ տեղում էր, 2021 զեկույցում՝  156 երկրներից 114-րդն էր,  2022 թվականին՝ 89 -րդն էր ։

Այս տավա զեկույցում 146 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը։ Համեմատության համար, Վրաստանը 76-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 97, Թուրքիան՝ 129, Իրանը՝ 143։ Ռուսաստանի վերաբերյալ տվյալներ այս տարվա զեկույցում ներառված չեն։

Կրթության ոլորտում Հայաստանն  առավել  առաջատար դիրք ունի. զբաղեցնում է 31 րդ տեղը, տնտեսական մասնակցության ու հնարավորությունների կատեգորիայում՝ 52-րդն է, քաղաքականության ոլորտում՝ 71-րդ տեղում։ Քաղաքականության ոլորտում առաջընթացը պայմանավորված է խորհրդարանում կանանց 35.5%-ով  ներկայացվածությամբ, թեև գործադիրում նախարարների  պաշտոններում կանանց ներկայացվածությունը դեռևս ցածր է՝ 15.4%։  Առավել ցածր ցուցանիշ Հայաստանն ունի առողջության ու գոյատևման կատեգորիայում ՝ զբաղեցնելով 139-րդ տեղը։ Պատճարը՝ պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության  հետևանքով ծնվածների սեռերի բնականոնից զգալիորեն շեղված հարաբերակցությունն է ։

Համեմատության համար նշենք, որ Մոլդովայի ու Ուկրաինայի նախարարների կաբինետի 1/5-ն են կանայք։ Ադրբեջանը շարունակում է մնալ միայն տղամարդկանցից կազմված գործադիր մարմին ունեցող երկիր։ Եվրասիա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 10 երկրներից հինգում խորհրդարանականների միայն 25 %ն են կանայք։ Մոլդովայի ու Վրաստանի կին նախագահներ ունենալու փաստն օգնել  է քաղականության ոլորտում այդ երկրների  ցուցանիշների առաջընթացին։

Պատրաստեց Հ. Կարապետյանը