Մարտի 8.  Ներդրումներ կատարել  կանանց առաջընթացի մեջ

Այս տարի Կանանց միջազգային օրն անցնում է  «Ներդրումներ կատարե՛ք կանանց առաջընթացն արագացնելու համար» կարգախոսի ներքո։

Կարգախոսի հիմքում այն  փաստն է, որ ողջ աշխարհում գենդերային հավասարության ապահովման համար անհրաժեշտ ծախսերում տարեկան 360 միլիարդ դոլար է պակասում:

  • Այսօր աշխարհում կանանց 10,3 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, և նրանք ավելի աղքատ են, քան տղամարդիկ: Կանանց աղքատությանը վերջ դնելու լուծումները լայնորեն ճանաչված են. ներդրումներ կատարել գենդերային անհավասարության հաղթահարմանն ուղղված քաղաքականության և ծրագրերի մեջ և խթանել կանանց ակտիվությունն ու առաջնորդությունը:
  • Ավելի քան 100 միլիոն կանայք և աղջիկներ կարող են դուրս գալ աղքատությունից, եթե կառավարությունները որպես առաջնահերթություն դիտարկեն  կրթությունն ու ընտանիքի պլանավորումը, արդար և հավասար աշխատավարձերը  և ընդլայնեն սոցիալական նպաստները:

  • Մինչև 2035 թվականը կարող է ստեղծվել մոտ 300 միլիոն աշխատատեղ խնամքի ծառայություններում ներդրումների միջոցով։

  • Զբաղվածության ոլորտում գենդերային բացերի փակումը կարող է մեկ շնչին ընկնող Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) բարձրացնել աշխարհի բոլոր ռեգիոններում  20 տոկոսով:

ՄԱԿ-ը  համատեղ գործողություններ են պահանջող  հինգ ուղղություններ  է առանձնացնում․  

-Ապահովել գենդերային հավասարությունը , ինչը  ձեռնտու է բոլորին։ Կանանց առաջընթացի մեջ ներդրումներ կատարելը մարդու իրավունքների խնդիր է։

-Վերջ դնել աղքատությանը. COVID-19 համավարակի և զինված հակամարտությունների հետևանքով  2020 թվականից ի վեր լրացուցիչ 75 միլիոն մարդ է հայտնվել  ծայրահեղ աղքատության մեջ: Շտապ գործողություններ են անհրաժեշտ՝ մինչև 2030 թվականը ավելի քան 342 միլիոն կանանց և աղջիկների աղքատությունը կանխելու համար:

-Գենդերային զգայուն բյուջեներ պլանավորել։ Զինված հակամարտությունները և գնաճը կարող են հանգեցնել նրան, որ աշխարհի երկրների 75%-ը կկրճատեն պետական ​​սուբսիդիաները մինչև 2025 թվականը, ինչը բացասաբար կանդրադառնա կանանց վրա:

-Անցում կատարել դեպի կանաչ տնտեսություն և այնպիսի  հասարակություն, որը հոգ է տանում բոլորի մասին։ Ներկայիս տնտեսական համակարգը անհամաչափ բացասական ազդեցություն ունի կանանց վրա։

-Աջակցել փոփոխություններն առաջնորդող կանանց: Չնայած լայնածավալ ջանքերին՝ ֆեմինիստական ​​կազմակերպությունները ստանում են զարգացման նպատակներին ուղղված պաշտոնական օգնության միայն 0,13%-ը։

Միացե՛ք Կանանց միջազգային օրվա միջոցառումներին՝ օգտագործելով #InvestInWomen հեշթեգը:

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  68-րդ նստաշրջանը  (CSW68) , որն այս տարի  կայանալու է  մարտի 11-22-ը, անդրադառնալու է  գենդերային հավասարությունը և կանանց հզորացումն արագացնելու հիմնախնդիրներին՝ դիտարկելով դրանք աղքատության հաղթահարման , ինստիտուտների  ուժեղացման ու ֆինանսավորման համատեքստում:

Նստաշրջանի ընթացքում  կառավարությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները , փորձագետներն ու ակտիվիստներն ամբողջ աշխարհից կփորձեն  համաձայնեցնել գործողությունների ներդրումների շուրջ, որոնք կարող են վերջ դնել կանանց աղքատությանը և առաջ մղել գենդերային հավասարությունը: