Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Աշխատանքային օրենսգրքում

2015 թվականից հետո առաջին անգամ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են իրականացվում։ Կառավարության նախաձեռնությամբ օրենսգրքի 266 հոդվածներից 122–ը կամ փոփոխվել են, կամ լրացվել։ Նպատակն է կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները,ինչպես նաև օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից և  փետրվարի  24-ին  ՀՀ Ազգային ժողովում  տեղի են ունեցել  խորհրդարանական լսումներ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:  Լսումների ընթացքում բացման խոսքով հանդես են եկել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) տնօրեն Ջեյմս Դե Ուիթը։ Հիմնական կարգավորումները ներկայացրել  է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նրանց թվում են նաև  կանանց աշխատանքային իրավունքներին վերաբերող փոփոխությունները։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամք ունեցող կանանց աշխատանքային իրավունքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ օրենքի փոփոխություններից մեկը վերաբերում է մանկահասակ երեխա ունեցող մայրերին։ Մասնավորպես, նախագծով հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ, այլ նաև երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը։

Այպիսով, երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի երկու տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով նախատեսվում է, որ կնոջ ցանկությամբ երեխային կերակրելու համար տրամադրվող ընդմիջումները կարող են միավորվել և միացվել հանգստի և սնվելու համար ընդմիջմանը կամ տրամադրել աշխատանքային օրվա սկզբին կամ տեղափոխել աշխատանքային օրվա վերջ՝ աշխատանքային օրվա տևողության համապատասխան կրճատումով:

«Այսինքն՝ երեխա ունեցող կանանց համար նախատեսված 30 րոպեանոց ընդմիջումները կարող են միավորվել, և կանայք հնարավորություն ունեն կամ ուշ գնալ աշխատանքի, կամ ավելի շուտ վերադառնալ աշխատանքից»,- նշում է Ռուբեն Սարգսյանը։ 

Բռնության և ոտնձգության արգելք

Նախագծում ամրագրվել է բռնության կամ ոտնձգության արգելքն աշխատանքային հարաբերություններում: Այս փոփոխությունը մշակելիս հաշվի են առնվել Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայի սկզբունքները, ինչպես նաև հետազոտություններն, ըստ որոնց  աշխատավայրում սեռական ոտնձգության դեպքեր թեև արձանագրվում են, սակայն  ընթացք չեն ստանում  և օրենքով էլ չեն կարգավորվում։

Այդ մասով օրենսգրքում Աշխատանքային օրենսգրքի հոդված 1 -ով ավելացվել է   աշխատանքային հարաբերություններում «ֆիզիկական կամ հոգեկան կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքի կամ դրա սպառնալիքի»արգելքը։ Նախատեսվում է  նաև լրացուցիչ պաշտպանության կետ սեռական ոտնձգության ենթարկված անձանց համար։

Երեխաների աշխատանքի իրավունք

Օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է երեխաների աշխատանքի իրավունքին։ Նախարարությունն առաջարկում է հստակ սահմանել` երեխաները կարող են աշխատել միայն կրթական ժամերից դուրս։ Այսպիսով, հստակեցվում են մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները։

Բացի այդ, նախատեսվել են փոփոխություններ, թե ինչ աշխատանք կարող են կատարել երեխաները։

«Բուն նպատակը նրանց առողջության, հոգեբանական վիճակի, հոգեկան առողջության պաշտպանության համար մի քանի խնդիր լուծելն է»,- նշում է փոխնախարարը։

 Կենսաթոշակառուների հետ անորոշ ժամկետով պայմանագիր

Կենսաթոշակային տարիքի անձանց համար ևս փոփոխություններ են նախատեսվում։ Նախագծով առաջարկվում է վերանայել կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները։ Մասնավորապես, ի տարբերություն գործող կարգավորումների (կնքվում են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր) առաջարկվում է իրավունք տալ գործատուին՝ կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով։

«113-րդ հոդվածում նախատեսված էր աշխատանքային պայմանագրերի լուծման հիմք, դա կենսաթոշակային տարիքի հասնելն էր։ Նախագծով նախատեսում ենք այդ հիմքը հանել, որը ևս մի երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի անձանց համար շարունակել աշխատանքը»,- ասում է փոխնախարարը։

Զինհաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամների երաշխիքներ

Սոցիալական հավելյալ երաշխիքներ են նախատեսված նաև զինհաշմանդամություն ստացած անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած, զոհված զինծառայողների ընտանիքների համար։

«Եթե տեղի է ունենում աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատում, ապա իրենց համար նախատեսվում են արտոնություններ։ Բոլոր դեպքերում, եթե հավասար պայմաններում են երկու աշխատող, որոնցից մեկն իմ նշած թիրախային խմբում է, նրան տրվում է արտոնություն և նա շարունակում է աշխատանքը»,- ընդգծում է փոխնախարարը։

Ուսումնական արձակուրդ

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կսահմանվի նոր հասկացություն՝ ուսումնական արձակուրդ: Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ նպատակն է աշխատողին հնարավորություն  տալ աշխատատեղը պահպանելով, ուսումնական արձակուրդ ձևակերպել:

«Շատ դեպքերում գործատուները դեմ չեն, որ իրենց աշխատողները գնան սովորելու, վերապատրաստվելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու: Գործատուն կարող է իր աշխատողին ուղարկել վերապատրաստման, բայց կարգավորված չեն գործատու-աշխատող հարաբերությունները։ Խաղի նոր կանոններով սահմանում ենք, թե ով ինչ պարտավորություն ունի»,- ընդգծում է փոխնախարարը։

Այսպիսով, եթե գործող օրենսդրությամբ, նման դեպքում գործատուն հարկադրված է դադարեցնել աշխատանքային հարաբերությունները, ապա նոր նախագծով գործատուն, եթե ցանկանում է, ապա կարող է պահպանել աշխատողի աշխատատեղը։

Ռուբեն Սարգսյանն անդրադարձավ նաև արձակուրդի տրամադրման կարգի փոփոխություններին։ Ամենակարևոր պայմանն այն է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր: Ըստ առաջարկվող փոփոխության՝ այժմ գործատուի համաձայնությամբ, եթե աշխատողը ևս ցանկանում է, նրա դիմումի հիման վրա տրամադրվում է արձակուրդ ավելի շուտ ժամկետում։

 «Բայց եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի»,- նշում է փոխնախարարը։

Փորձնակի ինստիտուտ

Փոփոխությունների մի խմբով նախատեսվում է կարգավորել կրթություն–աշխատաշուկա ճանապարհին առկա խնդիրները։ Մասնավորապես, նոր՝ փորձնակի ինստիտուտ է ներդրվում։

«Փորձնակներն այն քաղաքացիներն են, որոնք երկու ամիս ժամանակահատվածում անցել են աշխատանքային պրակտիկա որևէ գործատուի մոտ։ Ի տարբերություն առկա գործող մեխանիզմների՝ առանձնահատկություններ ունի>, - պարզաբանում է փոխնախարարը։

Ներկայումս որեւէ տեղ փորձնակություն (պրակտիկա) անցնելն ուղղորդում են բուհերը, իսկ առաջարկվող կարգավորումներով ուսանողը կարող է որոշել, թե որ գործատուի մոտ անցնի փորձնակություն: Սահմանվել են փորձնակության սահմանափակումները. տեւողությունը մինչեւ երկու ամիս է, յուրաքանչյուր գործատուի մոտ մեկ անգամ կարող են անցնել այդ փորձնակությունը: Շեմ է նախատեսվել, ըստ որի՝ գործատուն առնվազն 10 աշխատող պետք է ունենա, որ կարողանա մեկ հոգու եւս ընդգրկել:

Հեռավար աշխատանք

Ի դեպ, նախագծում  հեռավար աշխատանքին վերաբերող կարգավորումներ ևս կան։ Փոփոխության համաձայն, ըստ Ռուբեն Սարգսյանի, հեռավար աշխատանքը նախատեսվում է ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլրև գործատու-աշխատողի համաձայնությամբ։ Բացի այդ նշվեց, որ հեռավար աշխատանքը նաև առանձին օրենքով է կարգավորվելու։

Նախատեսվում է ևս մի կարևոր բարեփոխում՝ Արտադատական աշխատանքային վեճերի լուծման ինստիտուտի ներդրումը, ինչը հնարավորություն կտա գործատուին և աշխատողին առկա վեճերը ոչ թե հասցնել դատարան, այլ լուծել մինչ դատարան հասնելը։ «Դրանից կշահեն երկու կողմն էլ՝ խնայելով գումար, ժամանակ և նյարդեր, ամենակարևորը՝ հարաբերությունները մինչև վերջ չեն խզի»,- ընդգծում է Ռուբեն Սարգսյանը ։

***

Խորհրդարանական լսումների մասնակից  փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փոփոխություններն ընդհանուր առմամբ դրական  գնահատեցին, բայց նաև բազմաթիվ առաջարկներ ու մտահոգություններ ունեին։

ՀՀ ԱԺ աշխատանքի ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հիշեցրեց,  որ  2005 թվականին ընդունված Աշխատանքային օրենսգիրքը  2 անգամ է արմատական փոփոխությունների ենթարկվել՝ 2010 և  2015 թվականներին։ Նաև նշեց, որ   ի սկզբանե արմատական փոփոխություններ չէին նախատեսվում, բայց առաջացած հարցերն ու խնդիրները փոփոխությունների մեծ ծավալի բերեցին։ Այս պահին էլ  նախագիծը լրամշակվում է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովում և բաց է առաջարկների համար։ 

Հասմիկ Հակոբյան