«Ես հաջողել եմ, շարունակի՛ր հաջողությունը»

Կանանց դերը կանաչ գյուղատնտեսության զարգացման գործում նշանակալի է

 «Ես հաջողել եմ, շարունակի՛ր հաջողությունը». այս կարգախոսի ներքո ամփոփվեց «Կանայք կանաչ գյուղատնտեսության մեջ» քարոզարշավը, որն այս տարի իրականացվել էր «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։ Քարոզարշավը նպատակ ուներ արժևորել գյուղի կանանց դերն ու նրանց ներդրումը կանաչ գյուղատնտեսության զարգացման մեջ: Դեկտեմբերի 15-ին Երևանում կայացած ամփոփիչ միջոցառումը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության և Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանցի համատեղ ջանքերով։ Միջոցառմանը մասնակցել էին ՀՀ կառավարության, Հայաստանում Ավստրիայի դեսպանատան, Եվրոպական միության և EU-GAIA ծրագրի ներկայացուցիչներ, ծրագրի կին շահառուներ և կանաչ գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասած այլ կին ձեռնարկատերեր։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ՝ Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը, Երևանում Ավստրիայի դեսպանատան կողմից՝ տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, Ավստրիական զարգացման գործակալությունից՝ "ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը" ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անդամ, Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսն իր խոսքում նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում կանանց մասնակցությունը զգալի տոկոս է կազմում, բայց կանանց ներուժը դեռևս  ամբողջովին չի օգտագործվում:

– Եվրոպական միության առաջնային նպատակներից է բարենպաստ պայմաններ ստեղծել կանանց մասնակցությունը գյուղատնտեսության մեջ ընդլայնելու համար։ Կանայք մեծ ներուժ ունեն գյուղատնտեսությունը վերափոխելու, ավելի կայուն և ժամանակակից գյուղատնտեսություն և միջազգային շուկայում ավելի մրցունակ ու որակյալ արտադրանք ունենալու համար,–ասաց Անտոնիս Ցամուլիսը:

Երևանում Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը տպավորված էր գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց՝ քրտնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաջողության պատմություններով:

– Մենք ականատես ենք լինում այն հաջողված փորձին ու նորարարությանը, որը բերում են կանայք գյուղատնտեսության բնագավառում, և այդ հաջողությունները վկայում են նաև Հայաստանի համար կարևորագույն ոլորտում կանանց դերի և ազդեցության մասին», – նշեց Կլաուս Կապպերը:

Ավստրիական զարգացման գործակալության «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսն իր խոսքում կարևորեց կանանց ներգրավելու համար հավասար հնարավորությունների տրամադրումը:

– Ուրախ եմ, որ մեր ծրագրով աջակցել ենք գյուղոլորտում զբաղվող կանանց ակտիվ մասնակցությանը: Մենք ի սկզբանե որոշել էինք հաշվի առնել կանանց նշանակալի դերը գյուղատնտեսության մեջ և հավասար հնարավորություններ ապահովել մեր շահառու կանանց և տղամարդկանց համար,-նշեց Պասկալ Բոկկերսը:

Գենդերային հարցերով փորձագետ Ջինա Սարգիզովան, ներկայացնելով «Գենդերային հավասարությունը կայուն գյուղատնտեսությունում» քաղաքականության համառոտագիրը, կարևորեց կանանց ներուժն ու դերակատարումը կանաչ, կայուն գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև ընգծեց հանրությանը դա ներկայացնելու անհրաժեշտությունը։

– Մենք պետք է կարողանանք մարդկանց ցույց տալ, որ այս ոլորտում կանայք կարևոր դերակատար են, ու ոլորտի կայացման համար մեզ անհրաժեշտ է կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը՝ հավասար իրավունքներով և հնարավորություններով: Դրա համար մենք պետք է ցույց տանք այն հաջողությունները, որ կանայք կարող են ունենալ այս ոլորտում: հենց այս նպատակով էլ նախաձեռնվեց մի քարոզարշավ, որի կարգախոսն է՝ «Ես հաջողել եմ, շարունակի՛ր հաջողությունը»,-– ասաց Ջինա Սարգիզովան:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շահառու կանանց հաջողության պատմությունները, որոնք հրապրակվել են WomenNet.am կայքի  Կանայք կանաչ գյուղատնտեսությունում/Women in Green Agriculture հարթակում:

Պատմությունների  կարճ տարբերակները ամփոփված են «Կանայք կանաչ գյուղատնտեսության մեջ» գրքույկի մեջ, որը տպագրվել էր միջոցառման առիթով։

Գրքույկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Միջոցառման ընթացքում կանանց պատմությունները ներկայացրեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներ Մարիա Կրտիկաշյանը և Կարեն Մարգարյանը, ինչին հաջորդեց հարց ու պատասխան ձևաչափով քննարկումը։ Երիտասարդների հարցերին պատասխանեցին գյուղատնտեսության մեջ հաջողությունների հասած կանայք՝ պատմելով իրենց ձեռքբերումների և դժվարությունների, հեռահար ծրագրերի մասին:

EU-GAIA  ծրագրի շահառու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակվող Լենա Սարգսյանը բազմաթիվ նորարար գաղափարներ է կիրառում իրենց ընտանեկան ջերմոցային տնտեսությունում ՝ նպաստելով կանաչ գյուղատնտեսության մասին գիտելիքների տարածմանն իրենց համայնքում։ 

«Հաջողության բանալին, իմ կարծիքով, շատ աշխատելն է ու երբեք չհիասթափվել, որովհետև ընթացքում շատ դժվարություններ են լինում թե՛ կրթության և թե՛ փորձի պակասի պատճառով: Ընթացքում անընդհատ խնդիրներ են առաջանում, պարզապես չպետք է կոտրվել, դրանք միշտ էլ կլինեն, որոնց հաղթահարումն ավելացնում է մեր գիտելիքը,– ասում է Լենա Սարգսյանը։

Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Միսակյանը , ով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շահառուներից է , գյուղոլորտում ունեցած ամենակարևոր ձեռքբերումը համարում է դպրոցին կից հիմնված ինտենսիվ այգին, որը միավորում է կրթօջախի ողջ աշակերտական և ուսուցչական կազմը գյուղատնտեսություն վարելու նորարար գաղափարների շուրջ։

– Մեր դպրոցն այն սակավաթիվ դպրոցներից է, որն ունի ժամանակակից լուծումներով ինտենսիվ պտղատու այգի: Իսկ ձեռքբերումների մասին ասեմ, որ 2021 թվականից ունենք «Պատանի բնասեր» ակումբը և ունենք աշակերտներ, որոնք գիտակցում են բնության դերը մարդու կյանքում, բնապահպան են, հանդուրժողական: Ակումբի անդամները համայնքում լայն գործունեություն են իրականացնում՝ աղբավայրերը վերածելով կանաչ տարածքների, խորհուրդներ են տալիս համայնքի բնակիչներին: Համայնքի ներգրավվածությունը այդ գործում մեծ է,– ասում է Լիլիթ Միսակյանը:

Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակչուհի, EU-GAIA  ծրագրի շահառու Գոհար Ասլիկյանի բիզնես գաղափարի հիմքում դեմո՝ կարկտապաշտպան ցանցերով ու կաթիլային ոռոգմամբ հոնի պտղատու այգու հիմնումն է:

– Երբ հիմնում էինք այգին, կարևոր շեշտադրումը դրվեց կրթական բաղադրիչի վրա, այսինքն փոչձել ենք բիզնես գաղափարը զուգահեռ կրթության հետ տանել, և արդեն իսկ պայմանավորվածություն ունենք դպրոցի հետ գարնանը դասարանական այցեր իրականացնել մեր այգում, որը գյուղում թերևս առաջինն է, որ ունի կարկտապաշտպան ցանց։ Գուցե շատ երիտասարդներ կարծում են, որ գյուղատնտեսությունն անհեռանկար զբաղմունք է, բայց այս այգին ապացուցելու է, որ ցանկության դեպքում կարելի է խելացի գյուղատնտեսություն վարել, որն էլ ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի: Կարծում եմ, որ սա բազմաթիվ երիտասարդների կպահի գյուղում: Ես դա անձնապես մեծ ձեռքբերում կհամարեմ, –ասում է Գոհար Ասլիկյանը:

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի 69-ամյա Սոնիչկա Բայրամյանի հաջողության բանալին համառ աշխատասիրությունն է:

– Հասարակական կարգով միշտ իրականացրել եմ բնապահպանական գործունեություն, աշակերտներիս հետ միշտ զբաղվել եմ ծառատնկման, կանաչապատման աշխատանքներով, այդ սերն անցել է աշակերտներիս, որոնք անհամբեր սպասել են հաջորդ ծառատնկմանը: Ինչ վերաբերում է իմ բիզնեսին, ես շնորհակալ եմ ԵՄ-ին և Ավստրիական զարգացման գործակալությանը աջակցության համար: Աշխատասիրության դեպքում մարդը կհասնի ամեն ինչի, պարզապես դժվարություններից չպետք է հուսահատվել: Հաջողության գաղտնիքը աշխատանքի, այսօրվա գործը վաղվան չթողնելու մեջ է, որպեսզի կարողանաս արդյունքից հաճույք ստանաս,– ասում է EU-GAIA  ծրագրի շահառու Սոնիչկա Բայրամյանը:

- EU-GAIA ծրագրի դասընթացների ընթացքում այնքան շատ բան ենք սովորել, որ դեռևս ստացած փորձառության մի փոքրիկ մասն եմ հասցրել ջերմոցում կիրառել,- ասում է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Աննա Վիրաբյանը, ով զբաղվում է ավանդական ու ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ։

Լոռու մարզի Սպիտակ համայնքում բնակվող, EU-GAIA ծրագրի շահառու Կարինե Հերիքնազյանը ամուսնու հետ միասին ղեկավարում են Smart farm Spitak ընկերությունը։ Ծնեբեկի մշակության գործում ներգրավվում են համայնքի կանանց։

 - Կանանց արած աշխատանքը միշտ առանձնանում է իր մանրակրկիտ մոտեցմամբ։ Բացի այդ, կանանց համար գյուղական համայնքներում աշխատանք գտնելն ավելի բարդ է, իսկ այս աշխատանքը ֆիզիկապես ծանր չէ, ուստի մենք նախընտրեցինք դրա համար ներգրավել հենց կանանց, ապահովել նրանց զբաղվածությունը։ Մենք նաև ջանում ենք, որ նրանք ընթացքում սովորեն, դառնան իրենց գործի պրոֆեսիոնալը, որովհետև համոզված ենք, որ կրթությունը աշխատանքի արդյունավետության գրավականն է,– ասում է Կարինեն։

Կոտայքի մարզի Կամարիս համայնքում թռչնաբուծությամբ զբաղվող, EU-GAIA ծրագրի շահառու Արմինե Մարտիրոսյանի «Կամարիս» ընտանեկան ֆերման առաջ է շարժվում շուկայում` կանաչ և օրգանիկ գյուղատնտեսության պիոների դեր ստանձնելով համայնքում։

- Ուսումնասիրելով շուկան հասկացա, որ այս ամենը հաղթահարելու միակ լուծումը կանաչ և օրգանական գյուղատնտեսության միջոցով օրգանիկ և մաքուր սնունդ ապահովելն է։ Որոշեցինք օրգանական սերտիֆիկացված գյուղատնտեսության ճանապարհով շարժվել ։ Սկզբում, իհարկե, ակնկալիքները շատ էին, նաև պահեր են լինում, որ կոտրվում ես, եթե բիզնեսը կայուն վերելք չի ապրում, բայց ընթացքում կոփվել ու դիմանում ենք, քանի որ մեր գնորդները վստահություն ունեն մեր նկատմամբ,-ասում է Արմինեն։

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բնակվող Անի Ասատուրյանը  ջերմատուն է հիմնել EU-GAIA ծրագրի աջակցությամբ և զբաղվում է ոչ ավանդական մշակաբույսերի մշակմամբ։ 

-Շատ եմ հավանում Ավստրիական զարգացման գործակալության ծրագիրը, քանի որ այն աջակցում է ոչ միայն ֆինանսապես, այլև նպաստում դասընթացների միջոցով բիզնեսի կայացմանը և գրագետ կառավարմանը, բարձրացնում արտադրանքի, ապրանքանիշի ճանաչելիությանը՝ կազմակերպելով գյուղմթերքների փառատոներ,- ասում է Անին:

«ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA)  ծրագրի շրջանակում հավաքագրված և հրապարակված պատմությունները վկայում են ակնհայտ դրական ազդեցության  մասին, որը այն ունեցել է գյուղատնտես կանանց առաջընթացի առումով  ․

-        Կանայք, ովքեր գրաված են եղել ծրագրում դարձել են իրենց համայնքներում կանաչ գյուղատնտեսության ջատագովներ, նրանք հաճախ կիսվում են գյուղատնտեսության վարման նորարար մեթոդներով  իրենց համագյուղացիների հետ, աջակցություն ցուցաբերում սածիլներով կամ սերմերով իրենց համայնքների բնակիչներին  

-        Ծրագրի շահառուների հաջողությունը  մոտիվացնող դեր  է խաղում   իրենց համայնքներում բնակվող այլ կանանց համար

-        Նույնիսկ այն դեպքերում, երբ ծրագրի  շահառու են հանդիսացել  ընտանիքները, կանայք որոշիչ դեր են խաղում բիզնեսի կայացման և զարգացման հարցերում

-        Գրեթե բոլոր շահառու կանայք հեռահար հպատակներ  ունեն իրենց բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ

-        Ծրագրի շնորհիվ կանայք ճանաչելի են դարձել իրենց համայնքներում և հեղինակություն ձեռք  բերել որպես հմուտ գյուղատնտեսներ։

Անուշ Ներսիսյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության տեսակետները:

© 2023 Ավստրիական զարգացման գործակալություն:

Բոլոր իրավունքները պաշտպանված են.

 Արտոնագիր՝ Եվրոպական միություն

EU-GAIA ծրագրի մասին

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» (EU-GAIA) ներկայումս Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր ծրագիրն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ծրագիրն ուղղված է նպաստելու կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն կանաչ ագրոբիզնեսի զարգացմանը: