Հոկտեմբերի 15-ը Գյուղաբնակ կանանց միջազգային օրն է: ՄԱԿ–ի պաշտոնական օրացույցում այն ամրագրվել է 2007 թվականից՝ հաշվի առնելով գյուղի կանանց կարևոր դերն ու ներդրումը գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման, պարենային անվտանգության ապահովման, աղքատության և սովի վերացման գործում։
Այս տարի օրվա թեման նվիրված է գյուղաբնակ կանանց դերին բոլորի համար առողջ սննդի աճեցնելու գործում։ Թեմային համահունչ է WomenNet.am -ի նախաձեռնած «Կանայք կանաչ գյուղատնտեսության մեջ» քարոզարշավը, որն անցկացվում է EU-GAIA ծրագրի շրջանակում Ավստրիական զարգացման գործակալության հետ միասին։ Քարոզարշավը նպատակ ունի ներկայացնել հանրությանը Հայաստանի կանանց հաջողված փորձը կանաչ գյուղատնտեսությունում և նպաստել կանանց մասնակցության ընդլայնմանը կանաչ տեխնոլոգիաների և գիտության վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման գործում:
Քարոզարշավի նյութերը հասանելի են մեր կայքում այստեղ․
https://womennet.am/category/women-in-green-agriculture/
EU-GAIA ծրագրի մասին
«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: