Փորձենք միասին հաղթահարել ուրիշի ցավին առերեսվելու դժվարությունը/ մուլտիմեդիա

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի նախագահ Լիլիթ Բաղդասարյանը տարիներ շարունակ աշխատել է կորուստ ունեցած մարդկանց հետ՝ օգնելով հաղթահարել վիշտը։ 2020 թ․–ից հետո, սակայն, մարտահրավերները փոխվեցին․ երկու տարուց ավելի է, ինչ Լիլիթն ու նրա ղեկավարած կենտրոնն աշխատում են պատերազմի հետևանքով իրենց զավակներին կորցրած ընտանիքների հետ։

«Հարազատի կորուստը մարդու կյանքի ամենածանր տրավմաներից մեկն է, հատկապես, երբ դա անսպասելի և անբնական է լինում։ Մեզ համար ակնհայտ էր, որ որդեկորույս մայրերի և ընտանիքների հետ աշխատանքը պետք է սկսել օր առաջ, սակայն խոչընդոտները շատ էին․ կային ընտանիքներ, հատկապես գյուղական համայնքներում կամ մարզերում, որոնք մինչ օրս էլ բազմաթիվ բարդույթներ ունեն՝ հոգեբանական կամ սոցիալական աջակցության համար դիմելու վերաբերյալ»,– ասում է Բաղդասարյանը։