Հունիս 05, 2026

Կանանց նկատմամբ  ատելության խոսքի դեմ պայքար․ քաղաքականության համառոտագիր

Հայաստանում իրականացված հետազոտությունների ու մշտադիտարկումների արդյունքները հաստատում են մեդիաարտադրանքում առկա կանանց կողմնակալ և խտրական լուսաբանման փաստերը,  ինչպես նաև բացահայտում թվային տիրույթում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում կանանց և հատկապես կին քաղաքական գործիչներին թիրախավորող և նրանց առաջընթացը խոչընդոտող ատելության խոսքի և առցանց բռնության, գենդերային կողմնակալության և գենդերային ապատեղեկատվության շարունակական աճի միտումներհը։

Այդ մարտահրավերները առավել տարածում են ստանում հատկապես  նախընտրական և ընտրական գործընթացների ժամանակահատվածներում՝ բացասական ազդեցություն թողնելով ինչպես կին քաղաքական գործիչների վարքագծի, այնպես էլ ընտրողների վրա՝ նվազեցնելով ընտրողների իրազեկված ընտրության հնարավորությունը, իջեցնելով քաղաքական քննարկումների որակը, հանգեցնելով հասարակության պառակտմանը և բևեռացմանը, խաթարելով ընտրությունների բնականոն ընթացքը։

Հետազոտությունների արդյունքները հիմք են ծառայել կանանց նկատմամբ  ատելության խոսքի եվ գենդերային ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված  քաղաքականության համառոտագիր մշակելու համար։

Համառոտագիրը ստեղծվել է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի (WomenNet NGO) «Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում» ծրագրի կողմից՝ «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում։

Համառոտագրի հիմնական գաղափարը հիմնված է այն փաստի վրա,  որ քաղաքական և ընտրական գործընթացներին կանանց լիարժեք մասնակցության նախապայմաններից մեկը  անվտանգ տեղեկատվական միջավայրն է, ինչը  նշանակում է՝ ավելի հավասար մրցակցություն, ավելի տեղեկացված ընտրող և ավելի վստահելի ընտրություններ։

Մինչդեռ ատելության խոսքը, գենդերային ապատեղեկատվությունը և կանանց նկատմամբ առցանց բռնությունը դարձել են լուրջ մարտահրավեր ոչ միայն կանանց քաղաքական մասնակցության, այլև ժողովրդավարական գործընթացների կայունության համար։

Քաղաքականության համառոտագրի նպատակները

–          Նվազեցնել ԶԼՄ-ներում և թվային միջավայրում կանանց նկատմամբ ատելության խոսքի, գենդերային ապատեղեկատվության և խտրականության դրսևորումները։

–          Ուժեղացնել ընտրական գործընթացներում կանանց պաշտպանությունը առցանց բռնությունից և այլ խտրական գործելակերպերից։

–          Ապահովել ընտրարշավներում կին և տղամարդ թեկնածուների ոչ խտրական և հավասարակշռված լուսաբանումը։

–          Աջակցել ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացմանը և ժողովրդավարական ինստիտուտների կայունությանը։

Ի՞նչ անել

Թվային միջավայրը դարձել է ատելության խոսքի և ապատեղեկատվության հիմնական տարածման հարթակ։ Պահանջվում է համակարգային և համապարփակ մոտեցում՝ իրավական բարեփոխումներից մինչև մեդիագրագիտության զարգացում և միջազգային համագործակցություն։

Համառոտագրի շրջանակում ներկայացված են առաջարկություններ հետևյալ ուղղություններով․

  1. Իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ
  2. Մեդիայի պատասխանատվության բարձրացում
  3. Մեդիագրագիտության զարգացում
  4. Քաղաքական և ընտրական գործընթացների պաշտպանություն
  5. Համագործակցություն միջազգային կառույցների հետ

Համառոտագրին ամբողջությամբ   կարող եք ծանոթանալ այստեղ․

«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրն իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։