Մարտ 07, 2023

Կանանց միջազգային օր․ «Նորարարությունն և տեխնոլոգիաները գենդերային հավասարության համար»  

ՄԱԿ-ն այս տարի Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի միջոցառումներն անցկացնում է «Թվայանացում․ Նորարարություններն և տեխնոլոգիաները գենդերային հավասարության համար»   խորագրի ներքո։

Կանանց տոնին ընդառաջ  ՄԱԿ Կանայք պաշտոնական էջում   ուշագրավ վիճակագրություն է հրապարակվել։

Այդ տվյալների համաձայն,

  • Այսօր արհեստական բանականության ստեղծման ոլորտում աշխատողների միայն 22 %-ն են կանայք։
  • Արդյունաբերության տարբեր ոլորտներում 133 արհեստական բանականության համակարգերի գլոբալ վերլուծությունը ցույց է տվել, որ 44,2%-ը ցուցաբերում է գենդերային կողմնակալություն:
  • 125 երկրների կին լրագրողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 73%-ն իրենց աշխատանքի ընթացքում ենթարկվել է առցանց բռնության:

« Համագարկիչների օգրագործման վաղ շրջանից մինչև վիրտուալ իրականության և արհեստական ինտելեկտի ներկայիս դարաշրջանը կանայք մեծ ներդրում են ունեցել թվային աշխարհում։ Նրանց ձեռքբերումներն եղել են հակասական մի ոլորտում, որը պատմականորեն չի ողջունել ու գնահատել նրանց»,-ասված է ՄԱԿ պաշտոնական կայքում։

Այսօր թվային տեխնոլոգիաների հասանելիության խնդիրը գենդերային խզումը թույլ չի տալիս կանանց դրսևորել իրենց ներուժը։ STEM ոլորտում (Science, technology, engineering և mathematics / Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա»)  կրթության  ու կարիերայի մեջ նրանց ոչ բավարար ներկայությունը խոչընդոտում է տեխնիկական գծագրման ու կառավարման ոլորտում նրանց մասնակցությունը։

Իսկ համացանցում իրավական պաշտպանության միջոցների բացակայության պայմաններում գենդերային բռնության  համատարած սպառնալիքը ստիպում է շատ կանանց լքել թվային աշխարհում իրենց զբաղեցրած տարածքը։

Միաժամանակ թվային տեխնոլոգիաները նոր դռներ են բացում կանանց ու աղջիկների հզորացման համար, թվային դարաշրջանը աննախադեպ հնարավորություն է վերացնելու անհավասարության և խտրականության բոլոր ձևերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքով,  տեխնոլոգիաների ոլորտ կանանց մուտքի խթանումն անհրաժեշտություն է, որն օգուտ է բերելու բոլորին։

«Երբ կանանց հասանելի են առցանց առողջապահական ծառայությունները, դրանից շահում են նրանց ընտանիքներն ու համայնքները: Երբ կանայք մուտք են ստանում առցանց բանկային ծառայություններ և ռեսուրսներ, նրանք բացում են բիզնեսներ, որոնք օգուտ են բերում հասարակությանը և տնտեսությանը։ Երբ կին գիտնականներն ու տեխնոլոգները լուծում են գլոբալ խնդիրները, լուծումներ գտնելու հնարավորությունները մեծանում են», - ասել է նա։

Դիմելով առավարություններին, ակտիվիստներին և մասնավոր հատվածին ՄԱԿ-ը կոչ է անում հզորացնել թվային աշխարհն ավելի անվտանգ, ավելի ներառական դարձնելու իրենց ջանքերը։

 «Բախվելով բազմաթիվ գլոբալ ճգնաժամերի՝ մենք հնարավորություն ունենք ստեղծելու ավելի լավ ապագա ոչ միայն կանանց և աղջիկների, այլ ողջ մարդկության և Երկրի վրա կյանքի համար»,-նշում են ՄԱԿ-ում։

«Չենք կարող թույլ տալ, որ  «Սիլիկոնյան հովիտը» դառնա կանանց իրավունքների «մահվան հովիտ»

Հատկանաշական է, որ Նյու Յորքում մարտի 6-ին մեկնարկած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) 67-րդ նստաշրջանի թեման համահունչ է Կանանց միջազգային օրվա կարգախոսին։ Նստաշրջանի  ուշադրության կենտրոնում նորարարության և տեխնոլոգիաների ոլորտում գենդերային բացի վերացումն է։  Ողջ աշխարհից ԱՄՆ եկած համաժողովի մասնակիցները, որոնք կառավարությունների, քաղաքացիական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, ՄԱԿ-ի փորձագետներ, ակտիվիստներ, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կուսումնասիրեն, թե ինչպես կարելի է հասնել գենդերային հավասարության, կանանց հզորացման և կայուն զարգացման թվային դարաշրջանում: 

Հանդիպման առանցքային թեմաներից են նաև առցանց բռնությունը և կանանց և աղջիկների առջև ծառացած այլ վտանգները, ինչպես նաև տեղեկատվական դարաշրջանում որակյալ կրթության անհրաժեշտությունը:

«Պարզ մաթեմատիկա է. գիտության և տեխնոլոգիաների ոլորտում առանց մարդկության կեսի ստեղծագործական  գաղափարների իրացվում է միայն մի կեսի ներուժը»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու հիշեցրել, որ երեք մլրդ մարդ այսօր դեռ հասանելիություն չունի համացանցին, նրանց մեծամասնությունը զարգացող երկրների կանայք ու աղջիկներն են։

«Հարյուրամյակների հայրիշխանությունը, խտրականությունն ու կարծրատիպերը ստեղծել են գենդերային հսկա բաց գիտության ու տեխնիկայի ոլորտում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ  մեր աշխարհի «Սիլիկոնյան հովիտը» դառնա կանանց իրավունքների «մահվան հովիտ»»,-ասել է Գուտերեշը։

Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի նախագահ Անա Պելաեզ Նարվաեզն ընդգծել է, որ գիտության հիմնական ուղղություններից մեկը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի զարգացումն է, որն օգտագործվում է կյանքի բազմաթիվ ոլորտներում։

«Անհրաժեշտ է, որ կանայք հավասարապես ներկայացված լինեն արհեստական բանականության նախագծման և որոշումների կայացման գործում, հակառակ դեպքում կանանց նկատմամբ խտրականությունը կշարունակվի ավտոմատացված համակարգերում, որոնք մեծապես որոշելու են մեր ապագան», - ասել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Ա. Գուտերեշը մատնացույց է արել երեք քայլ, որոնք կօգնեն հասնել գենդերային հավասարության։ Նա կոչ է արել բարելավվել կանանց կրթությունը, խթանել նրանց մասնակցությունն ու առաջնորդությունը STEM ոլորտներում, ինչպես նաև ստեղծել անվտանգ թվային միջավայր կանանց ու աղջիկների համար։

Ի դեպ, Նյու Յորքում այս օրերին անցնող  ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին (CSW67)  ՀՀ պատվիրակությունը ղեկավարարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նստաշրջանի շրջանակում նախարարը  հանդես կգա զեկույցով, կհամակարգի Հայաստանի կողմից նախաձեռնված հարակից միջոցառումը, կմասնակցի «Գենդերային թվային բաժանումը շրջանցելու հարցում խոչընդոտների հաղթահարման և թվային դարաշրջանում կրթության խթանման առաջատար փորձը՝ գենդերային հավասարության հասնելու համար» թեմայով նախարարական կլոր-սեղանին։

Նստաշրջանին մասնակցում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, Իմփակտ Ինովացիաների Ինստիտուտի և Safe YOU բջջային հավելվածի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է։ Հանձնաժողողովի 45 անդամ երկրներն ընտրվում են տարածաշրջանների աշխարհագրական հավասար ներկայացվածության սկզբունքով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-2023 թվականների համար։

Հ. Կարապետյան