Հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել, հատկապես երիտասարդ և կրթված քաղաքացիների շրջանում։ Դրա մասին է վկայում WomenNet.am-ի հարցումը, որն իրականացվել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 60 կանանց շրջանում Երևանից և մարզերից։ Հարցման արդյունքները ցույց են տալիս ընտրողների պատրաստակամությունը մասնակցելու քվեարկությանը, սակայն դրա հետ մեկտեղ բացահայտում են այն խոչընդոտները, որոնք կարող են նվազեցնել մասնակցության մակարդակը։
Թվերը խոսուն են․ հարցվածների մոտ 80 տոկոսը նշել է, որ պատրաստվում է մասնակցել։ Ամենամեծ խումբը 19–35 տարեկան երիտասարդներն են, որոնցից շատերը մասնակցությունը համարում են քաղաքացիական պարտք։ Կոտայքից առաջին անգամ քվեարկողը նշել է․ «Ինձ համար սա քաղաքացիական պարտք է, որովհետև իմ ապագան դրանից է կախված»։ Արագածոտնից երիտասարդ կինն էլ հավելել է․ «Մեկ ձայնն էլ կարող է ինչ որ բան փոխել, և եթե դա իմ իրավունքն է, ինչո՞ւ չօգտվեմ դրանից»։
Հարցվածների կրթական մակարդակը նույնպես դեր ունի։ Հարցվածների ավելի քան 70 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, ինչը վկայում է, որ տեղեկացված ձայները կարևոր դեր կունենան ընտրատեղամասերում։ Նշանակալի է, որ ընտրություններին մասնակցելու ոգևորությունը ավելի բարձր է մարզերում, ինչը ընդգծում է գյուղական համայնքների տեսակետների կարևորությունը։ Արմավիրից մի ընտրող ասել է․ «Մասնակցում եմ, որպեսզի իմ քվեն չօգտագործվի սխալ ձևով»։
Այնուամենայնիվ, ընտրություններին մասնակցելու առումով որոշ խոչընդոտներ կան։ Աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ընտանեկան հոգսերը և քաղաքական հիասթափությունը նշվել են որպես չմասնակցելու պատճառներ։ Արմավիրից մի մայր խոստովանել է․ «Տնային հոգսերն ու երեխաների խնամքը կխանգարեն ինձ գնալ ընտրության»։ Շիրակից մեկ այլ հարցված նշել է․ «Ընտրատեղամասը չափազանց հեռու է իմ ներկայիս բնակության վայրից»։
Տեղեկատվության աղբյուրները վերաբերյալ հարցերը հաստատում են սոցիալական ցանցերի որպես առաջնային և շատ դեպքերում միակ աղբյուրի փաստը։ Սոցցանցերը գերիշխում են՝ հարցվածների 83 տոկոսը դրանք նշել է որպես հիմնական աղբյուր, հեռուստատեսությունից կամ պաշտոնական աղբյուրներից շատ առաջ։ Այս կախվածությունը թվային հարթակներից արտացոլում է քաղաքական հաղորդակցության փոփոխությունները։
«Ուսումնասիրո՞ւմ եք արդյոք կուսակցությունների ծրագրերը» հարցին պատասխանելիս շատերը նշել են, որ թերահավատորեն են մոտենում կուսակցությունների կողմից տարածվող քարոզչական նյութերին, այդ թվում ծրագրերին։ Հարցվածների 40 տոկոսը նշել է, որ ընդհանրապես չի ուսումնասիրում դրանք, իսկ 21 տոկոսը՝ միայն մասամբ։ Կոտայքից մի ընտրող ասել է․ «Ինձ համար բոլոր ծրագրերը նման են PR արշավի, այդ պատճառով չեմ ուսումնասիրում»։ Գյուղից մեկ այլ հարցված հավելել է․ «Նրանք գալիս են խոստումներով, հետո մոռանում դրանց մասին»։
Կանանց մասնակցությունը ընտրություններին կարևորել հարցվածների ճնշող մեծամասնությունը։ Հարցվածների ավելի քան 70 տոկոսը նշել է, որ դա շատ կարևոր է, ընդ որում հնչեցված պատճառների թվում ընդգծվել է հավասարության իրագործումը։ Մի շարք պատասխաններում կԿանանց մասնակցությունը կարևորվել է ոչ միայն որպես ընտրողներ, այլ նաև որպես ընտրվողներ։ Արագածոտնից երիտասարդ կինն ասել է․ «Կանայք բերում են նոր տեսակետներ և առաջնահերթություններ, որոնք հաճախ դուրս են մնում քաղաքական օրակարգից»։ Մասիսից մեկ այլ ընտրող ընդգծել է․ «Կանայք ավելի հեռատես և հայրենասեր են, նրանք ապագա սերունդների հիմնական դաստիարակողներն են»։
Ընդհանուր առմամբ, հարցումը ցույց է տալիս, որ կրթական բարձր ցենզ ունեցող և թվային հարթակներից ակտիվ օգտվող երիտասարդ կանանց մեծ մասը ՝ առաջնորդվելով քաղաքացիական պարտքով գնալու է ընտրություններին, սակայն մյուս մասը սահմափակված լինելով առօրյա հոգսերով, չեն գնա ընտրությունների։
Այս ոլորտում մարտահրավերը պարզ է․ նվազեցնել սոցիալական խոչընդոտները, ապահովել հասանելի և վստահելի տեղեկատվություն և երաշխավորել, որ կանանց ձայները ոչ միայն լսվեն, այլև գործնականում հաշվի առնվեն: Եթե այս քայլերը իրականացվեն, հարցման մեջ արտացոլված ոգևորությունը կարող է վերածվել իրական մասնակցության և ավելի ուժեղ ժողովրդավարության։
Հարցման արդյունքները հիմք են հանդիսացել «Կին ընտրողների ձայնը» քարոզարշավի համար։

Հարցումն իրականացվել լ է ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիր շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) և ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։
Այս [նյութում ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության, ՀՀ ԿԸՀ-ի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Կանադայի, Նիդերլանդների կառավարությունների և ՄԱԶԾ-ի տեսակետները։