Կարինե Հերիքնազյան․ «Ծնեբեկ աճեցնելու գործում նախընտրեցինք ներգրավել հատկապես կանանց»

Լոռու մարզի Սպիտակ համայնքում է բնակվում Կարինե Հերիքնազյանի և Արտաշես Կարապետյանի ընտանիքը։ Մինչև ամուսնությունը Կարինե Հերիքնազյանի մտքով անգամ չէր անցնի, որ կլինի մի գործ, որն իրեն նույնքան հոգեհարազատ կլինի, որքան իր բուն մասնագիտությունը՝ բժշկությունը։ Մանկական վերականգնողաբանը, որ սիրահարված էր իր մասնագիտությանը, միանգամից երկու նոր սեր գտավ՝ ամուսնուն և հողագործությունը:

«Առաջին հայացքից՝ բժշկությունն ու հողագործությունը ոչ մի աղերս չունեն, չէին կարող միաժամանակ հետաքրքրել ինձ, բայց շատ կարճ ժամանակ անց ես իրոք սիրեցի հողն ու դրա հետ կապված ամեն բան։ Կարծում եմ՝ դրան նպաստեցին նաև ամուսնուս սերն ու հետաքրքրությունը իր աշխատանքով, անընդհատ ինչ-որ բաներ փորձելու, պրպտելու ցանկությունը»,– ասում է Կարինեն ու կատակում՝ տասնամյակների ամուսնությունն այսօր վերածվել է կայուն գործընկերության։

Այսօր ամուսիններով ղեկավարում են Smart farm Spitak ընկերությունը։ Ասում է՝ տարվա մեջ ոչ մի հանգիստ օր չունեն, պարապ մնալ չեն սիրում, դժվարություններից էլ չեն վախենում։ Սկզբում զբաղվում էին անասնապահությամբ՝ տավարաբուծությամբ և խոզաբուծությամբ, ջերմոցներ ունեին, տարբեր մշակաբույսեր էին աճեցնում, հետո դրան գումարվեց կենսահումուսի արտադրությունը։ Այսօր արդեն, այս ամենից զատ, ընտանիքի ուշադրության կենտրոնում արժեքավոր մշակաբույսերի արտադրությունն է, և այս հարցում նրանց աջակցում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը։

Տունն ամբողջությամբ անուշահոտ է․ հյուրասենյակի սեղանին չորանում է լավանդայի (նարդոս) այս տարվա բերքի մի փոքր մասը, որից հետագայում սերմ են ստանալու։ Հենց այս հոտից սկսվեց այս ընտանիքի նոր բիզնես գաղափարը:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ամուսինս գնացել էր Ֆրանսիա և վերադարձին, որպես հուշանվեր, մի քանի փոքրիկ պարկ էր բերել՝ լցված լավանդայի չորացրած ծաղիկներով։ Հոտը շատ հավանեցի։ Սկսեցինք ուսումնասիրել այս բույսը, դրա տեսակները, աճեցնելու տարբերակները»,– հիշում է տիկին Կարինեն։

Նա մինչև հիմա խնամքով պահում է լավանդայի և ծնեբեկի առաջին սերմերի փաթեթները, որ տարիներ առաջ մեծ դժվարությամբ կարողացան գնել արտերկրից։ Հայաստանում հնարավոր չէր «մաքուր» սերմ գտնել:

«Լավանդայի 0.3 գրամանոց փոքրիկ տուփի մեջ ճիշտ 260 հատիկ սերմ կար։ Փետրվարի վերջին սերմերը մշակեցինք՝ թրջեցինք և տեղավորեցինք սառնարանում, որտեղ դրանք մնացին 2 ամիս։ Սերմերի մշակման (ստրատիֆիկացիա) այս փուլը պարտադիր է լավանդայի համար։ Հետո դրանք տեղափոխեցինք հողի խառնուրդի մեջ և դրեցինք թերմոստատի մեջ՝ աճելու։ Աճած սածիլները փոքրիկ աքցանով տեղափոխեցինք հողի մեջ։ Ի վերջո, 260 սերմից աճեցին միայն 54-ը, որոնք տեղափոխեցինք ջերմոց։ Բույսը հասուն է համարվում երկրորդ տարվանից սկսած և ապրում է 20 տարի»,– պատմում է տիկին Կարինեն։

Արժեքավոր մյուս մշակաբույսը, որի աճեցմամբ զբաղվում են այս ընտանիքում, ծնեբեկն է։ Առաջին սերմերը տարիներ առաջ նվիրել էր ծանոթներից մեկը։ Կարծր, մանր, սև հատիկները տարիներ շարունակ թափանցիկ տոպրակի մեջ սպասել էին իրենց ժամանակին:

«Ծնեբեկը Հայաստանի էնդեմիկ բույսերից է, սա նշանակում է, որ այն վայրի պայմաններում աճում է մեր տարածաշրջանում։ Այն շատ ցրտադիմացկուն, արժեքավոր բազմամյա բույս է։ Բացի այդ, շատ խնամք չի պահանջում, տանջանքն ավելի քիչ է, եկամուտը՝ ավելի շատ։ Նախևառաջ սկսեցինք կարդալ, ուսումնասիրել բույսի առանձնահատկությունները, աճեցման ցանկալի պայմանները և այլն։ Բայց անգամ այս բոլորը պահպանելու դեպքում՝ ծլունակությունը չի գերազանցում 50 տոկոսը։ Ծնեբեկի թփերը 20 տարվա կյանք ունեն և ամբողջական բերքատվության են հասնում երրորդ տարուց սկսած։ Բերք տալիս են գարնանը՝ 2.5 ամիս շարունակ անընդհատ աճելով»,– ասում է տիկին Կարինեն ու հիշում՝ առաջին բերքից հետո արդեն մտածում էին այս ուղղությունը զարգացնելու հնարավորությունների մասին։

Ասում է, որ երբ լսեց «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի մասին, երկար չերկմտեց․ արդեն ուներ պատրաստի գաղափար, որի զարգացման արհեստավարժ մակարդակի հասցնելու համար շատ արժեքավոր կարող էր լինել տրամադրվող աջակցությունը։

«Ծրագրի շրջանակում մեզ տրամադրվեցին տրակտոր, գութան, ծնեբեկի պլանտացիաները մշակելու համար նախատեսված այլ տեխնիկա, որը, իսկապես, շատ մեծ աջակցություն եղավ մեզ համար։ Դրա շնորհիվ կարողացանք տարեկան խմբաքանակը հասցնել 120 հազար սածիլի»,– պատմում է Կարինեն։

Արտադրական այս ծավալները բավարարելու համար ծնեբեկի սերմերը դեռևս ներկրվում են բացառապես արտերկրից՝ Գերմանիայից, ԱՄՆ-ից և Իսպանիայից։ Նախատեսում են առաջիկայում 3 հա ծնեբեկի պլանտացիա ունենալ, այսօր արդեն ունեն 6000 մետր։ Կարինեն ասում է՝ ծնեբեկը ոչ միայն շատ առողջարար է հենց սեզոնին, այլև հնարավոր է հիանալի սառեցնել՝ պահպանելով նրա օգտակար հատկությունները, ինչը հնարավորություն է տալիս այն ունենալ ամբողջ տարվա ընթացքում։ Առաջիկայում ամուսինները ծրագրում են նաև ծնեբեկի սառեցման գործով զբաղվել։

Ծնեբեկի մշակության գործում ներգրավված են հիմնականում կանայք։ Ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում օգնում են տղամարդիկ, բայց սեզոնին 9 կին է աշխատում ջերմոցներում:

«Կանանց արած աշխատանքը միշտ առանձնանում է իր մանրակրկիտ մոտեցմամբ։ Բացի այդ, կանանց համար գյուղական համայնքներում աշխատանք գտնելն ավելի բարդ է, իսկ այս աշխատանքը ֆիզիկապես ծանր չէ, ուստի մենք նախընտրեցինք դրա համար ներգրավել հենց կանանց, ապահովել նրանց զբաղվածությունը։ Բացի այն, որ կանայք մի քանի ամիս կայուն զբաղվածություն են ունենում, մենք նաև ջանում ենք, որ նրանք ընթացքում սովորեն, դառնան իրենց գործի պրոֆեսիոնալը, որովհետև համոզված ենք, որ կրթությունը աշխատանքի արդյունավետության գրավականն է»,– ասում է Կարինեն։

Կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող այս ընտանիքը միայն իր մասին չի հոգում։ Արդեն 6 մարզի ֆերմերների տրամադրել են ծնեբեկի սածիլներ, անհրաժեշտ ուսուցում, խորհրդատվություն և մենթորություն։ Այդ ֆերմերներն այս տարի ստացել են իրենց առաջին լիարժեք բերքը։ Ամուսինները հույս ունեն, որ շուտով իրենք գործընկերային ցանց կունենան ամբողջ Հայաստանում:

«Մեր հիմնական նպատակը մեկն է՝ սովորեցնել մարդկանց այս դժվար ապրվող երկրում համեմատաբար քիչ տանջանքով հնարավորինս մեծ շահույթ ստանալ։ Այդ հարցում ծնեբեկ աճեցնելը ամենաճիշտ որոշումն է»,– ասում է տիկին Կարինեն։

Բժշկուհի Հերիքնազյանը, որ ոչ մի օր չի թողել իր մասնագիտական աշխատանքը, մտածում է նաև իրենց աճեցրած բույսերը առողջապահության ոլորտում կիրառելու մասին:

«Ծնեբեկի պահանջարկը տարեցտարի աճում է, այն շատ օգտակար է հատկապես շաքարային դիաբետ ունեցողների համար։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ այս բույսի մասին ավելի շատ խոսենք, այն ավելի հասանելի դարձնենք տեղական շուկայում, քանի որ գաղտնիք չէ, որ ծնեբեկը բավականին թանկարժեք է։ Անհրաժեշտ ծավալների ապահովման դեպքում այն ավելի հասանելի կլինի սովորական մարդկանց համար, հատկապես՝ առողջական խնդիրներ ունեցողներին։ Ներքին շուկան բավարարելուց հետո արդեն մտածում ենք արտահանման մասին, քանի որ այսօր մեր արտադրանքով արդեն հետաքրքրվում են արտահանող ընկերություններ»,– ասում է Կարինեն։

Սոնա Մարտիրոսյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:

© 2023 Ավստրիական զարգացման գործակալություն:

Բոլոր իրավունքները պաշտպանված են.

 Արտոնագիր՝ Եվրոպական միություն

EU-GAIA ծրագրի մասին

 «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: